Միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է գալ կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ ավելի շատ զիջումներ անելու խնդիր է դրել. Փաշինյան |1lurer.am|
11:26 - 14 ապրիլի, 2021

Միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է գալ կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ ավելի շատ զիջումներ անելու խնդիր է դրել. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Հետպատերազմական շրջանում նախկինում Հայաստանը ղեկավարած անձինք հանդես են եկել հայտարարություններով, որոնք պետք է հստակ պարզաբանվեն՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույը ներկայացնելիս:

Վարչապետը նշեց, որ իրականության մեջ ստեղծվել է մի ըմբռնում, թե բանակցություններում ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերող կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում նրան կառուցողական դաշտ բերելու համար: Փաշինյանն ընդգծեց՝ սա ուղղակի պարզ մոլորություն է, ժողովրդին և բոլորին մոլորության մեջ գցելու փորձ:

«Առնվազն 2011 թվականից սկսած, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշումներ, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ գա կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ դրել է խնդիր, որ ավելի շատ զիջումներ անի, որ հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: Այն պնդումները, որ հանրաքվեի շուրջ պայմանավորվածություններ կան, ովքեր պետք է մասնակցեին հանրաքվեին, ուզում եմ պարզաբանել, որ սա նույնպես ժողովրդին մոլորության մեջ գցելու փորձ է: Այո՛, բանակցային փաթեթներում, այդ թվում՝ 2015-16 թվականներից հետո քննարկվող, եղել է հանրաքվեի դրույթ:

Ասվել է, որ այդ հանրաքվեն պետք է արտահայտի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց չկա ընդգծում՝ իսկ որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, հանրաքվեի արիալը նկարագրված չէ, և սա սկզբունքային կարևոր հարց է, որովհետև Ադրբեջանը միշտ ունեցել է այն դիրորոշումը, որ իր սահմանադրության, տրամաբանության համաձայն՝ միջազգայնորեն իր տարածքի մաս համարվող որևէ տարածքի կարգավիճակի հարց կարող է ճշգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը: Երբ հարց է ծագել, թե ո՛նց ենք մեկնաբանելու այս դրույթը, այդ թվում՝ համանախագահներին այդպիսի հարց է առաջադրվել, պատասխանը եղել է՝ այն մեկնաբանությունը, որի շուրջ կհամաձայնվեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, այդ մեկնաբանությունն ընդունելի է։

Հաջորդ հարցը՝ իսկ ի՛նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն: Ադրբեջանի մեկնաբանմամբ՝ դա նշանակում է ներքին տեղահանվածներ, նրանց ընտանիքի անդամներ, որոնք ծնվել են դրանից հետո, և, ըստ եղած տվյալների, հայտնի իրադարձությունների բերումով Արցախյան առաջին պատերազմի համատեքստում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքից հեռացել է շուրջ 40000 ադրբեջանցի: Հաջորդ հարցը՝ իսկ ի՛նչ կոնկրետ հարց է դրվելու հանրաքվեի, ո՛վ է ձևակերպելու այդ հարցը: Այս հարցին նույնպես հստակ պատասխաններ չեն եղել»,- ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել