Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը հիմնանորոգվել է 2020-ի պետբյուջեի միջոցներով․ 2014-ին հիմնանորոգվել է Զառիթափի գյուղամիջյան ճանապարհը
16:15 - 08 մայիսի, 2021

Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը հիմնանորոգվել է 2020-ի պետբյուջեի միջոցներով․ 2014-ին հիմնանորոգվել է Զառիթափի գյուղամիջյան ճանապարհը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հայտնեց, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է։ 

«Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ։ Մինչ այս ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել էր վարչապետը։

Վարչապետի գրառմանն արձագանքեց Վայոց ձորի նախկին մարզպետ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Վերջինիս խոսքով՝ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կմ երկարություն ունեցող ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսվել է 2014 թվականին։

«Մի քանի կմ երկարություն ունեցող և մի քանի հարյուր միլիոն դրամ արժեք ունեցող ճանապարհները մի քանի օրում չեն կառուցվում։ Դրանց համար անհրաժեշտ են բավարար հիմնավորումներ, նախագծեր, նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար մրցույթներ, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ժամանակահատված»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել էր Ղազարյանը։ 

Infocom-ը հարցում էր ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու համար, թե երբ է վերջին անգամ վերանորոգվել Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը, և երբ են մեկնարկել հիմնանորոգման վերջին աշխատանքները։

ՏԿԵՆ-ից մեզ պատասխանել են, որ նշված ճանապարհի մոտ 3․7 կմ հատված հիմնանորոգվել է 2009-ին Հայաստանի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում։ Ըստ ՏԿԵՆ-ի՝ ճանապարհի վերականգնման պայմանագրային արժեքը կազմել է 413 807 366 ՀՀ դրամ։

Նույն ճանապարհի մոտ 5․8 կմ երկարությամբ հատված էլ հիմնանորոգվել է 2010թ․՝ կրկին կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում։ Ճանապարհի վերականգնման պայմանագրային արժեքը կազմել է 798 512  200 ՀՀ դրամ։

Էդգար Ղազարյանը նշել էր, որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսել է 2014-ին։ ՏԿԵՆ-ից մեզ հայտնել են, որ 2014 թ․ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի միջով անցնող փողոցը՝ 600 կմ երկարությամբ։ Պետբյուջեից հատկացվել է 39 400 000 դրամ։ 

«600 մ երկարությամբ գյուղամիջյան այս փողոցը  Հ-42 /Մ-2/ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման հանրապետական ավտոճանապարհի մաս չի կազմում»,- ասված է նախարարության պատասխանում։ 

Երբ կարդում ենք ՀՀ կառավարության որոշումը, որտեղ նշված են 2014-ի բյուջեում կատարված վերաբաշխումները, տեսնում ենք, որ 2014-ի բյուջեում հատկացում արված է միայն նշված 600 մ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար։

ՏԿԵՆ-ից տեղեկացրել են, որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի վերջին հիմնանորոգումն իրականացվել է 2020 թվականին պետբյուջեի միջոցներով։ 

«14 կմ երկարությամբ այս հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել էր խորհրդային տարիներին»,- ասված է նախարարության պատասխանում։

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը 2020-ի հուլիսին էր հայտնել այս ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկի մասին։ 

Իսկ կառավարության՝ 2020-ի մայիսին ուժի մեջ մտած N 762-Ն որոշումից, որով վերաբաշխումներ են կատարվել 2020-ի պետբյուջեում, տեղեկանում ենք, որ  Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար ողջ գումարը հատկացվել է 2020-ի բյուջեից (Հավելված 4)։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ից տեղեկացրել են, որ համաձայն կնքված պայմանագրի՝ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2020-ի հուլիսի 6-ին և ավարտվել 2020-ի դեկտեմբերի 10-ին։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ նախատեսվել է ճանապարհաշինական աշխատանքների համար «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ին վճարել 1 180 000 000 ՀՀ դրամ (այստեղ կարող եք ծանոթանալ նաև պայմանագրով նախատեսված ծախսերին)։

Էդգար Ղազարյանն իր գրառման մեջ նաև նշել էր նախագծերի, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի, ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար մրցույթների, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ժամանակահատվածի մասին։ ՏԿԵՆ-ից Infocom-ին հայտնել են, որ ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու աշխատանքներն իրականացվել են միայն 2019 թ․։

«Նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիրը նախագծային կազմակերպության հետ կնքվել է 22․11․2019-ին թ․։ Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար մրցույթը հայտարարվել է 2020 թ․»,- ասված է նախարարության պատասխանում։

Այսպիսով,  Էդգար Ղազարյանը կարող էր նկատի ունենալ Զառիթափի 600 մ գյուղամիջյան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, քանի որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի 14 կմ հատվածը հիմնանորոգվել է 2020-ի ընթացքում և հենց 2020-ի պետբյուջեի միջոցներով, ինչը հաստատվում է նաև պետական գնման պայմանագրով։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել