Հոգեբուժարաններից մինչև ՔԿՀ-ներում տույժերի և խրախուսանքի խնդիրներ․ ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստում
19:12 - 03 մայիսի, 2021

Հոգեբուժարաններից մինչև ՔԿՀ-ներում տույժերի և խրախուսանքի խնդիրներ․ ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստը: Նիստին, խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Փաստաբանների պալատի անդամներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նիստում քննարկվել են ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող արդիական խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և 2020 թվականի ընթացքում իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում:

«Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, փակ հաստատություններում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը, անգործունակ անձանց իրավունքների ապահովմանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում տույժերի և խրախուսանքի միջոցների կիրառմանն առնչվող հարցերը: Ներկայացվել են համակարգային այս խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերն ու մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին, համատեղ քննարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից հայտնում են, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել