Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. Արա Այվազյան
21:33 - 05 ապրիլի, 2021

Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է. Արա Այվազյան

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաններից մեկն էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը:

Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր խոսքում նշել է. «Ինչպես գիտեք, ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, այլ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, անհետաձգելի հարցերից է դարձել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության  տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանումը, վանդալիզմի դեպքերի կանխումը և մշտադիտարկման ապահովումը։

Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային և կրոնական հուշարձաններ հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Այս հուշարձանները, որոնք տարածաշրջանում հայ ժողովրդի դարավոր պատմության իրեղեն ապացույցն են, մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության տեսանկյունից:

Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դրանց դիտավորյալ վնասման բազմաթիվ նախադեպերը, տասնամյակներ շարունակ իրականացված հայատյաց քաղաքականությունն ու հայկական մշակութային ժառանգության համակարգված ավերումը: Դրա մասին է վկայում նաև Նախիջևանի հարուստ հայկական մշակութային ժառանգության՝ շուրջ 28.000 հուշարձանների ոչնչացումը»։

Իր խոսքում նախարար Այվազյանն ընգծել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրերից տարվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Արցախի պատմամշակութային կոթողների պաշտպանության կարևորության վրա։

Ադրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախ առաքելության գործուղմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը կառուցողական երկխոսության մեջ է կազմակերպության հետ, և ակտիվ ջանքեր են գործադրվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությամբ վերահաստատված ձևաչափով առաքելություն իրականացնելու ուղղությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է, որ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ն շարունակելու է իր հետևողական աշխատանքները:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հուշարձանների և թանգարանների պաշտպանության ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքները: Նախարար Դումանյանն ընդգծել է, որ համապատասխան միջազգային հարթակներում և գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրաձայնվում է համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային արժեքների անվտանգության և ապահովության երաշխավորման հարցը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված ծրագրերի իրականացման  շուրջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել