Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ապրիլի 13-ի հայտարարությունը
18:58 - 16 ապրիլի, 2021

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ապրիլի 13-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը: Արթուր Թովմասյանի տարածած հայտարարություն մեջ նշվում է.

«Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը՝

Գտնում ենք, որ տարածաշրջանային բարդ զարգացումների ֆոնին հայտարարությունը նոր հնարավորություններ եւ թարմացված օրակարգ է առաջադրում: Հայտարարության մեջ շոշափված հարցերը ցույց են տալիս, որ համանախագահությունը հանգամանորեն տիրապետում է իրավիճակին՝ համապատասխանաբար առաջարկելով սեփական լուծումները:

Կարեւորում ենք այն, որ համանախագահությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հակամարտության վերջնական համընդգրկուն եւ կայուն կարգավորման հաստատմանը՝ կողմերի համար հայտնի տարրերի եւ սկզբունքների հիման վրա, ինչը ենթադրում է նաեւ նախկինում համանախագահության կողմից քննարկված փաստաթղթերի թարմացում եւ լուծումներ: Հայտարարությունը նշանակալի է հատկապես Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունների ֆոնին, որ հակամարտությունը կարգավորված է:

Ողջունում ենք համանախագահների պատրաստակամությունը հետհակամարտային հումանիտար առաջնահերթությունների, մասնավորապես ռազմագերիների եւ այլ ձերբակալվածների վերադարձի հարցերի լուծման գործում:

Ակնկալում ենք, որ համանախագահները, վերահաստատելով իրենց միջնորդական առաքելությունն ուղղված հակամարտության կարգավորմանը, կվերականգնեն տարածաշրջանային այցերի ու քննարկումների նախկին պրակտիկան, այդ թվում եւ՝ պաշտոնական Ստեփանակերտ, ինչը մեծապես կնպաստի հակամարտության կարգավորման գործընթացին :

Մեծապես կարեւորում ենք համանախագահության կողմից կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանման խնդիրների բարձրաձայնումը եւ դրանց օրակարգային նշանակություն հաղորդելը, ինչը հրատապություն է ստացել Ադրբեջանի՝ ժամանակավոր վերահսկողության տակ հայտնված հայկական տարածքներում նրանց վարած բնաջնջման քաղաքականության ֆոնին: Ակնկալում ենք, որ այս հարցի լուծման գործում համապատասխան միջազգային կառույցները կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ:

Հուսով ենք, որ համանախագահների կողմից հատուկ ուշադրության եւ պարսավանքի կարժանանան Ադրբեջանի կողմից հայատյացության նոր դրսեւորումները, մասնավորապես՝ վերջին օրերին, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» բացումը, ինչն իր նախադեպը չունի համաշխարհային իրականության մեջ:

Հերթական անգամ բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը Արցախի Հանրապետությունում խաղաղապահության ինստիտուտ ներդնելու, ինչպես նաեւ համանախագահության միասնական ձեւաչափում հանդես գալու շարունակական գործելակերպը: Գտնում ենք, որ ՌԴ կողմից հակամարտության կարգավորման առանձին եւ գործուն ջանքերը կարող են լրացվել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից խնդիրներին լուծում տալու հնարավորություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել