Բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է․ Նիկոլ Փաշինյան
13:06 - 03 մայիսի, 2021

Բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստն է ընթանում։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ բանակցային գործընթացի վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը շատ լավ առիթ եւ հնարավորություն է, որպեսզի բանակցային բովանդակության նոր շերտեր բացենք, որը նախկինում բացելու հարցում ունեինք որոշակի սահմանափակումներ։ Փաշինյանի խոսքով՝ Սարգսյանն իր հարցազրույցում, խոսելով ԼՂ կարգավիճակի ապագա ճշգրտման մասին, որը պիտի նախատեսվեր բանակցային գործընթացում, օգտագործեց ԼՂ բնակչություն հասկացությունը։

«Երբ կանցնեն տարիներ, եւ կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, մենք բոլորս կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից մենք իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը նշված չէ՝ որտեղ պիտի տեղի ունենա, բայց նշված է, որ ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտման հնարավորություն պիտի լինի․․․ կանցնեն տարիներ, եւ կտեսնենք, որ Սերժ Սարգսյանն ունի մտահոգություն, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ․ էս փաստից մենք իմանում ենք, որ էդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաեւ ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ։ ԼՂ բնակիչ լինելու համար պետք է բնակվել Լեռնային Ղարաբաղում։ Հարց․ ԼՂ բնակիչ ադրբեջանցիները, ըստ Սերժ Սարգսյանի հղման, Լեռնային Ղարաբաղում որտե՞ղ պետք է բնակվեին, որովհետեւ եթե իրենք բնակիչ են, իրենք պետք է որեւեէ տեղ բնակվեն։ Ես ուզում եմ այս առումով շնորհակալություն հայտնել «մերժվածին», որ այս առիթը տվեց, որովհետեւ երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին՝ բանակցային գործընթացում երբեք չի եղել այդպիսի հարց։ Հարց․ ԼՂ-ի՝ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին։ Հույս ունեմ՝ բոլորս հասկանում ենք այս հարցի պատասխանը»,-նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ միտք է առաջ տարվում, որ ես գիտեի, որ եթե բանակցողը փոխվի, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվի․ կանցնեն տարիներ, եւ կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը, եւ կպարզվի, որ բանակցային բովանդակություն փոխվել է, ծռվել է 2015 թվականի աշնանը, 2016 թվականի ձմռանը։ Նշենք, որ այս մասին իր վերջին հարցազրույցի ժամանակ խոսել է Սերժ Սարգսյանը։

«Եթե Սերժ Սարգսյանը որոշել է բացահայտումներ անել, թող բարի լինի՝ մարդկանց պատմել 2015-ի աշնան եւ 2016-ի ձմռան իրադարձություններին, որից հետո եկել է 2016-ի գարունը, եւ եղել է ապրիլի 2։ Բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, եւ դա ապացուցող փաստաթղթեր կան, բանակցությունների արձանագրություններ, որոնց հետ ես աշխատել եմ 2018-ին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը ասաց, որ Սերժ Սարգսյանն ասում է՝ մենք ուզում էինք՝ ԼՂ հարցը կարգավորվի խաղաղ եղանակով։ Հարց․ իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ էր դա արդյոք։ «Չէ՞ որ ինքը՝ «մերժվածը», 2017 թվականին իր հարցազրույցում ասում է, որ Ապրիլյան պատերազմը նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հարցը լուծել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում․ ի՞նչ են Մադրիդյան սկզբունքները․ երկու խնդիր կա՝ հանրաքվե եւ միջանկյալ կարգավիճակ։ Հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, նշանակում է հրաժարվել հանրաքվեից եւ միջանկյալ կարգավիճակից։ Բայց այստեղ ծագում է ամենասկզբունքային հարցը․ իսկ 2015-ի աշնանը եւ 16-ի ձմռանը, կարո՞ղ է պարզվել, որ միջնորդները սկսեցին պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը, եւ Մադրիդյան սկզբունքներն իրականում միայն ցուցանակ էին, որի ներքո տեղի էին ունենում ուրիշ պրոցեսներ»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «5+2» ձևաչափին։ ««5+2», եկեք խոստովանենք, որ էդպիսի հնարավորություն, ըստ էության, երբեք չի եղել, որովհետեւ դեռեւս 2016 թվականին իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է 7 շրջանների մասին, ինքն ասում էր՝ հայկական կողմը թողնում է 7 շրջանները, իսկ ադրբեջանական կողմն ասում էր՝ ոչ։  «5+2»-ը բանակցային, այսպես ասած, պաշարն է, որ հետագայում, երբ պրոցեսն անցնի անդառնալիության կետը, այդ երկուսը նրա համար են, որ տարբեր փուլերում կողմերի համար գործընթացը կամ գործարքը դարձվի ավելի կամ պակաս գրավիչ»։

Նրա խոսքով՝ հայկական կողմն ասել է՝ մենք յոթ շրջանները հանձնում ենք, հայկական կողմն ասել է՝ մենք ընդունում ենք, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցում պետք է մասնակցի ԼՂ ամբողջ բնակչությունը, որի մեջ մտնում են նաեւ ադրբեջանցիներ, Ադրբեջանն էլի է ասել ոչ, Ադրբեջանն ամեն ինչին ասել է ոչ։

«Պատերազմի ընթացքում ես ասել եմ՝ ցանկացած բան, որին համաձայն է Հայաստանը, ամենավատ տարբերակին անգամ, հաջորդ պահին Ադրբեջանը դրան այլեւս համաձայն չէ, ինքն ուզում է ավելին։ ԱԺ ամբիոնից 2018-ին Սերժ Սարգսյանն ասել է՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, կանգնած է, որովհետեւ բանակցությունների արդյունքներից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական եւ անընդունելի են մեզ համար, եւ ասել է՝ այլեւս գոնե շատ տեւական ժամանակ մենք չպետք է հույսեր փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կթողնի իր դիրքորոշումը՝ Ղարաբաղի հարցը ուժով լուծելու համար։ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից հայտարարել է բանակցային գործընթացի ձախողման եւ պատերազմի տրամաբանության մեկնարկի մասին»,- ասաց Փաշինյանը՝ հարց ուղղելով, թե միջնորդները կարո՞ղ է Ադրբեջանի անհամաձայնության հետ համաձայն էին։

«2016 թվականի հունվարի 23-ին, 2016-ի ապրիլի 2-ին ի՞նչ է տեղի ունեցել։ Բա, էն ժամանակ էլ էի ասում, պատերազմ կանխող էիք՝ կանխեիք, բա ինչի՞ չեք կանխել»,- նշեց նա։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե 2018-ից հետո է բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի ունեցել։

«Ոչ, դա տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է՝ ասելով, որ Ապրիլյան պատերազմը նշանակում է մեկ բան՝ Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ հարցի կարգավորումից՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակում»,- հայտնեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել