Փոխառություն տրված և չվերադարձված գումարները. Զինա Գալստյանի կասկածելի գործունեության հետքերով
21:40 - 25 ապրիլի, 2021

Փոխառություն տրված և չվերադարձված գումարները. Զինա Գալստյանի կասկածելի գործունեության հետքերով

Նելլի Կարապետյանը (անունը և ազգանունը փոխված են) 2019-ի աշնանը իր ծանոթներից մեկից` Անի Ղազարյանից, իմանում է «Ֆինբանկ» ընկերության մասին: Անի Ղազարյանն ասում է Նելլիին, որ ինքն աշխատում է «Ֆինբանկ» ընկերությունում, որին գումար փոխառություն տալով՝ մարդիկ կարողանում են եկամուտ ստանալ։ Նելլիի ծանոթ ընտանիքներից մեկի անդամներն էլ Անի Ղազարյանի միջոցով են իմացել «Ֆինբանկ»-ի մասին և տարբեր չափերի գումարներ փոխառություն տվել ընկերությանը։ Վստահելով Անի Ղազարյանին՝ Նելլին որոշում է բանկից վարկ վերցնել և փոխառությամբ տալ «Ֆինբանկ»-ին։

Ըստ Անի Ղազարյանի ներկայացրածի՝ որպես փոխառություն ստացած գումարները «Ֆինբանկ»-ը տոկոսով տրամադրում է այդ գումարի կարիքն ունեցող ընկերություններին, և երբ վերջիններս վերադարձնում են գումարները «Ֆինբանկ»-ին, կազմակերպությունը դրանցով վճարում է իրեն փոխառություն տված մարդկանց։

Սկզբում Նելլիին ասում են, որ փոխառությունը չորս ամսով է։ Նա 2019-ի դեկտեմբերին փոխառության պայմանագիր է կնքում «Ֆինբանկ» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրում նշված է, որ փոխառությունն անտոկոս է, և գումարը փոխատուին, այսինքն՝ Նելլիին, վերադարձվելու է առձեռն։

Նելլին պատմում է, որ չնայած դրան` իրեն ասել են, որ փոխառությունը վերցնում են 10%-ով, այսինքն, տրամադրած գումարի վերադարձից բացի, ինքը յուրաքանչյուր ամիս ստանալու է նաև այդ գումարի 10%-ը:

Նելլին «Ֆինբանկ» ՓԲԸ-ի տնօրենին՝ Զինա Գալստյանին, անձամբ չի տեսել, կազմակերպության հետ կապը եղել է Անի Ղազարյանի միջոցով։ Նա պատմում է, որ Անի Ղազարյանն ամեն կերպ համոզում էր իրեն, որ կազմակերպությունը վստահելի է․ «Անին իր շրջապատի բոլոր մարդկանց, ներառյալ շրջապատի մարդկանց ծանոթներին, համոզում էր, նույնիսկ եղել է, որ ասի՝ եթե չտա մեր կազմակերպությունը, ես եմ տալու (գումարը- խմբ․)»։

Նելլին պատմում է, որ Անի Ղազարյանն իրեն և այլ ծանոթներին ասել է՝ եթե փոխառություն տան «Ֆինբանկ»-ին, իր աշխատավարձը կբարձրանա։ Անի Ղազարյանին օգնելու ցանկությունը ևս նպաստել է, որ Նելլին և նրա այլ ծանոթները փոխառություն տան «Ֆինբանկ»-ին։ 

Ընդամենը մի ամիս փոխառության գումարի որոշ հատված և այդ ամսվա տոկոսը վճարելուց հետո Նելլիի գումարը սկսում են չվերադարձնել։ Դրանից հետո Նելլին կապվում է Անի Ղազարյանի հետ, փորձում իմանալ, թե ինչու իր գումարը չեն վերադարձնում, Անի Ղազարյանն ասում է, որ ինքն էլ է փոխառություն տվել «Ֆինբանկ»-ին և նույն վիճակում է, ինչ Նելլին ու կազմակերպությանը փոխառություն տված մյուս մարդիկ։

Չնայած դրան՝ Նելլին հիմնավոր կասկածներ ունի, որ Անի Ղազարյանի գումարը «Ֆինբանկ»-ը վերադարձրել է, քանի որ, Նելլիի խոսքով,  նա շարունակում է ապրել նույն կյանքով, ինչ առաջ, կրում է նույն թանկարժեք զարդերը։

Գումարը չվճարելն Անի Ղազարյանն ու Զինա Գալստյանը Նելլիին պատճառաբանում են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով, ասում են՝ շրջանառություն չկա, չեն կարող վճարել։

«Եթե Զինային գրում ես՝ երբ ես տալու, էս ինչ օրը գցեցիր մեզ, կարող ա ծիծաղի նույնիսկ էդ մարդու վրա, ում վատություն ա արել, իբր՝ լավ եմ արել, դրա համար էլ էդ օրին ես»,- պատմում է Նելլին։

Նա շատ մարդկանց է ճանաչում, որոնք փոխառություն են տվել «Ֆինբանկ»-ին․ գումարների չափերը տարբեր են՝ 400 հազարից մինչև 6 միլիոն դրամ։ Չնայած մեկ տարի է անցել, Նելլիի ու բազմաթիվ այլ մարդկանց գումարները դեռ չեն վերադարձվել։ 

«Ջահել ընտանիքներ կան՝ սև ցուցակներում են հայտնվել, չգիտեն՝ ինչ անեն։ Ես 30 հոգուց ավելի գիտեմ, որ իր (Անի Ղազարյանի- խմբ․) պատճառով դրա մեջ են ընկել ու ոչ մի ձև չեն կարողանում Զինայից էդ փողերը վերցնեն»,- պատմում է Նելլին։

Նելլիի խոսքով՝ երբ սկսել են իր գումարները չվճարել, «Ֆինբանկ»-ը չի երկարացրել փոխառության պայմանագիրը, միայն Անի Ղազարյանի հետ է բանավոր պայմանավորվածություն եղել։ Դրանից հետո անընդհատ ինչ-որ պատճառաբանություններով գումարը չեն տվել։

«Եթե Զինային նամակ գրես, կապ չունի՝ ով ես, ինչ տարիքի ես, շատ անկիրթ պատասխան ա տալիս, եթե վիրավորում ես, վախեցնում ա Ազգային անվտանգությամբ։ Չգիտեմ՝ ինչով ա էդքան վստահ, որ ոստիկանությունն իրեն օգնելու ա, որ էդպես վստահությամբ ա խոսում Ոստիկանության ու ԱԱԾ-ի մասին»,- պատմում է Նելլին։

Նելլիի խոսքով՝ Անի Ղազարյանի միջնորդությամբ շատ մարդիկ են փոխառություն տվել «Ֆինբանկ»-ին, բայց նա հետո ոչինչ չի ձեռնարկել այդ մարդկանց օգնելու համար։  Նելլին պատմում է, որ նույնիսկ «Վայբեր» սոցիալական ցանցում «Ֆինբանկ»-ից տուժածների խումբ կա։ Տուժածները հիմնականում չեն բարձրաձայնում խնդրի մասին, քանի որ վախենում են, որ բողոքելու դեպքում Զինա Գալստյանն իրենց գումարները չի տա։ Նելլիի խոսքով՝ Զ․ Գալստյանն ամեն անգամ խոստանում է, որ կվերադարձնի գումարները, բայց երբ գալիս է նրա խոստացած ժամկետը, կրկին չի տալիս։ Վերջին անգամ խոստացել է, որ մարդկանց գումարները կվերադարձնի մայիսին։ Հիմա բոլորը, այդ թվում՝ Նելլին, սպասում են, որ մայիսին իրենց գումարները կստանան։

Հասմիկ Գասպարյանը (անունը փոխված է) ևս «Ֆինբանկ»-ի մասին իմացել է 2019-ի նոյեմբերին։ Հասմիկն էլ, ինչպես Նելլին, «Ֆինբանկ»-ի տնօրեն Զինա Գալստյանին չի ճանաչել, կազմակերպության մասին իմացել է Անի Ղազարյանի միջոցով։ Հասմիկը վարկ է վերցրել, փոխառության պայմանագիր կնքել «Ֆինբանկ»-ի հետ։ Փոխառության պայմանագիրը կնքվել է երկու ամսով։ Հետագայում կրկին Անի Ղազարյանը համոզել է, որ պայմանագիրը երկարացնելու դեպքում Հասմիկն ավելի շատ տոկոսներ կստանա։ Բանավոր պայմանավորվածության հիման վրա, առանց Հասմիկի ներկայության պայմանագիրը երկու ամսով երկարացվել է։ Հասմիկը նշում է, որ Անի Ղազարյանն ու Զինա Գալստյանն ամեն անգամ խոստացել են վերադարձնել իր գումարը, սակայն այդպես էլ չեն վերադարձրել։

«Ծանոթ-բարեկամով գումար վերցնելը ստացվում ա, բայց հազարից մեկի մոտ, որովհետև իր (Զինայի- խմբ․) կողքը ինչ-որ մարդիկ կան կանգնած, կամ միֆ ա դա»,- պատմում է Հասմիկը։

 

Զինա Գալստյանը, նրան պատկանող ընկերությունները և դրանց դեմ հարուցված դատական գործերը

ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Զինա Գալստյանի գրանցման վայրը Լոռու մարզի Վանաձոր քաղաքն է։ «Google» որոնման համակարգում փնտրելով Զինա Գալստյան անուն-ազգանունը՝ կարող ենք տեսնել, որ վերջինիս մասին կան մի շարք բացասական հրապարակումներ։ Պետական եկամուտների կոմիտեն, օրինակ, հայտարարել է Զ․ Գալստյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

Իսկ Կենտրոնական բանկի՝ 2020 թ․ նոյեմբերի 16-ին  հրապարակած ցուցակի համաձայն՝  Գալստյանին պատկանող «Ֆինբանկ» ընկերությունը չի լիցենզավորվել և չի վերահսկվում ԿԲ-ի կողմից։

Զինա Գալստյանի հիմնած առաջին ընկերությունը «Ֆին Հաուս» ՍՊԸ-ն է, որը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2017 թ․ հուլիսի 10-ին։ Այս ընկերության գործունեության վերաբերյալ որևէ հստակ բան չկա։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի՝ «Ֆին Հաուս» ՍՊԸ-ի  գործունեությունը դադարեցված է սնանկ ճանաչվելու հիմքով։ 

ՊԵԿ-ը  2018 թ․ նոյեմբերի 19-ին դիմում է ներկայացրել սնանկության դատարան «Ֆին Հաուս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով։ Վերջինիս պարտավորությունը պետական բյուջեի հանդեպ կազմել է 4 մլն 479 հազար ՀՀ դրամ։ Դատարանի՝ 2020 թ․ մարտի 31-ի որոշմամբ ընկերությունը ճանաչվել է սնանկ և լուծարվել։ Այս ընկերությունը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբեք պարտադիր վճարում չի իրականացրել։

Երկրորդ ընկերությունը, որը հիմնել է Զինա Գալստյանը, «Դասապատրաստում» ՍՊԸ-ն է, որը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2018 թ․ ապրիլի 3-ին։ Ինչպես  «Ֆին Հաուս» ՍՊԸ-ի, այնպես էլ  «Դասապատրաստում» ՍՊԸ-ի դեպքում  ՊԵԿ-ի կայքում նշված չէ գործունեության տեսակը։ ՊԵԿ-ի կայքից իմանում ենք, որ «Դասապատրաստում» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

Ե՛վ «Ֆին Հաուս»-ը, և՛ «Դասապատրաստում»-ը գրանցված են եղել Վանաձորում։

«Դասապատրաստում» ընկերության դեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի զբաղվածության պետական գործակալության Վանաձորի տարածքային կենտրոնը 2019 թ․ հունիսի 17-ին քաղաքացիական հայց է ներկայացրել գումարի բռնագանձման պահանջով։ Գումարի չափը եղել է 510 հազար ՀՀ դրամ։ Դատարանը 2020 թ․ մարտի 21-ին վճռել է բավարարել հայցադիմումը և որոշել է «Դասապատրաստում» ՍՊԸ-ից բռնագանձել պահանջվող գումարը։ Այս ընկերությունը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին որևէ վճարում չի կատարել։

Զինա Գալստյանի դեմ 2019 թ․ դեկտեմբերի 30-ին հարուցվել է մեկ այլ դատական գործ, այս անգամ՝ քրեական, որում հիշատակվում են վերոնշյալ «Ֆին Հաուս» և «Դասապատրաստում» ՍՊԸ-ները։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Զինա Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իրեն պատկանող «Ֆինհաուս» և «Դասապատրաստում» ՍՊԸ-ների տնօրեն լինելու հանգամանքից, 2018 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին մի խումբ անձանց խաբել ու հայտնել է, թե իբր համագործակցում է եվրոպական, ՄԱԿ-ից  ֆինանսավորվող բարեգործական ընկերությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների հետ։ Զինա Գալստյանը խոստացել է իր ընկերություններում որպես ավանդ գումար ներդնելու դեպքում 10-ից 30 օրվա ընթացքում ավանդատուներին տրամադրել ավանդի գումարի 5-20%-ի  չափով շահույթ։ Իրեն գումար տալուց հետո նա ավանդատուներին տրամադրել է իր ստորագրությամբ և անձնական կնիքով հաստատված պարտավորագրեր՝ շահելով մարդկանց վստահությունը։ Այս ամենից հետո տուժողներից շարունակաբար ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ ընդհանուր 91 մլն 102 հազար ՀՀ դրամի չափով։ Զինա Գալստյանի դեմ այս քրեական գործում ներգրավված է շուրջ 44 տուժող։ Որպես խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական գործը դեռևս դատավարության փուլում է։ 

Infocom-ի հետ զրույցում Զինա Գալստյանի պաշտպան Արամ Ղազարյանը նշել է, որ մինչև այս գործի դատարան մտնելը տուժածներին վերադարձվել է մոտ 60 մլն ՀՀ դրամ գումար։ Պաշտպանի խոսքով՝ Զ․ Գալստյանը դատարանում մի քանի անգամ ասել է, որ պարտավորվում է վճարել տուժողների գումարն ամբողջությամբ։

«Վարույթ իրականացնող մարմինն անընդհատ պնդում է, որ Զինա Գալստյանը կատարել է խարդախություն։ Խարդախություն կատարողը 91 մլն դրամից այդ ընթացքում չի բերում, 60 մլն դրամը հատուցում»,- նշել է պաշտպան Ղազարյանը։

Մեր այն հարցին, թե ողջ գումարի փոխհատուցումից հետո այս գործով դադարեցվելո՞ւ է Զ․ Գալստյանի հանդեպ քրեական հետապնդումը, Արամ Ղազարյանը բացասական պատասխան է տվել․ «Քանի որ մեղադրանքն առաջադրված է միասնական դիտավորության հատկանիշով, այսինքն՝ 44 տուժող մեկ մեղադրանք են առաջադրել, հետևաբար քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել, որովհետեւ այն հանրային գործ է, և տուժողի բողոքը լինի-չլինի, գործը պետք է քննվի, դատարանն իր վերջնական դատական ակտով անդրադառնա՝ տվյալ անձը մեղավո՞ր է, թե՞ ոչ»։

Զինա Գալստյանի հիմնած երրորդ ընկերությունը «Համար 1 ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ն է, որն իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2019 թ․ փետրվարի 28-ին։ Վերջինս ՊԵԿ-ի կայքում նշված է որպես հաշվապահական դասընթացներ իրականացնող կազմակերպություն։

Այս ընկերության դեմ 2020 թ․ դեկտեմբերի 2-ին քաղաքացիական հայց է ներկայացրել «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ն՝ գումար բռնագանձելու պահանջով։ Վերջինս Զինա Գալստյանի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նրան վարձակալությամբ տրամադրվել է տարածք՝ ամսական 2 մլն 512 հազար ՀՀ դրամով։ Տարածքի վարձակալության համար Զինա Գալստյանը «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ին պետք է վճարեր 8 մլն 581 հազար ՀՀ դրամ, որը, սակայն, ըստ հայցվորի, չի վճարել։ Այս գործը դեռևս դատաքննության փուլում է։

«Համար 1 ուսումնական կենտրոն»-ը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբեք վճարում չի արել։

Զինա Գալստյանն այս պահին «Ֆինբանկ» ՓԲԸ-ի տնօրենն է։ Այս ընկերությունը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2019 թ․ օգոստոսի 9-ին։ «Ֆինբանկ» ՓԲԸ-ն, ըստ ՊԵԿ-ի կայքի, գործող է և զբաղվում է ֆակտորինգային գործունեությամբ։

Նելլի Կարապետյանը պատմում է, որ ինքը  եղել է «Ֆինբանկ»-ի գրասենյակում՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի առաջին հարկում։ Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ֆինբանկ»-ի իրավաբանական հասցեն Խորենացի 15-ն է, որը հենց «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի հասցեն է։

«Իրենց օֆիս կոչվածում ոչ մի պաստառ, ոչ մի գրություն չկար, սենյակ էր, որտեղ ամեն մեկի դիմաց անջատած համակարգիչ էր, իսկ թղթերում զուտ անուն-ազգանուն էր լրացվում, գումարի չափ, ստորագրություն ու վերջ։ Բանկում ծրագրեր կան, չէ՞, էդ ամեն ինչը մուտքագրում ես, իսկ էնտեղ ոչ մի բան․ ամեն ինչ զուտ ոտքի վրա, օդում, թղթերի վրա»,- հիշում է Նելլին։

Անի Ղազարյանը Նելլին ասել է, թե 2020-ի հունվարից հետո «Ֆինբանկ»-ը լիցենզիա է ստանալու ԿԲ-ից։ Անի Ղազարյանի խոսքով՝ եթե իրենք այդ պահին 10-15 տոկոսով են ավանդ տալիս, լիցենզիա ստանալուց հետո բանկի սովորական տոկոսներով են տալու։ Այդ պատճառով նա իր ծանոթներին հորդորել է գումար տալ «Ֆինբանկ»-ին, քանի դեռ ընկերությունը լիցենզիա չի ստացել։ 

Վերևում արդեն նշել ենք, որ, ԿԲ-ի՝ 2020-ի աշնանը հրապարակած ցուցակի համաձայն, «Ֆինբանկ»-ը լիցենզիա չունի, չի վերահսկվում ԿԲ-ից, ավելին՝ ԿԲ-ն զգուշացնում է մարդկանց զերծ մնալ այդ ընկերության ծառայություններից։ 

«Ֆինբանկ»-ի դեմ 2021 թ. հունվարի 11-ին քաղաքացիական հայց է ներկայացրել «Էվրի դեյ» ՓԲԸ-ն՝ գումարի բռնագանձման և գույքը վարձատուին վերադարձնելու պահանջով։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հստակեցված չէ, թե ինչ գումարի և գույքի մասին է խոսքը, սակայն գործն ընդունվել է վարույթ։

Բացի դրանից՝ «Ֆինբանկ»-ի և Զինա Գալստյանի դեմ 2021 թ․ մարտի 18-ին Անահիտ Սարգսյանը հայց է ներկայացրել ՝ փոխառությամբ տրված գումարի բռնագանձման պահանջով, սակայն դատարանը հայցադիմումը չի ընդունել վարույթ և վերադարձրել է: 

«Ֆինբանկ» ՓԲԸ-ն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2021 թ․ հունվարին վճարել է 11 հազար ՀՀ դրամ։

Նելլի Պետրոսյանը նշում է, որ երբ ինքն ու իր ծանոթներն իրենց գումարները չստանալուց հետո ցանկացել են ոստիկանություն դիմել, Անի Ղազարյանն ամեն կերպ համոզել է չանել դա, որ «չխանգարեն գործին»: 

«Էն ժամանակ, երբ իբր պիտի տար գումարները ու չտվեց, Անին ասեց՝ պատճառն էն ա, որ ինչ-որ մեկը ոստիկանություն ա դիմել, եկել են, խանգարել, մեզ էլ ասում էր՝ մի՛ դիմեք, չխանգարեք, որ ինքը (Զ․ Գալստյանը- խմբ․) աշխատի, տա։ Եթե դիմեք, ինքը հիշում ա՝ ով ա դիմել, իրենց գումարը չի տալիս»,- պատմում է Նելլին։

Հենց այդ պատճառով էլ Նելլին չի դիմել ոստիկանություն։ Նա ևս 6 հոգու է ճանաչում, որոնք նույն պատճառով չեն դիմել ոստիկանություն։

Զինա Գալստյանը նաև «Նոր դպրոց» ՓԲԸ-ի տնօրենն է, որը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին։ ՊԵԿ-ի կայքում նշված չէ, թե ինչ գործունեություն է ծավալում տվյալ ընկերությունը։

«Նոր դպրոց» ՓԲԸ-ի դեմ հարուցվել են  1 վճարման կարգադրություն և 1 քաղաքացիական գործ։ 2020 թ․ դեկտեմբերի 1-ին «Մանվելյան եղբայրներ» ՍՊԸ-ն վճարման կարգադրություն է ներկայացրել «Նոր դպրոց» ՓԲԸ-ին 451 հազար ՀՀ դրամի պահանջով, սակայն դիմումը մերժվել է։

Infocom-ը կապվել է «Մանվելյան եղբայրներ» ընկերության հետ, որի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում պատմել է այս գործից մանրամասներ։ Ըստ ընկերության ներկայացուցչի՝ մի քանի ամիս առաջ Զինա Գալստյանն իրենց ներկայացել է որպես «Նոր դպրոց»-ի տնօրեն, ստորագրված և կնքված ապրանքագիր (ֆակտուրա) է տրամադրել, որի հիման վրա գրախանութը նրան տվել է 451 հազար դրամ արժողությամբ գրենական պիտույքներ (թղթեր և ֆայլեր)։ «Մանվելյան եղբայրներ»-ի ներկայացուցչի խոսքով՝ Զ․ Գալստյանը գումարը չի վճարել, գրախանութը գումարի վճարման կարգադրություն է ներկայացրել դատարան, սակայն դիմումը մերժվել է։ «Մանվելյան եղբայրներ»-ի ներկայացուցիչը նշեց, որ նոր դիմում է ներկայացրել և գնալու է մինչև վերջ։

2021 թ․ հունվարի 8-ին «Անտարես» ՍՊԸ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել «Նոր դպրոց»-ի դեմ՝ 329 հազար 500 դրամ գումարի բռնագանձման պահանջով։ Գործն ընդունվել է վարույթ և դատաքննության փուլում է։

«Նոր դպրոց» ՓԲԸ-ն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբևէ վճրում չի արել։

Զինա Գալստյանն անցնում է նաև մեկ այլ քրեական դատավարությամբ, որում նույնպես հիշատակվում է «Նոր դպրոց» ՓԲԸ-ն։ Այսպես, «Դատալեքս» տեղեկատվական համակարգից իմանում ենք, որ 2021 թ․ մարտի 22-ին Զինա Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ մազահեռացման սարք հափշտակելու համար։ Վերջինս, «List.am» ինտերնետային կայքում տեսնելով մազահեռացման սարք վաճառելու վերաբերյալ հայտարարություն, զանգահարել և ներկայացել է որպես «Նոր դպրոց» ՓԲԸ-ի տնօրեն։ Նա հետագայում գնելու պատրվակով 1 ամսով վարձակալել է նշված սարքը 100 հազար դրամ վարձավճարի դիմաց։ Հայտարարությունը տեղադրողի մոտ վստահություն առաջացնելու նպատակով Զ․ Գալստյանը կազմել է առուվաճառքի համաձայնագիր, որի տակ ստորագրել են նա և սարքավորում վաճառողը։ Սրանից հետո նա սարքը տեղափոխել է վարձակալած տարածք, ապա վաճառել 1 մլն 550 հազար ՀՀ դրամով։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական գործը դեռևս դատավարության փուլում է։

Բացի վերևում նշված դատական գործերից՝ Զինա Գալստյանի դեմ 2016-2021 թթ․ ընթացքում հարուցվել են մի շարք քաղաքացիական և վճարման կարգադրության հայցեր, որոնց մի մասն ընդունվել է վարույթ, մի մասով կայացվել է վճարման կարգադրություն, մի մասն էլ մերժվել է։ Ընդհանուր առմամբ, այս տարիներին հարուցվել է շուրջ 12 հայց, որոնց կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումներով (1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12):

Զինա Գալստյանի և նրան պատկանող կամ փոխկապակցված ընկերությունների դեմ հարուցված բոլոր տեսակի դատական գործերով վնասի փոխհատուցման չափն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 110 մլն 430 հազար դրամ։

Զ․ Գալստյանի պաշտպանի փոխանցմամբ՝ այս պահին  Երևան քաղաքի Կենտրոն քննչական բաժնում քննվող գործով Զինա Գալստյանը գտնվում է անազատության մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը։ Քանի որ գործը նախաքննության փուլում է, մանրամասներ հայտնի չեն։ Այս գործով, ըստ պաշտպանի, կա մոտ 42 տուժող։  

Զինա Գալստյանը նախկինում երբեք ազատազրկված չի եղել։

Նարեկ Մարտիրոսյան, Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել