Իրավապահ մարմիններն ու ՊՆ-ն չեն կողմնորոշվում՝ ինչը համարել պետական գաղտնիք, ինչը՝ հրապարակման ենթակա տեղեկություն
15:56 - 26 ապրիլի, 2021

Իրավապահ մարմիններն ու ՊՆ-ն չեն կողմնորոշվում՝ ինչը համարել պետական գաղտնիք, ինչը՝ հրապարակման ենթակա տեղեկություն

Օրեր առաջ Infocom-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ ԶՈՒ 2018-24թթ․ զարգացման պլանի փոփոխության մասին Սարգսյանի հայտարարություններին, որոնց իսկության վերաբերյալ ՊՆ-ն հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություններ՝ հիմնավորելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք, այդ թվում հարցը՝ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Ռազմական ոստիկանությունը նյութերի նախապատրաստման արդյունքում եկել է եզրակացության, որ այդ հայտարարություններում հանցակազմ չկա, ուստի մերժել է քրգործի հարուցումը։

Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառազինության եւ տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Եւ քանզի ՊՆ-ն սպառազինության պլանի փոփոխության վերաբերյալ որեւէ հարց համարում է ռազմական գաղտնիք, ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ Փաշինյանի՝ Սարգսյանի ասածն ուղղակիորեն հերքող հայտարարությունը դիտարկվո՞ւմ է որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հարցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ նկատի ունենալով Սարգսյանի հայտարարությունների մասով իրավական գործընթացը, իսկ նյութերի նախապատրաստման արդյունքում, ինչպես վերը նշեցինք, քրգործի հարուցումը մերժվել է, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունը, որը, ՊՆ-ի տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում, եւս պետական գաղտնիքի տարր ունի, ՌՈ-ի համոզմամբ՝ հանցակազմ չի պարունակում։ 

Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ ու հետո մի քանի անգամ անդրադարձել է նաեւ «Սու30CM» կործանիչներին։ Նախ 2020 թվականի հուլիսի 3-ին նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով, որ «Սու30CM»-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։

Այս տարվա մարտի 20-ին Փաշինյանն Օհանավան համայնքում իր ելույթում ասաց, որ Հայաստանը չէր հասցրել «Սու30CM»-ների համար հրթիռներ ձեռք բերել։ 

Եւ քանի որ վարչապետը նախորդ տարի հայտարարել էր կործանիչների հրթիռների փորձարկման մասին՝ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը հակասում է իրեն։ 

Media.am-ն այս տարվա մարտի 23-ին հոդվածով անդրադարձավ թեմային՝ մանրամասն ներկայացնելով, թե այս կործանիչներն ինչպիսի հրթիռներ, ինչ զինամթերք են ունենում։ Նյութում ռազմական վերլուծաբանը մանրամասնել էր, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երեւում է չկառավարվող ավիացիոն հրթիռների օգտագործում, այլ ոչ թե կառավարվող «երկինք-երկիր» հրթիռ, ինչպես պնդել էր Փաշինյանը։ Նա, ի դեպ, չէր հստակեցրել, թե Հայաստանն ինչ հրթիռներ չի հասցրել գնել։

Հաջորդ օրը՝ մարտի 24-ին, Փաշինյանն Ազգային ժողովում ստիպված եղավ պարզաբանել իր խոսքը։ Նա ասաց, որ երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա՝ պարզ պատճառով․ «Նախ արձանագրենք, որ Սու-ն գերժամանակակից հզոր զենք է, բայց էդ զենքն ունի իր ամբողջության մեջ, իր հրթիռներով եւ սարքավորումներով, եւ, կարծում եմ, ակնհայտ է, որ ինքնաթիռի եւ տարբեր մոդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն՝ նույն տեղում չի արտադրվում, հետեւաբար, ոչ թե ամբողջությամբ է ձեռք բերվում, այլ հատվածական՝ տարբեր սուբյեկտներից։ ՍՈՒ-երը Հայաստան են եկել 2020-ի մայիսին, եւ, այո, իրականացրել են վարժական թռիչքներ, օգտագործել են հրթիռներ, որոնք Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղել են»։

ՊՆ-ն, իհարկե, երիցս մերժել է տեղեկություն տրամադրել՝ Սու-երի սպառազինության՝ մասնավորապես հրթիռի տեսակների վերաբերյալ հարցերը համարելով պետական ու ծառայողական գաղտնիքի շարքին դասվող, չնայած Փաշինյանն անձամբ էր նշել, որ տեսանյութում երեւում են երկինք-երկիր հրթիռներ։

Ու քանի որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երեւացող հրթիռի տեսակի մասին տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ Փաշինյանը գաղտնի՞ք է բացահայտել, եւ եթե այո, ապա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է։

Ըստ Դատախազությունից ստացած պատասխանի՝ քանի որ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրգործով, ի թիվս այլնի, քննության առարկա են հանդիսանում նաեւ մեր հարցման՝ այս թեմայով հիշատակված հանգամանքները, ուստի քննարկվող պետական գաղտնիքի հրապարակման դեպքով անձի /անձանց/ արարքներին այդ գործով կտրվի քրեաիրավական գնահատական։

Խոսքը «Հայելի» ակումբում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի մասին է, որի առնչությամբ 2020 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրգործ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների փաստով, որոնք հակասել են ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին եւ բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։

ՊՆ-ն պետական գաղտնիք պարունակելու հիմնավորմամբ մերժել էր տեղեկություն տրամադրել նաեւ Փաշինյանի մեկ այլ հայտարարության վերաբերյալ, որն առնչվում էր Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններից մեր զորքերի դուրսբերմանը։

Վարչապետը նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին ասել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ համատեքստում, Փաշինյանի խոսքով, «եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։

Infocom-ն այս երկու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին հայտարարություններից հետո պաշտոնական հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական զորքերը տեղակայվա՞ծ են եղել Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա մասնավորապես ո՞ր հատվածներում, եթե ոչ, ապա ե՞րբ են ամբողջությամբ հետ քաշվել նշյալ տարածքներից։ Խնդրել ենք պատասխանել նաեւ, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ։

Չնայած Փաշինյանն, ըստ էության, արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 9-ի դրությամբ հիշյալ շրջանների մեծ մասը մեր վերահսկողությունից դուրս է եղել, եւ որ դա տեղի է ունեցել բանավոր ըմբռնման արդյունքում, ՊՆ-ն, ինչպես նշեցինք, տեղեկություն չտրամադրեց։ Ուստի մեկ այլ հարցմամբ դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն՝ ճշտելու՝ Փաշինյանի այս հայտարարություններն ուսումնասիրվում եւ դիտարկվո՞ւմ են պետական գաղտնիքի բացահայտման տեսանկյունից։

Դատախազության պատասխանի համաձայն՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրեական գործով քննության առարկա են նաեւ այս թեմայի վերաբերյալ մեր հիշատակած հարցերը, չնայած Հակոբյանը խնդրո առարկա հարցազրույցում ուղիղ տեքստով չի խոսել այդ տարածքների կամ այդտեղից մեր զորքերի տեղաշարժի մասին։ Արդյոք Փաշինյանը նշված քրգործում որեւէ կարգավիճակով ներգրավված է, թե ոչ՝ կներկայացնենք Դատախազության գրավոր պատասխանն ստանալուց հետո։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել