ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարեց հերթական նիստը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ» կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը` նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հիմնական զեկուցողը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո  նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

Հարակից զեկուցմամբ ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանն առաջարկեց կողմ քվեարկել օրինագծին:

ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ ԶԼՄ-ների կողմից եղել են մտահոգություններ, որ վիճակախաղերի մասնակիցների թիվն ավելացել է:

Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ նշյալ մտահոգությունները չեն վերաբերում այս փոփոխություններին:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն: