ՏԿԵ նախարարը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը
19:23 - 16 ապրիլի, 2021

ՏԿԵ նախարարը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 16-ին տեսակապով հանդիպում է ունեցել Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ:

Ինչպես տեղեկացրին ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շինարարության մրցութային գործընթացին առնչվող քայլերի և գործողությունների հաջորդականությունը։ Անդրադարձ է եղել նաև հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանին, պլանի շրջանակում նոր գյուղի նախագծման մրցութային գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ըստ աղբյուրի՝ նախարար Պապիկյանը կառուցողական և արդյունավետ է որակել համատեղ ղեկավար խմբի աշխատանքները, որոնց շնորհիվ վերացվել են ծրագրի ընթացքում արձանագրված խոչընդոտները։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համագործակցության առկա տեմպի պահպանման դեպքում ջրամբարի կառուցման ծրագիրը կտեղափոխվի շինարարության փուլ։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից նաև հայտնում են, որ Օլաֆ Զիմելկան իր հերթին բարձր է գնահատել հատկապես վերջին ամիսների համատեղ թիմային աշխատանքը՝ Կապսի ջրամբարի շինարարությունը նախապատրաստելու ուղղությամբ՝ ընգծելով, որ ծրագրի ամենաբարդ և վճռորոշ փուլի՝ մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ երկուստեք հաջողված աշխատանքները կլինեն շարունակական։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել