hetq.am:  Ինչպես ավելի վաղ հայտնել ենք Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քննվող քրեական գործի շրջանակում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով:

Մովսես Հակոբյանը հայտնեց, որ հրավիրվել է հարցաքննության, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել: Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Հակոբյանը մեղադրանքի մասին այլ մանրամասներ չհայտնեց: Մեկնաբանության համար ԱԱԾ-ի հետ կապ հստատել չհաջողվեց:

Նշենք, որ դեռևս նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսին Մովսես Հակոբյանը ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ։ Նախ՝ նա նշեց, որ սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է: Ապա հավելեց, որ զինված ուժերի մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացվել, գլխավոր շտաբի ու նախարարության անձնակազմի թվաքանակը 95%-ով աճել է, փոխարենը կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, ավարտած՝ գնդերով, կրճատվել է հինգ գունդ, նաև՝ ջոկատի կազմն է կրճատվել` 11-ից դառնալով 9: Հակոբյանը այդ ժամանակ հայտնեց, որ պատերազմի ընթացքում զորահավաք չի իրականացվել. սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի բանակի համալրման պլանն իրականացվել է 78%-ով, Հայաստանինը` 52%-ով: Ի դեպ, Մովսես Հակոբյանն առաջին բարձրաստիճան զինվորականն էր, որը հրապարակային հայտնեց` պատերազմի ժամանակ Իսկանդեր է կիրառվել: