ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության

 |armenpress.am|
20:05 - 26 մարտի, 2021

ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության |armenpress.am|

armenpress.am: Ժնևում փետրվարի 22-ից մարտի 24-ը կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանը: ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության։

COVID-19  համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ նստաշրջանն առաջին անգամ տեղի է ունեցել ամբողջությամբ հեռավար և առցանց ձևաչափով: ՄԱԿ պատմության մեջ առաջին անգամ նաև հեռավար էլեկտրոնային քվեարկություն է անցկացվել առցանց ձևաչափով՝ ՄԻԽ բանաձևերն ընդունելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին Շվեյցարիայում Հայաստանի դեսպանութունից։

Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Իր ելույթում նախարար Այվազյանն անդրադարձավ ՄԻԽ անդամակցության առաջին տարում Հայաստանի գործունեությանը, կարևորելով ցեղասպանությունների կանխարգելման, մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիության և ատելության խոսքի դեմ պայքարի, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում սկզբունքային աշխատանքն ու դիրքորոշումները: Ներկայացվեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները, այդ թվում Թուրքիայի օժանդակությամբ օտարերկրյա ահաբեկիչների ներգրավումը: Նախարարը շեշտեց նաև զինադադարից հետո շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների, հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման և միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումների մասին: Շեշտվեց արդարության համար պայքարող Արցախի ժողովրդի՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՄԻԽ 46-րդ նստաշրջանի օրակարգում էին ռասիզմի և այլատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության, մահապատժի վերացման և մի շարք այլ հարցեր: Քննարկվել են նաև կրոնական ազատությունների, մշակութային, բնապահպանական իրավունքների խնդիրները՝  COVID-19 համավարակի համատեքստում: Մի շարք ինտերակտիվ երկխոսություններ նվիրվել են առանձին երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին: Փետրվարի 26-ին ՄԻԽ օրակարգի 2-րդ կետի ներքո Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Միշել Բաչելետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ մասնավորապես հայտնելով, որ ինքը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի իր գրասենյակը հնարավորություն ստանա մուտք գործելու Լեռնային Ղարաբաղ։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքի բոլոր խախտումները պետք է հետաքննվեն, մեղավորները պատժվեն, իսկ տուժածները փոխհատուցում ստանան։ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը նաև շեշտեց, որ բոլոր գերեվարված անձիք, պետք է պաշտպանվեն միջազգային իրավունքի համաձայն և արժանանան մարդկային վերաբերմունքի:

Միշել Բաչելետի հայտարարությանը հաջորդած ընդհանուր քննարկման ժամանակ Հայաստանը և մի շարք այլ երկրներ բարձրացրել ենն Արցախում Ադրբեջանի կողմից գերեվարված զինվորական և քաղաքակացիական անձանց իրավունքների պաշտպանության հարցը։ «Խնդրին անդրադարձել է Պորտուգալիայի ներկայացուցիչը, որը խոսել է Եվրոպական Միության անդամ քսանյոթ պետությունների, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Ալ­բանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Լիխտենշտեյնի և Հայաստանի՝ ընդհանուր առմամբ 34 երկրի անունից։ Գերիների իրավունքների պաշտպանության խնդրին առանձին անդրադարձ կատարեցին նաև մի շարք այլ երկրներ՝ ազգային կարգավիճակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունից նաև հայտնում են, որ ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության, որոնք նվիրված էին մարդու իրավուքների պաշտպանության հրատապ խնդիրներին։ 

ՄԻԽ նստաշրջանի ժամանակ Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել 53 ելույթներով՝ ներկայացնելով մեր երկրի առաջնայնությունները մարդու իրավունքների խնդիրների շուրջ: ՄԻԽ օրակարգի ընդհանուր և առանձին քննարկումներում հայկական կողմից ներկայացվել են Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումները: ՄԱԿ անդամ երկրների և կառույցների ուշադրությունը հրավիրվել է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասով պարտավորությունների չկատարման, բնիկ հայկական կրոնական ու մշակութային ժառանգության նպատակային ոչնչացման, դեպի Արցախ միջազգային կառույցների մուտքը խոչընդոտելու, տեղահանված անձանց իրավունքները ոտնահարելու ադրբեջանական քաղաքականությունը և հայերի հանդեպ իրականացվող ռասիստական, խտրական վերաբերմունքն ու ատելության սերմանումը: Ներկայացվել են մանրամասներ Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության ու վարձկան ահաբեկիչների օգտագործման վերաբերյալ։ ՀՀ կողմից անդրադարձներ են կատարվել նաև Ադրբեջանում հիմնարար ազատությունների սահմանափակման, իրավապաշտպանների հետապնդումների և սպանությունների, հայատյացության ծայրահեղ դրսևորումների վրա: Վերահաստատվել է հայկական կողմի հանձնառությունը հակամարտության խաղաղ լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի միջոցով՝ Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների հարգման ու ինքնորոշման իրավունքի հիման վրա: Վերոնշյալ հարցերի շուրջ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԻԽ շրջանակներում տարածել է մի շարք հայտագրեր, տեղեկատվական նյութեր և զեկույցներ։

ՄԻԽ հաջորդ նստաշրջանը կկայանա 2021-ի հունիսին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել