Եկեք վերջացնենք ատելության, սպանության, իրար վիրավորելու, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը․ Ալեն Սիմոնյան
17:52 - 02 մարտի, 2021

Եկեք վերջացնենք ատելության, սպանության, իրար վիրավորելու, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը․ Ալեն Սիմոնյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով քաղաքական ուժերի մեկնաբանություններին, թե կառավարող ուժը վարչապետի հանրահավաքին մարդկանց մեծ թիվ ապահովելու համար օգտագործել է պետական բոլոր լծակները։ 

«Աբսուրդ կա և շատ է լինում աբսուրդ, մասնավորապես հայտարարությունների ժամին։ Օրինակ՝ մեր նախկին գործընկեր Սոֆյա Հովսեփյանը խոսում է համախմբվելու մասին, այն պարագայում, երբ միայն վերջերս տարանջատվել է այն թիմից, որի շնորհիվ հայտնվել է Ազգային ժողովում, և նույնիսկ այն ժամանակ, երբ եղել է այդ թիմում, եղել է տարանջատված։ Իհարկե, աբսուրդ է։

Երկրորդ հետաքրքիրը պարոն Միքայել Մելքումյանի և տիկին Զոհրաբյանի ելույթներն էին․ տպավորություն է, որ իրենք իրար հետ չեն շփվում։ Տիկին Զոհրաբյանն ասում է՝ պետական ողջ ռեսուրսը մինչև կոշկակար օգտագործվել է, որ մարդ բերեն հանրահավաքին։ Հաջորդը ելույթ է ունենում պարոն Մելքումյանը, որը երկու անգամ ասում է՝ պետական համակարգը չի գործում։ Հիմա գործո՞ւմ է համակարգը մինչև վերջին մարդը, թե՞ չի գործում։

Թմբուկների վերաբերյալ տիկին Զոհրաբյանը նկատողություն է անում, համացանցում նույնպես հանդիպել եմ քննադատությունների։ Դրա վերաբերյալ խոսում են այն մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում կամ ինչ է կատարվել, ինչ է իրենից ենթադրում այդ գործողությունը, որը միասնության, ուժի, համախմբվածության իմաստ ունի։ Միևնույն ժամանակ չեն խոսում այն մասին, որ բեմադրություններ են դնում, որտեղ մարդ են գնդակահարում, երգ ու պար են կազմակերպում։ Շատ երկակի ստանդարտներ են։ Ասում են՝ մարդկանց բերել են, չեմ զարմանա եթե ասեն նաև, որ հետո մարդկանց ստիպել են գոռալ՝ Նիկոլ վարչապետ, հետո քայլել են մարդկանց կողքով և մի քանի հազար մարդու ստիպել են միացնել հեռախոսի լույսերը, հետո ստիպել են գնալ տներ և պատշգամբներից ողջունել վարչապետի քայլեթը։ Չեմ զարմանա, եթե այդ մասին էլ խոսենք։

Չենք խոսում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու մասին՝ ընդդիմության երթի ժամանակ։ Նոնսենս է, այդ մասին այս ամբիոնից չեն խոսում, Հայաստանում չի եղել այդպիսի դեպք, որ ընդդիմության երթի ժամանակ հարձակում գործեն որևէ լրատվամիջոցի լրագրողի վրա։

Էլի բաներ կարող եմ ասել, բայց ուզում եմ կրկնել իմ գործընկերների կոչը։ Մենք բոլորս սիրում ենք Հայաստանը և սիրում ենք յուրովի, եկեք մեզ համար մի որոշում կայացնենք, որ մենք բոլորս պատրաստ ենք հետքայլ անել՝ հանուն ՀՀ կայունության, շահերի և հանուն այն ապագայի, որը կառուցելու ենք։ Եկեք վերջացնենք ատելության, սպանության, արյուն թափելու, իրար վիրավորելո, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել