ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել |1lurer.am|
13:54 - 01 մայիսի, 2021

ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 30-ին ամերիկացի դեմոկրատ սենատորները ներկայացրել են օրինագիծ, որը կհանգեցնի Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմանը, եթե վերջինս խախտի մարդու իրավունքները՝ ըստ ՏԱՍՍ-ի՝ տեղեկացնում է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Էդվարդ Մարկիի մամուլի ծառայությունը:

19 էջանոց օրինագիծը, որի համահեղինակն են Ռոն Ուայդենը և Ջեֆ Մերկլին, ուղղված կլինի «Թուրքիայի կառավարության այն պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ճանաչվել քաղաքական բանտարկյալներին կալանքի տակ պահելու, լրագրողների քաղաքական դրդապատճառներով ձերբակալման, սոցիալական ցանցերի միջոցով խոսքի ազատության սահմանափակման և մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների այլ կոպիտ խախտումների համար»:

Նախաձեռնության համաձայն ԱՄՆ պետքարտուղարը պետք է օգնություն ցուցաբերի Թուրքիայում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ։ Սենատորներն Անկարային կոչ են արել «քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտի զգալի բարելավման ուղղությամբ» և «դադարեցնել համացանցում խոսքի ազատության շարունակական ճնշումը, այդ թվում՝ այն օրենքների վերացման կամ փոփոխության միջոցով, որոնք կառավարությանը թույլ են տալիս արգելափակել կայքերը կամ ջնջել դրանց բովանդակությունը»:

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է դադարեցնի փաստաբանների, դատավորների և դատախազների «կամայական ձերբակալությունները» և հետապնդումները, ինչպես նաև կատարի միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները: Եթե Անկարան համապատասխան միջոցներ չձեռնարկի, ապա ԱՄՆ նախագահը, ըստ օրինագծի, պատժամիջոցներ կսահմանի «Մագնիտսկու անվան մարդու իրավունքների գլոբալ ակտին» համապատասխան։ Բացի դրանից՝ նախաձեռնության մեջ նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պետք է միջազգային առանցքային ֆինանսական ինստիտուտներին ցուցում ուղարկի մերժել այնպիսի վարկերի և դրամաշնորհների տրամադրումը Թուրքիային, որոնք «կսահմանվեն որպես թուրքական կառավարության կողմից մարդու իրավունքները խախտելու հնարավորություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել