Ում մենք չենք կարողացել դատել, դուք կարող եք դա անել հունիսի 20-ին՝ ձեր քվեարկությամբ. վարչապետ |1lurer.am|
15:37 - 17 ապրիլի, 2021

Ում մենք չենք կարողացել դատել, դուք կարող եք դա անել հունիսի 20-ին՝ ձեր քվեարկությամբ. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Մեզ հաճախ ասում են՝ Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումները տապալվել են՝ ինչի՞ է այս մեկն ազատության մեջ, ինչի՞ է այն մեկն ազատության մեջ... Մենք 2018-ի հեղափոխության ժամանակ ասել ենք, որ հեղափոխությունից հետո վենդետա չի լինելու, լինելու է արդարադատություն և արդարություն: Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում կա այսօր արդարադատություն և արդարություն. ո՛չ, չե՛նք կարող: Այդ մասին Վայոց ձորի Ռինդ գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Արդարադատության և արդարության անկյունաքարային բանաձևը հետևյալն է՝ ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Ինչո՞ւ է այսպես ավում. քանի որ մեղավորին, երբ էլ լինի, պատասխանատվության կենթարկես, բայց եթե անմեղին տանես, 5 տարի բանտ նստեցնես, հետո պարզվի՝ անմեղ է, այդ 5 տարին այլևս հետ չես բերի, իր համար արդարությունը վերականգնելու հնարավորություն չի լինի»,- ասաց վարչապետը: 

Նա նշեց, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ այսօր ամենաքիչ կալանավորված և դատապարտված անձինք կան, ինչը, ըստ նրա, նշանակում է՝ թեև ոչ բոլոր մեղավորներն են բանտում, բայց բանտում այսօր նաև անմեղ մարդիկ չկան: 

«Այս տարիներին տասնյակ մարդիկ են եղել բանտերում՝ տարբեր պատճառներով: Ինչո՞ւ են հիմա ավելի քիչ, քանի որ մենք հավատարիմ ենք եղել ձեր առջև ստանձնած մեր պարտավորություններին՝ վենդետա չի լինելու, այո՛, վենդետա չի եղել և չի լինելու: Մենք ասել ենք՝ կառուցելու ենք արդար դատական համակարգ, մենք կառուցում ենք, բայց դա դժվար ճանապարհ է, մենք ուզում ենք, որ մեր երկրում ինստիտուտները կայանան: Մեր երկրում այսօր համակարգված կոռուպցիա չկա, դա ասելով չի, դա դուք գիտեք, դուք դա տեսնում եք: 

Առաջիկայում լինելու են խորհրդարանական ընտրություններ, ում չենք կարողացել դատել, դուք կարող եք հունիսի 20-ին՝ ձեր քվեարկությամբ դատել: Մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ կարող եք դատել, համոզված եմ՝ հայ ժողովուրդը արդար կդատի»,- նշեց վարաչպետ։

Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու են գնում արտահերթ ընտրությունների․ «Նոյեմբերից իրավիճակը բարդ էր, մեզ ասում էին՝ կառչած եք իշխանությունից, սակայն մենք ոչ թե մեր աթոռներից ենք կառչած, այլ պահում ենք ժողովրդից ստացած իշխանությունը, մենք իրավունք չունենք այդ իշխանությունն ամեն պատահածի հանձնելու: Մենք ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ, և դուք կորոշեք՝ ում վերադարձնեք այդ իշխանությունը, բայց Հայաստանում ժողովրդի իշխանությունը պետք է լինի անառարկելի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել