Քաղաքական ուժերին կոչ եմ անում միանալ, որ գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. Մարուքյան
11:49 - 05 մարտի, 2021

Քաղաքական ուժերին կոչ եմ անում միանալ, որ գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. Մարուքյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ ԱԺ վերջին քառօրյային, որտեղ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում էր ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, իսկ նստաշրջանի վերջում մեծամասնական խմբակցությունը որոշեց չընտրել Վճռաբեկ դատարանի դատավոր։ Մարուքյանի խոսքով՝ մեր երկրում, պետությունը որևէ ռեսուրս վատնելու իրավունք և շքեղություն չունի և այս գործընթացը իր համար անհասկանալի էր։ 

«Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահի հետ կապված խնդիրներին, իրենք բոլորը գիտեն, որ Ռուբեն Վարդազարյանը երբեք չի եղել իմ հերոսը, բայց ի՞նչ է ստացվում, երբ իրենք ուզում էին, որ նա լինի ԲԴԽ նախագահ, երևի մտածում էին, որ այդ մարդը պետք է իրենց հրահանգները կատարի, և բողոքի ձայն են հնչեցնում, որ կարծես թե այդ հրահանգները չեն կատարվում։ Դրա համար ենք ուզում ասել, որ այստեղ անազնիվ մոտեցում կա՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ անկախ դատական իշխանություն, թե՞ ուզում ենք ունենալ կամակատար դատական համակարգ, որից իշխանությունը գոհ կլինի»,- հավելեց Մարուքյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում կա մի ինդիկատոր՝ եթե գործադիր իշխանությունը կամ քաղաքական մեծամասնությունը քննադատում են դատական իշխանությանը, ուրեմն՝ դատական իշխանությունը լավ է աշխատել։ Մարուքյանի խոսքով՝ այս օրերին քաղաքական մեծամասնությունն իր պահվածքով ուղերձ տվեց միջազգային կառույցներին, որ այս դատական համակարգը լավ է աշխատում, որովհետև եթե վատ է աշխատում՝ գործադիրի համար է աշխատում, ուրեմն՝ գործադիրը չի բողոքում։ 

«Կհիշեք նախկինում նման բան, որ դատական իշխանության ղեկավարությանը խորհրդարանում քննադատեին, որովհետև իրենց ինչ պետք էր, անում էին։ Հիմա, եթե դրա հակառակն է, կարո՞ղ է լավ է»,- հավելեց Մարուքյանը։

Երկրորդ հանգամանքը, որին անդրադարձավ խմբակցության ղեկավարը, իր առաջարկի՝ ԳՇ պետի խնդրի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ էր։ Մարությանը նշեց, որ քաղաքական ճգնաժամը երկրում ավելի է խորացել, և դրան գումարվել է Զինված ուժերում ստեղծված ճգնաժամը, և այս իմաստով վերջինս առաջարկում է բանակին հանգիստ թողնել և գնալ ընտրությունների։

«Երեկ վարչապետի հետ ունեցել ենք հանդիպում, ուզում եմ ասել , որ ԼՀԿ-ն շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար։ Այս պահին, մեր կարծիքով, այդ լուծումը այն առաջարկն է, որը մենք արել ենք։ Մենք շարունակելու ենք դրա ուղղությամբ աշխատանքներ տանել, ես ուզում եմ կոչ անել քաղաքական ուժերին միանալ այդ առաջարկությանը, որպեսզի այս ճգնաժամը օր առաջ հանգուցալուծվի, և մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ ճանապարհը դա է՝ ճգնաժամից դուրս գալու»- եզրափակեց Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել