Հայկ Չոբանյանը մասնակցել է ԱՏՁՄ 20-րդ համաժողովին
10:29 - 17 ապրիլի, 2021

Հայկ Չոբանյանը մասնակցել է ԱՏՁՄ 20-րդ համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը ապրիլի 16-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 20-րդ համաժողովին: Այս մասին հայտնում է  ԲՏԱ նախարարությունը։

Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: Նա շնորհակալություն է հայտնել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում Միության  ծրագրերի իրագործմանը, և հենց այդ համախմբան շնորհիվ են հաջողություններ գրանցվում:

«Ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», - նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Այնուհետև ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հայկ Չոբանյանը:

«2006 թվականից լինելով ԱՏՁՄ-ում՝ որպես վարչության անդամ, ապա՝ փոխտնօրեն, ականատես եմ եղել այն հաջողություններին, որ կարողացել ենք արձանագրել։ Իմն եմ համարել այն հարվածներն ու կորուստները, որ ստացել ենք։ Բայց այդ ամենի արդյունքում ունենք համախմբված համայնք, որը պետք է ավելի մեծ ուժով ու եռանդով շարունակի գործել։ Այսօրվանից ոլորտային միությունների ու առանձին ընկերությունների հետ աշխատանքը իրականցնելու ենք ուղղակի, անմիջական կերպով, որպեսզի արմատական փոփոխություններն առավել ակնառու լինեն։ Ստանձնելով նոր առաքելությունս՝ առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա, ուստի կարևոր եմ համարում, որ ՏՀՏ համայնքի հետ առաջին ռազմավարական փաստաթուղթը լինելու է հենց ԱՏՁՄ ռազմավարությունը, որն այսօր կներկայացվի», - նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։

Համաժողովի կազմակերպիչներին և հյուրերին ողջունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահան Հունանյանը, որը կարևորել է ԱՏՁՄ-ի գործունեությունը ոլորտի զարգացման գործում:

Հաջորդիվ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ներկայացրել է Միության 2019-2020 թթ․ կատարված աշխատանքները և 2021-2025 թթ․ ռազմավարությունը:

ԱՏՁՄ 2021-2025 թթ. ռազմավարության հիմնական ուղղություններն են կրթությունը և աշխատուժը, ռազմարդյունաբերությունը, դիրքավորումը՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտությունը և էլեկտրոնային կառավարումը։

Ամփոփելով  խոսքը՝ Րաֆֆի Քասարջյանը նշել է. «Որքան էլ մեծ լինի նախորդ տարվա մարդկային և տարածքային կորուստների ազդեցությունը, պետք է կենտրոնանանք բոլորիս ջանքերը միավորելու շուրջ՝ ստեղծելու ուժեղ ու ապահով ապագա՝ գալիք սերունդների համար»:

Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկության արդյունքում ընտրվել են Միության վարչության նոր կազմը և նախագահը:

Համաժողովին մասնակցել են ինչպես ԱՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Միությունը 2019-2020 թթ. ընթացքում իրականացրել է ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ. «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019» (WCIT 2019), «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, «ԴիջիԿոդ» մարզային ու հանրապետական մրցույթներ, «Բանակից՝ ՏՏ ոլորտ» այլն: Այժմ ընթացքի մեջ է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների ներդրման ծրագիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել