«Գիտուժ» նախաձեռնությունը ՄԻՊ-ին է ներկայացրել իր մտահոգությունները
22:00 - 24 մարտի, 2021

«Գիտուժ» նախաձեռնությունը ՄԻՊ-ին է ներկայացրել իր մտահոգությունները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։

Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը, Earlyone և Limetech ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը և The Crowdfunding Formula ընկերության համահիմնադիր Գևորգ Պողոսյանը ներկայացրել են իրենց մտահոգություններն այն նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է վերացնել գիտության պետական բյուջեից ֆինանսական հատկացումների նվազագույն շեմին վերաբերող երաշխիքը: Դա իր հերթին կարող է հանգեցնել գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվող միջոցների կրճատման։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կառավարության մարտի 11-ի նիստում որպես չզեկուզվող հարց ընդունված և ԱԺ ուղարկված նախագծերի փաթեթին: Նրանց կարծիքով՝ գիտական գործունեության բնույթը անպիսին է, որ պահանջում է պետական երկարաժամկետ հանձնառություն: Ուստի, իրական արդյունք ապահովելու համար ոչ թե պետք է օրենքով առկա երաշխիքները վերացնել, այլ հատկացվող միջոցների աճն օրենքում ամրագրել։

Արման Թաթոյանը հանդիպմանը նշել է, որ կարևոր սահմանադրական իրավունքներ են ստեղծագործական ազատությունն ու կրթության իրավունքը: Պաշտպանը նշել է, որ նախագծային լուծումները, այդ թվում՝ գիտության վերաբերելիության մասով, պետք է դառնան տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկման առարկա, և պետք է բացառվի մեխանիկական որևէ մոտեցում՝ առանց հաշվի առնելու բովանդակային հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել բարձրացրած խնդիրների լուծմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել