shantnews.am: Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին այսօր կանչել են Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայություն՝ կապված Ռուսաստանի կողմից ԵՄ ութ քաղաքացիների մուտքի արգելքի հետ։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

Ստանոն նշել է, որ Եվրամիությունը վճռական բողոք կհայտնի Ռուսաստանի որոշման դեմ։ Նրա խոսքով ՝ «Ռուսաստանի այս որոշման համար իրավական հիմք չկա»:

«Մենք ծանուցում ենք ստացել, բայց ռուսական հակապատժամիջոցները քաղաքական դրդապատճառներ ունեն, և դրանք ոչ մի հիմնավորում չունեն»,- ավելացրել է Ստանոն:

ԵՄ-ից ռուս դիվանագետների հնարավոր արտաքսման մասին հարցին ի պատասխան Պետեր Ստանոն ասել է, որ այս պահին քննարկումները շարունակվում են:

«Եվ դա կապված է ոչ միայն ուրբաթ օրը Ռուսաստանի կայացրած որոշման հետ, այս ամենը սկսվել է ավելի վաղ ԵՄ անդամ պետությունում՝ Չեխիայում Ռուսաստանի գործողությունների հետ, որն անհամաչափ արձագանքեց դիվանագետների արտաքսմանը»,- նշել է Բորելի խոսնակը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը գնում է առճակատման ճանապարհով:

Ապրիլի 30-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Եվրամիության 8 քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու արգելքի մասին՝ ի պատասխան ԵՄ խորհրդի կողմից մարտի 2-ին և 22-ին Ռուսաստանի 6 քաղաքացիների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման: