ԱԱԾ-ն պարզաբանում է Սյունիքում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված տեսանկարահանման փաստը
16:49 - 07 մարտի, 2021

ԱԱԾ-ն պարզաբանում է Սյունիքում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված տեսանկարահանման փաստը

Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ այդ տեսանկարահանումը կատարել են Կապանի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:

ԱԱԾ-ն ընդգծում է, որ ինչպես այս, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ, և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի:

Հաղորդագրությամբ տեղեկացվում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

«Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից», - ասված է ԱԱԾ-ի պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, որում, ըստ տելեգրամյան ալիքի, ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, տեսանկարահանում են շենքերն ու մարդկանց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել