Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրենի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ
19:02 - 05 մարտի, 2021

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրենի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ

Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ տեղադրել էր նույն անտառտնտեսության աշխատակից Սարմեն Ղուկասյանի (հոդվածում՝ Արմեն Ղուկասյան) հարցազրույցից մի հատված, որտեղ Ղուկասյանը հայտարարել էր «կա′մ ես կմեռնեմ, կա′մ Իրինան»։ Հովհաննիսյանը այն համարել էր ֆիզիկական հաշվեհարդարի հրապարակային սպառնալիք պարունակող հայտարարություն։ 

Սարմեն (Արմեն) Ղուկասյանը, որն ահազանգել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, պատմել է, թե արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մեկնել է ռազմաճակատ, մինչև Ճամբարակ վերադառնալը զանգել է իր մանկահասակ երեխաներին, ասել, որ անտառից չոր փայտ հավաքեն՝ վառելու, տաքանալու համար։ Վերադառնալուց հետո ինքը կուտակած փայտը բերել է տուն։

«Իմ դեմ քերական գործեր են հարուցել այդ չոր փայտի համար։ Ոստիկանները եկել են, տեսել են, որ չոր փայտ է, դրանից հետո եկել են Հայանտառի տղաները, որոնք տեսան, որ փտած փայտ է։ Ինձ ասացին՝ դասավորիր փայտը, որ հասկանանք՝ քանի խորանարդ մետր փայտ է․ մոտ 3 խորանարդ մետր էր։ Հետո եկել են Ազգային պարկից, իրենք էլ տեսան, որ չոր փայտ է, բայց գործ հարուցեցին իմ վրա»,- պատմել է Ղուկասյանը։ 

Վերջինս Հովհաննիսյանին մեղադրում է, թե իրեն աշխատանքից հեռացնում են, որպեսզի անտառը ոչնչացնեն։ Ղուկասյանն ասել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս և ունի ապացույցներ։

Այնինչ Իրինա Հովհաննիսյանը սուտ է համարում Ղուկասյանի հնչեցրած մեղադրանքները։ Infocom.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ ապացույցներ ունեցող մարդը միանգամից կգնար ոստիկանություն և ոչ թե կզանգահարեր լրագրողների․

«Առհասարակ, այդ աշխատակիցը, որը հիմա անտառտնտեսությունում է աշխատում, իր կոնֆլիկտային վարքով է աչքի ընկնում, ինքն անընդհատ քրեական տարբեր գործերի մեջ է։ Ինձ համար անակնկալ չէ, որ այս անգամ էլ իմ անունն է շոշափվում։ Ձեռքից մաքուր չէ, ուղղակի մեր ոլորտը այնպես է, որ շատ դժվար է հենց գողության վրա բռնել մարդուն, մանավանդ, եթե այդ աշխատակիցն ապրում է այդ բնակավայրում՝ այն տարածքում, որը ինքն է սպասարկում»,- մանրամասնեց անտառտնտեսության տնօրենը։

Վերջինս հայտնեց, որ իրենք անընդհատ վարչական ռեսուրս են ծախսում՝ մոնիթորինգ իրականացնելու համար։ Հովհաննիսյանն ասաց, որ, իր տեղեկություններով, դատախազությունում արդեն մեկ գործ է քննվում՝ Ղուկասյանի կողմից փափուկ վառելափայտի վաճառքի փորձի վերաբերյալ։ Սա, ըստ մեր զրուցակցի, երկրորդ դեպքն է, որն արձանագրվել է մոնիթորինգային այցերի ժամանակ․

«Ղուկասյանը ագրեսիվ վարք է դրսևորել, ինքն ազնիվ չէ հարցազրույց տալու ժամանակ, իրողությունը ներկայացնում է միայն իրեն շահեկան դիրքից։ Անտառտնտեսության աշխատակիցները՝ պահպանության գծով տեղակալը և ինժեները, ուղղակի պլանային ստուգումներ են անում, երբ հայտնաբերել են այդ փափուկ վառելիքը, գնացել են իր տուն, ինքը աշխատանքային ժամին եղել է տանը, ոչ թե անտառում։ Գնացել են տուն, որպեսզի պարզեն այդ վառելափայտի ծագումը։ Ղուկասյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին և սպառնացել ֆիզիկական հաշվեհարդարով։ Այդ օրը շատ բան չեն կարողացել անել, բայց ֆիքսել են, որ բակում նույնպես 3,5 խորանարդ փափուկ վառելափայտ ունի»,- Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց Հովհաննիսյանը։ 

Աշխատակիցները վերադարձել են, իսկ ինքը՝ Հովհաննիսյանը, ելնելով աշխատակիցների ֆիզիկական անվտանգությունից, դիմել է ոստիկանություն և խնդրել սանձել այդ աշխատակցին։ Ոստիկանությունը, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, այցելել է Ղուկասյանին և իրականացրել իր պարտականությունները․

«Ի պատիվ իրենց՝ ոստիկանները շատ օպերատիվ են գործում, խնդիրներ չունենք ոստիկանության հետ։ Գնացել են, արձանագրել, ինձ ասացին, որ նյութի մեջ ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ասել, որ առանց փաստաթղթի է փայտը դուրս բերել։ Հարցազրույցում ինքը նշում է, որ պատերազմի դաշտում է եղել, ինչն ակնհայտ սուտ է․ ինքը մոբի հետ Ճամբարակում է եղել և ոչ մի փամփուշտ չի արձակել։ Դա մանիպուլյացիա է, երևի խղճահարություն առաջացնելու համար է անում»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս հավելեց, որ անձնական խնդիրներ չունի որևէ աշխատակցի հետ, քանի որ սա պետական հիմնարկ է, իրենը չէ։ Հովհաննիսյանը պատմեց, որ երբ իրեն նշանակել են անտառտնտեսության ղակավար, ինքը խոստացել է, որ այդ համակարգը աղբից պետք է մաքրի․

«Աղբ ասելով՝ նկատի ունեմ այն մարդկանց, որոնք նոր կանոնները չեն ընդունում և շարունակում են գողություն անել։  Եթե նույնսիկ իմ նախաձեռնությամբ որևէ աշխատակից  հեռացվում է աշխատանքից, դա լինում է միայն օրենքով սահմանված կարգով։ Եթե ես պայքարում եմ կորուպցիայի դեպ, ապա դա ինձ էլ է վերաբերում»,- նշեց անտառտնտեսության տնօրենը։ 

Հովհաննիսյանի խոսքով՝ ռեֆորմներ պետք է իրականացվեն, որ անկախ աշխատակցի բարեվարքությունից՝ հնարավորություն չլինի գողություն իրականացնել, սակայն մինչև այդ ռեֆորմների իրականացումը պետք է աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնց հանդեպ վստահությունը մեծ կլինի։ 

«Ամեն դեպքում այն ամենը, ինչ ինքը նշել է հարցազրույցում իմ կամ աշխատակիցների մասին, որևէ լուրջ հիմք չունի։ Ոստիկանությունից իմ հանդեպ հնչած սպառնալիքների վերաբերյալ շատ բան չեմ ակնկալում, բայց նաև չեմ վախենում, որովհետև դա մարդու բնույթն է․ եթե ասել է նման բան, չի նշանակում, որ պետք է նաև անի։ Ինքը ոչ միայն ինձ է սպառնացել, այլև բոլոր մյուս աշխատակիցներին, որոնք պատասխանտու են վերահսկողության համար․ բառացի ասել է՝ «մտնեն իմ անտառ՝ փորները կթափեմ»։ Չգիտեմ, թե ոստիկանությունն ինչպես կարձագանքի, եթե ընթացք տան՝ մենք կհամագործակցենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ 

Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ Հովհաննիսյանի հրապարակման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել Քննչական կոմիտե։ 

Լուսանկարը՝ Իրավաբնների հայկական ասոցիացիայի։ 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել