tert.am: Ազգային ժողովն այսօր օրակարգ չընդգրկեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ ամոթագրպանած ելնում և ժողովրդին սխալ տեղեկատվություն են մատուցում և Քրեական օրենսգրքում պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել նման ստախոսների գործունեությունը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նա, թեև օրինակ բերեց, սակայն շեշտեց, որ նախագիծը չպետք է համարվի մեկ անձի համար կարվող նախագիծ: «Խոսքը Պաշտպանության նախարարության լիազորված անձ Արծրուն Հովհաննիսյանի մասին է, որը 43 օր խաբեց, ասեց՝ հաղթելու ենք ու հանկարծ վերջին օրով պարզվեց, որ պարտվում ենք, ի՞նչ հաղթանակ: Նման ապատեղեկատվություն տարածողները պետք է պատժվեն»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ նախագիծը ստացել է Կառավարության բացասական եզրակացությունը: Ինչ վերաբերում է այն հիմնավորմանը, թե հասկացությունն անորոշ է, Գևորգ Պետրոսյանն օրինակ բերեց, որ անառակաբարո գործողությունները ևս մեկնաբանված չեն Քրեական օրենսգրքում, չկա կյանք հասկացությունը, բայց կան կյանքի դեմ ուղղված հանցագործություններ: