Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ չկա հստակություն. Ալեն Սիմոնյան |1lurer.am|
12:07 - 17 մարտի, 2021

Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ չկա հստակություն. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ շատ ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանը», որ կողմ է արտահայտվել արտահերթ ընտրությունների անցկացմանը, իրականում դեմ են այդ սցենարին: «ԼՀԿ-ն գտնում է, որ ընտրություններ պետք չի անել, և կգտնի բազմաթիվ պատճառներ, որ խուսափի արտահերթ ընտրություններից՝ ուղղակի օգտագործելով այս ժամանակահատվածը՝ իր դիրքը կարևորելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը: Իսկ թե ինչու է նման պնդումներ անում, Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Լավ եմ ճանաչում գործելաոճը, ներկայացվում է մի տարբերակ, հետո փորձում են պայմանների ու պատճառների բերումով պայմանավորվածությունից, հայտարարությունից կամ իրավիճակից խուսանավել: Սա հայտնի գործելաոճ է»:

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների անցկացմանը դեմ է ընդդիմադիր կուսակցությունների մոտ 80 տոկոսը, որովհետև գիտեն՝ արտահերթ ընտրությունների արդյունքում իրենցից շատերը չեն հատի անցողիկ շեմը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հետ կապված չկա հստակություն: «Ժամկետների մասին քննարկում է տեղի ունենում, ուզում ենք, որ ժամկետները նաև ընդդիմադիր ուժերին համապատասխան լինեն»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, որ կան նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր: «Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, որ ռեյտինգային ընտրակարգը պետք է փոխվի: Հիմա մենք պետք է քննարկենք ու հասկանանք՝ որն է այսօր ավելի կարևոր, այսինքն՝ կարո՞ղ ենք ընտրությունները հետաձգել ու նոր օրենսգրքով անել, թե՞ շուտ անենք ընտրությունները՝ հին օրենսդրությամբ: Սրանք հարցեր են, որ քննարկում ենք մեր գործընկերների հետ, որոնք, ամենայն հավանականությամբ, մասնակցելու են ընտրությունների»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել