Գերեզմանատանը սպանության փորձ կատարելու դեպքի հարուցվել է քրեական գործ
20:00 - 01 մայիսի, 2021

Գերեզմանատանը սպանության փորձ կատարելու դեպքի հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. մայիսի 1-ին` ժամը 01.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել չորս անձ:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ կրելու հատկանիշներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ մարմնական վնասվածքները ստացել են Դավիթ Բեկի փողոցին հարակից գերեզմանատանը իրար հետ վիճաբանության ընթացքում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին գործարանային համարի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփով, որի մեջ առկա էր 24 փամփուշտ, առանց գործարանային համարի «TT» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որի փողի մեջ խցանված էր մեկ փամփուշտ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել