Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն. Ռոմանոս Պետրոսյան
18:22 - 07 ապրիլի, 2021

Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։

«Այցի շրջանակում հանդիպել եմ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։
 
Հանդիպմանը մասնակցում էին՝ նախարարի խորհրդական Հ․ Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ․ Սաֆարյանը, «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Ներսեսյանը, անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վ․ Ահարոնյանը և «Ջրամատակարարում» ՓԲԸ տնօրեն Գ․ Հայրապետյանը։
 
Հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանի և Արցախի մեր գործընկերների հետ քննարկել ենք միջգերատեսչական համագործակցության շրջանակի ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։
 
Անդրադարձել ենք հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներին, կենսագործունեության լիարժեք վերականգնմանը և շրջակա միջավայրի կառավարման համակարգի անխափան աշխատանքին վերաբերող հարցերի:
 
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործուն աջակցությամբ Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն, ինչպես նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար։
 
Քննարկել ենք շրջակա միջավայրի նախարարության տեխնիկական հզորությունների օգտագործման միջոցով Արցախի Հանրապտության անտառների մոնիթորինգի հնարավոր կազմակերպումը։
 
Անդրադարձել ենք նաև ջրային ոլորտի և ջրային ռեսուրսների կենսական կարևորության խնդրին։ Առկա խնդիրների կարգավորման նպատակով մի շարք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել