Դատավորներից մեկը Ջհանգիրյանի պաշտոնավորման հետ կապված հայց է ներկայացրել Վարչական դատարան. ԲԴԽ նախագահ |armenpress.am|
13:03 - 03 մարտի, 2021

Դատավորներից մեկը Ջհանգիրյանի պաշտոնավորման հետ կապված հայց է ներկայացրել Վարչական դատարան. ԲԴԽ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Դատավորներից մեկը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պարտավորեցնելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որ դադարեցնի ԲԽԴ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները: Այս մասին հայտնեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա նախ նշեց, որ Ջհանգիրյանը կատարում է իր աշխատանքը՝ որպես ԲԴԽ անդամ, խորհրդում նրա լիազորությունների առնչությամբ հարց չկա:

«Կա ընդամենը հայց, դատավորներից մեկը պարտավորեցման հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ նախագահի, այսինքն՝ իմ դեմ, խնդրում է դատարանից, որ դատարանը պարտավորեցնի ինձ, որ ես դադարեցնեմ Ջհանգիրյանի լիազորությունները: Սպասում ենք դատարանի դատական ակտին»,-ասաց Վարդազարյանը:

Հայցադիմումի հիմնավորումներին նա ծանոթացել է, սակայն գնահատական չցանկացավ հնչեցնել:

Անդրադառնալով Ջհանգիրյանի տարիքին ու ԲԴԽ անդամի պաշտոնը ստանձնելու համապատասխանելիությանը՝ նա ասաց. «Ես գտել եմ, գտնում եմ և շարունակում եմ գտնել, որ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր ընտրել Ջհանգիրյանին՝ ԲԽԴ անդամ»,-ասաց նա ու հիշեցրեց, որ ինքը, սակայն, այդ հայտարարությունն արել է, երբ Ջհանգիրյանի թեկնածության մասին դեռ միայն խոսակցությունների մակարդակով էր խոսք գնում:

Նա նշեց, որ այն պահից, երբ Ջհանգիրյանը պաշտոնապես դարձել է ԲԴԽ անդամի թեկնածու, ինքը Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չի արել, դրսևորել է այն զսպվածությունը, որը պարտադրված է Դատական օրենսգրքով, դատավորների էթիկայի կանոններով:

Վարդազարյանը նշեց՝ գտնում է, որ նախկինում Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ում աշխատելու հետ կապված էլ եղել են բազմաթիվ խնդիրներ: Նրա պաշտոնավարման հետ կապված էլ հայց է եղել դատարանում, սակայն Հարությունյանի հրաժարականից հետո հայցվորն այդ հայցից հրաժարվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել