Կընդունենք Ընտրական օրենսգրքի այն դրույթների փոփոխությունը, որոնք ավելի կպարզեցնեն ընտրական գործընթացը. Մակունց |1lurer.am|
14:24 - 05 ապրիլի, 2021

Կընդունենք Ընտրական օրենսգրքի այն դրույթների փոփոխությունը, որոնք ավելի կպարզեցնեն ընտրական գործընթացը. Մակունց |1lurer.am|

1lurer.am:  Մենք արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեցինք, որ, ըստ էության, Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները բաժանել ենք երկու մասի. մի մասը, որը վերաբերում է միայն համամասնական ընտրակարգին, մենք արդեն ԱԺ լիագումար նիստերի ընթացքում 24-ժամյա ռեժիմով ընդունեցինք, որն այս պահին նախագահի դատին է հանձնված, և առաջիկայում կտեսնենք՝ ի՛նչ տեղի կունենա կոնկրետ համամասնականի առնչությամբ: Մենք այս ընթացքում ունեցել ենք նաև խորհրդակցություններ մեր մասնագիտացված միջազգային կառույցների հետ և իրազեկել ենք այդ անելիքի կապակցությամբ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ընտրությունների գնալու են միայն ռեյտինգայինի՞ փոփոխությամբ, թե՞ Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն ստանալուց հետո այլ փոփոխություններ ևս արվելու են:

«Ինչ վերաբերում է երկրորդ հատվածին, ապա երբ կունենանք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիտարկումը, այդ ժամանակ, այո՛, կքննարկենք այդ հարցը, թե ո՛ր դրույթները կընդունվեն առաջիկա արտահերթ ընտրությունների համար, և որոնք կհետաձգվեն, դա արդեն խորհրդարանում կքննարկվի, և կորոշենք: Այս համատեքստում պետք է հաշվի առնել՝ որքանո՞վ է իրատեսական այդ փոփոխություններն իրականացնել նաև ԿԸՀ-ի կողմից, որովհետև որևէ կերպ միտում չունենք բարդացնելու գործընթացը: Եթե կլինեն դրույթներ, որոնք պրոցեսը կհեշտացնեն, որևէ խոչընդոտ չեն ստեղծի, ավելի կպարզեցնեն ընթացակարգերը, ապա կընդունենք դրանք, եթե ոչ՝ ապա կթողնենք հետագայի համար:

Մակունցը նշեց, որ բոլոր դրույթները անխտիր քննարկելի են գործընկերների հետ խորհրդարանում, եթե կլինի դրույթ, որն իրենք գտնում են, որ հենց այս պահին պետք է իրականացնել, իրենք խնդիր չեն տեսնում: 

«Լուրերի» հարցին՝ նախնական պատկերացում կա՞ արդյոք թիմի ներսում, թե ո՛ր դրույթների հնարավոր փոփոխությունը կարող է լինել մինչև արտահերթ ընտրությունները, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ խորհրդարանական գործընկերների հետ քննարկումներ եղել են համամասնական ընտրակարգի շուրջ: «Թեև 2018-ին ԲՀԿ նախընտրական ծրագրում նշված է եղել համամասնական ընտրակարգին անցնելու հանձնառության մասին, բայց նրանք նախընտրեցին այս պահին չմասնակցել քվեարկությանը: Հայտնի է նաև ԼՀԿ-ի տեսակետը: Հարգենք մեր գործընկերների դիրքորոշումը, իսկ մեր մասով պետք է ասեմ, որ դա եղել է մեր հանձնառությունը»,- նշեց նա: 

Մակունցի խոսքով՝ մյուս դրույթների մասով քննարկումներ են ունեցել ԿԸՀ նախագահի հետ, ով իր դիտարկումներն է ներկայացրել, մասնավորապես՝ թե ո՛ր դրույթները կարող են խնդրահարույց լինել ընտրական գործընթացի կազմակերպման առումով: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել