Պետությունը նպատակ է դրել պատվաստել հնարավորինս մեծ թվով քաղաքացիների. Ավինյան

 |armenpress.am|
18:47 - 28 ապրիլի, 2021

Պետությունը նպատակ է դրել պատվաստել հնարավորինս մեծ թվով քաղաքացիների. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Պետությունը ցանկանում է ունենալ կորոնավիրուսի դեմ հնարավորինս շատ թվով պատվաստված քաղաքացիներ, այդ ուղղությամբ քաղաքականությունը միտված է լինելու  հնարավորինս շատ մարդկանց համոզելուն, խրախուսելուն, որ պատվաստվեն: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ AstraZeneca-ով պատվաստումից հետո լրագրողների հետ զրույցում:

AstraZeneca-ի բացված սրվակով պատվաստվեցին Ավինյանը, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Ավանեսյանի ամուսինը, քույրը:  Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը նրանք պետք է ստանան 2 ամիս հետո:

Տիգրան Ավինյանը պատվաստումը այս տարվա կարևորագույն գործընթացներից մեկը համարեց: «Պատվաստման տեմպերը տարբեր երկրներում էականորեն ազդել են ներքին կարգավորումների, զբոսաշրջության, այլ երկրների հետ հարաբերությունների և առհասարակ տնտեսական իրավիճակի վրա: Միանշանակ, մեր քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս շատ մարդկանց համոզել, խրախուսել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին մասնակցեն»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց, որ պատվաստումն էականորեն ազդում է նաև կորոնավիրուսի թվերի վրա՝ նշելով, որ ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալիս, պատվաստումների քանակը դրականորեն է ազդում, և այդ երկրները կորոնավիրուսի նոր դեպքերի բավականին ցածր քանակ են գրանցում:

Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ այս պահին պատվաստվելը հնարավորություն է տալիս խուսափել հետագա ալիքներից: «Աշխարհի մի հատվածում ալիքները բարձրանում են, մյուսում՝ իջնում, բայց մենք անընդհատ տագնապի վիճակում ենք գտնվում, քանի որ ամեն ալիքի հետ հիվանդության ծանրությունը  բարձրանում է: Մեզ մոտ  համամասնությամբ՝ ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի թիվն ավելանում է, քանի որ շրջանառվում են զանազան շտամեր: Եվ այլ հանգամանքներից ելնելով էլ՝ մենք օր առաջ պետք է կանխենք հիվանդացության տարածումը»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Պատվաստումից առաջ հակամարմնի առկայությունը ստուգող թեստ հանձնելու ցուցում, անհրաժեշտություն չկա: Եթե բնական իմունիտետի առկայության դեպքում գումարվում է պատվաստումը, ապա շեմը լրացուցիչ բարձրանում է, և ամբողջական պաշտպանություն է լինում:

«Ես միշտ նշել եմ, որ ըստ պատվաստանյութի առկայության քանակների՝ մենք պետք է հնարավորինս լայնացնենք շրջանակները, թե ում ենք պատվաստում: Ունենք երկու հղի, որոնք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, և մեր կարծիքով, եթե, օրինակ, նրանց բարեկամները, որոնք  ռիսկի խմբի մեջ չեն ներառված, պատվաստված լինեին, այդ հղիները նման ծայրահեղ վիճակում չէին հայտնվի: Եվ կան շատ այլ դեպքեր, և մեր նպատակն է հնարավորինս մեծ թվով պատվաստված քաղաքացիներ ունենալ, որոնք կապահովեն հանրային իմունիտետը»,-ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով լրագրողի նկատառմանը, որ Հայաստանում ի սկզբանե տարիքային շեմ էր դրվել AstraZeneca-ով պատվաստման համար՝ նկատի ունենալով նաև թրոմբի առաջացման հավանականությունը՝  Ավանեսյանն ասաց, որ այդ պատճառահետևանքային կապը դեռ վերջնական հաստատված չկա: «Վերջին շրջանում աղմուկը և նման դեպքերի առկայությունը գրեթե զրոյական է: Եվ նման ցուցումները շատ ավելի հայեցողական կամ ավելորդ զգուշության միտում ունեին»-ասաց նա ու հավելեց, որ ռիսկի խմբի ներկայացուցիչների համար, սակայն, այդ տարիքային շեմի ցուցումը գործում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել