Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
10:29 - 06 մարտի, 2021

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, փոխանցում են կառավարության լրատվական ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է Բլինքենին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության` պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գրասենյակի հաղորդագրության համաձայն, որ հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը երկուստեք ընդգծել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևորությունը։

«Պետքարտուղարը շեշտեց իրավունքի գերակայության ու ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը և մեր շարունակական աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման հարցում», - ասված է հաղորդագրությունում:

«Պետքարտուղարը ողջունեց ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հասնելուն, ինչը շահեկան կլինի տարածաշրջանի բնակչության համար», - հաղորդում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսի գրասենյակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել