50 քաղաքացուց կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն. Տիգրան Մուկուչյան |aysor.am|
11:53 - 11 փետրվարի, 2020

50 քաղաքացուց կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն. Տիգրան Մուկուչյան |aysor.am|

aysor.am: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ, բացի հասարակական կազմակերպություններից, տեղամասերում, որպես դիտորդ, կարող են ներգրավվել նաև կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Այսինքն՝ ունենք վստահված անձինք «Այո» և «Ոչ» կողմերից ու դիտորդներ, որոնք կարող են լինել ՀԿ-ների ու կուսակցությունների ներկայացուցիչներ», - ասաց նա։

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ օրենքը սահմանում է հետևյալ կանոնակարգումը՝ «Ոչ» քարոզչական կողմ նախաձեռնելու համար նախագծին դեմ քվեարկած պատգամավորները, պատգամավորը կարող են դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական կողմ։

«7-օրյա ժամկետ կա սահմանված, եթե այդ ժամկետի ավարտին «Ոչ » քարոզչական կողմ չի գրանցվում, ապա այդ ժամկետի ավարտից հետո 50 քաղաքացիներից կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն», - ասաց նա։

Մուկուչյանն ասաց նաև, որ կարող է գրանցվել միայն մեկ «Այո» և միայն մեկ «Ոչ» քարոզչական կողմ։

Թե որքան գումար է հատկացվելու ընտրությունների համար, Մուկուչյանն ասաց, որ հիմա հաշվարկ է իրականացվում։

«Կարծում ենք՝ այն կլինի նույնը, ինչպիսին եղել է նախորդ ընտրությունների ժամանակ, գործառույթների առումով շատ տարբերություններ առկա չեն։ 2018 թվականի ընտրություններին համար մոտավոր 2,5 կամ 2,7 միլիարդ դրամ էր ծախսվել։ Կարծում եմ՝ կլինի նույնը», - ասաց ԿԸՀ նախագահը։

Մուկուչյանի խոսքով՝ հանրաքվեի դրված օրենքի կամ փոփոխության նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի մեկ-քառորդը։

Ընտրատեղամասերում տեսախցիկների առկայության հետ կապված է ԿԸՀ նախագահն ասաց, որ ժամկետը շատ կարճ է։

«Ժամկետները շատ կարճ են, դա պահանջում է բավականին մեծամասշտաբ աշխատանքներ», - ասաց նա։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, հիշեցնենք, տեղի կունենա ապրիլի 5-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել