Ճապոնիան կօգնի Հայաստանի ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում իրազեկման աշխատանքների հարցում
17:33 - 16 մարտի, 2021

Ճապոնիան կօգնի Հայաստանի ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում իրազեկման աշխատանքների հարցում

ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական շենքում 2021 թվականի մարտի 16-ին Ճապոնիայի կառավարության Grant Assistances for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ջուն Յամադան և «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Քնարիկ Դավթյանը ստորագրել են «Ականազերծման գործողությունների համար նախատեսված բժշկական օգնության և առաջին օգնության դասընթացներ» ծրագրի պայմանագիրը։ Այս մասին հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից: 
 
Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սուրեն Սահակյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կետրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք։
 
Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում են ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում, հատկապես՝ աշակերտների շրջանում, կազմակերպել առաջին բուժօգնության և ականների վտանգի իրազեկման դասընթացներ, մասնագիտացված այցելություններ ականից տուժած անձանց։
 
Ծրագրի առանցքային պարագան հատուկ կահավորված Toyota Land Cruiser մակնիշի շտապ օգնության մեքենայի ձեռքբերումն է, որի առկայությունը, ի թիվս վերոնշյալի, դժբախտ պատահարների դեպքում կապահովի ականազերծողների առաջին բուժօգնությունը, ինչը բխում է ականազերծման միջազգային չափորոշիչներից։
 
Այսպիսով, Հայաստանում հումանիտար ականազերծման կարողությունները կավելանան ժամանակակից սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով, ականային պատահարներից տուժած անձանց կընձեռնվի հնարավորություն տեղում ստանալու նախնական բուժզննում, ինչպես նաև, հարկ եղած դեպքում, տեղափոխվելու մոտակա բժշկական կենտրոն, իսկ սահմանամերձ շրջանի երեխաներին ակնդետ հասու կդառնա առաջին բուժօգնության ցուցաբերման ընթացակարգը։
 
Ծրագիրը կտևի մեկ տարի և շահառու կդառնա մոտ 40 000 անձ, որից մոտ 38 000-ը՝ աշակերտներ։

Պայամանագրի գումարը կազմում է 83 096 ԱՄՆ դոլար, որից Ճապոնիայի կառավարության ներդրումը կազմում է 75 000 ԱՄՆ դոլար, իսկ «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի ներդրումը՝ 7 800 ԱՄՆ դոլար։
 
Ներկաները բարձր են գնահատել Ճապոնիայի կառավարության օժանդակությունը ՀՀ-ում ականային վտանգի նվազեցման և դեռահասների մոտ անվտանգ վարքագծի կանոններ ձևավորելու հարցում:

Ամբողջ ծրագրի ընթացքում աշխատանքների որակի վերահսկողություն կիրականացնի հակաականային գործունեության ազգային մարմինը՝ «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել