Կարգապահական վարույթ հարուցելու շուրջ 20 դիմում է բերվել ԲԴԽ, անգամ՝ նույն դատավորի նկատմամբ երկու անգամ. պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին |1lurer.am|

12:21 - 03 մարտի, 2021

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ԲԴԽ նախագահին հարցրեց դատարանների և դատավորների անկախության մասին:

«Այսօր վեթինգ իրականացնելու միակ գործուն մեխանիզմը, իմ համոզմամբ, ԲԴԽ կողմից իրականացվող կարգապահական վարույթների միջոցով դատավորների լիազորությունների դադարեցումն է: Դուք երեկ ասացիք, որ երկու դատավորի լիազորություն է դադարեցվել, բայց չնշվեց, որ շուրջ 20 կարգապահական վարույթի հարուցման դիմում է բերվել, անգամ՝ նույն դատավորի նկատմամբ երկու անգամ: Ես գալիս եմ փաստաբանական համայնքից, մենք շատ լավ գիտենք կոնկրետ մարդկանց վարքագիծ: Երբ իմանում ենք, որ այդ դատավորները շարունակում են պաշտոնավարել, իսկ այլ դատավորների լիազորություն է դադարեցվում, ու ԲԴԽ-ն միայն նկատողությամբ է բավարարվում կոնկրետ շատ կոպիտ խախտումների դեպքում, դա չի նպաստում առողջ վեթինգի իրականացմանը»,- նշեց Գրիգորյանը:

Վարդազարյանը նշեց, որ միանշանակ համաձայն է՝ վեթինգը անհրաժեշտ է, բայց ԲԴԽ-ին և Արդարադատության նախարարությանը անհրաժեշտ է տալ ավելի լուրջ գործիքակազմ, որ կարողանան ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարել և ավելի հստակ ներկայացնել այն բոլոր վարույթները, որոնք ներկայացվում են ԲԴԽ:

«Վեթինգ անելը ինքնանպատակ չէ, և դատավորի լիազորություններ անհիմն դադարեցնելը ոչ թե կբարձրացնի դատական իշխանության կամ պետության հեղինակությունը, այլ հակառակը՝ ավելի կնվազեցնի: Դրա համար ԲԴԽ-ն որոշումներ կայացնելիս ղեկավարվում է բացառապես փաստերով և օբյեկտիվության սկզբունքով: Պատկերացրեք, որ ԲԴԽ-ն ղեկավարվի հետևյալ սկզբունքով՝ այս դատավորի մասին լավ չեն խոսում, եկեք լիազորությունները դադարեցնենք: Դա՞ ենք ուզում. միանշանակ՝ ոչ»,-նշեց Վարդազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել