Օրենքի բացը` ավտոմեքենաների պետհամարանիշերի գողության խթան․ դատախազությունը քայլեր է ձեռնարկում
14:26 - 11 մայիսի, 2021

Օրենքի բացը` ավտոմեքենաների պետհամարանիշերի գողության խթան․ դատախազությունը քայլեր է ձեռնարկում

Վերջին շրջանում մամուլում ու համացանցում անդադար խոսվում է ավտոմեքենաների պետհամարանիշերի գողության մասին։ Այսպիսի գողությունների թիվը նկատելիորեն ավելացել է․ հիմնականում գիշերային ժամերին գողանում են մեքենայի համարներից մեկը՝ մեքենայի դիմապակուն կամ տեսանելի այլ տեղ թողնելով գրություն այն մասին, թե որքան գումարի դիմաց կվերադարձնեն համարանիշը։

Միշտ չէ, որ տուժողները դիմում են իրավապահներին, նրանց մի մասը նախընտրում է հավելյալ քաշքշուկներից խուսափելու համար միանգամից կատարել հանցագործի պահանջը՝ փոխանցել գումարն ու հետ ստանալ համարանիշը։ Հանցագործները պետհամարանիշերի տեղն ասելու համար պահանջում են փոխանցումներ կատարել ոչ միայն դրամական արժույթով, այլ նաեւ կրիպտոարժույթով։

Կրիպտոարժույթով զբաղվող անհատ ձեռնարկատեր Գեղամ Գեւորգյանն աշխատանքի բերումով առնչվել է այս հանցագործություններից տուժածների հետ։ Մոտ երկու ամիս առաջ Գեւորգյանի ընկերությանը գրել է մի քաղաքացի՝ բիթքոին գնելու հարցով՝ ներկայացնելով, որ այն անհրաժեշտ է իր մեքենայի գողացված համարանիշերը վերադարձնելու համար։

Infocom-ի հետ զրույցում Գեւորգյանը պատմեց, որ գնորդին միանգամից առաջարկել է դիմել իրավապահներին, ինչին ի պատասխան՝ գնորդը տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ ոստիկանություն, սակայն իրավապահներն ասել են՝ չնայած տեղյակ են հանցագործությունների մասին, սակայն որեւէ բան անել չեն կարող, ավելի լավ է՝ քաղաքացին պահանջված բիթքոինը փոխանցի, համարները հետ ստանա։

Մեր զրուցակիցն անձամբ մի քանի նման դեպք է հիշում, սակայն չի բացառում, որ եղել են նաեւ այլ հաճախորդներ, որոնք բախվել են խնդրին, ուղղակի գուցե իրենց ընկերությանը չեն ասել՝ ինչի համար է անհրաժեշտ բիթքոինը․

«Երեք-չորս նմանատիպ խոսակցություն եմ ունեցել այն անձանց հետ, որոնք ասում էին, թե ինչի համար է պետք բիթքոին, բոլորը իրավապահներին դիմելու իմ հորդորին ի պատասխան՝ ասում էին, որ կամ դիմել են ու ոստիկանությունից ստացել պատասխան՝ ավելի լավ է՝ տարեք, էդ բիթքոինը փոխանցեք, կամ էլ ասել են՝ անիմաստ են համարում դիմելը»,- մանրամասնեց Գեւորգյանը։

Վերջինիս, ի դեպ, նախորդ շաբաթ հրավիրել են ՀՀ ոստիկանություն՝ որոշակի «ճշտումներ» կատարելու, ապա ոստիկանության բաժանմունքում մեկ ժամ մնալուց հետո ոստիկանության օպերի անձնական մեքենայով տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի բաժին՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով զբաղվող քննիչի հետ զրուցելու։

«Իրավապահների ասած «ճշտումները» տեւել են յոթ ժամից ավելի, որի գերակշիռ ընթացքում ինձ չեն ներկայացրել իմ կարգավիճակը։ Ընդ որում՝ ոստիկանության բաժնում մեկ ժամ զրույցից հետո Քննչական կոմիտեի բաժնում ես մեկ այլ քննիչի աշխատասենյակում ժամեր շարունակ սպասել եմ այս դեպքերով զբաղվող քննիչին»,- պատմեց Գեւորգյանը՝ ընգծելով, որ միայն վերջում՝ իր բազմաթիվ հարցերից հետո են ասել, որ ինքը գործով վկայի կարգավիճակ ունի։

Իսկ թե ինչու են իրեն գործով վկա ներգրավել՝ Գեւորգյանին պարզ չէ․ 

«Ես պատասխանել եմ իրավապահներին հետաքրքրող հարցերին՝ ընթացքում փորձելով ճշտել կարգավիճակս, սակայն շուրջ 5,5 ժամ կարգավիճակ չունեի։ Բացի դրանից՝ մի քանի ժամ ինձ պահել են առանց որեւէ գործողություն կատարելու՝ միեւնույն ժամանակ թույլ չտալով դուրս գալ, ընդ որում՝ ասում էին՝ եթե փորձեմ դուրս գալ, ապա բերման կենթարկեն՝ ինձ համար բացարձակ անհասկանալի պատճառով։ Միայն ամենավերջում ինձ տրվեց վկայի կարգավիճակ, սակայն չեմ հասկանում՝ ինչու, հիմնավոր որեւէ մեկնաբանություն չլսեցի․ եթե իրենց պետք էր ճշգրտում, տեղեկություն կրիպտոարժույթների մասին, կարող էին դիմել, եւ ես բարյացակամորեն կհայտնեի տեղեկություններ»,- մանրամասնեց Գեւորգյանը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ հանգամանք:

Գեղամ Գեւորգյանի մեկնաբանությամբ՝ ինքն այս պարագայում ուղղակի տեղյակ է, որ նման հանցագործություններ են տեղի ունենում, գուցե գիտի փոքր ինչ ավելին, քան այլ քաղաքացիներ, քանի որ իրենք կրիպտոարժույթի ծառայություն մատուցող ընկերություն են։ 

«Ես այդպես էլ չհասկացա՝ ինչին եմ վկա եղել, վկա չեմ եղել կատարված հանցագործությանը, ոչ տեսել եմ համարանիշերը հանելու պրոցեսը, ոչ այլ ինչ, ուղղակի զբաղվում եմ կրիպտոարժույթով, իսկ իմ ընկերությունից համարանիշերը վերադարձնելու համար ցանկացել են գնել բիթքոին»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Նրա խոսքով՝ ՔԿ-ի քննիչը՝ Հայկուհի Հակոբյանը, իրեն բաժին հրավիրելու համար «շատ հեռվից է եկել»՝ չնայած գրանցված ընկերության ղեկավար է, ու իրեն գտնելը շատ հեշտ է։ Իսկ քննիչը գնացել է մեր զրուցակցի հաշվառման վայր, որտեղ այժմ այլ անձինք են բնակվում, նրանցից ուզել Գեւորգյանի՝ արտասահմանում բնակվող ծնողների հեռախոսահամարը եւ նրանց միջոցով Գեւորգյանին հրավիրել ՔԿ։ Ընդ որում քննիչը, մեր զրուցակցի խոսքով, տեւական ժամանակ չի հայտնել իր ազգանունը։

«Քննչական կոմիտեում, փաստացի, խախտվել են իմ իրավունքները, ինձ առանց կարգավիճակի կամ առանց իմ կարգավիճակը ներկայացնելու պահել են յոթ ժամից ավելի՝ անհիմն զրկելով ազատությունից՝ առանց ողջամիտ բացատրություն ներկայացնելու, իսկ վերջում, պարզվեց, կրիպտոարժույթի վերաբերյալ տեղեկություններ էին ուզում ստանալ։ Ողջ աշխատանքային օրը զրկվեցի ոչ միայն ազատությունից, այլ նաեւ այդ ընթացքում ունեցա բավականին ֆինանսական կորուստ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր իրավունքները խախտելու հարցով։

Ինչ վերաբերում է հանցագործությունների բացահայտմանը՝ Գեղամ Գեւորգյանն անձամբ հնարավոր է համարում այն պարագայում, եթե իրավապահներն իսկապես անհրաժեշտ ներուժով փորձեն գտնել հանցագործներին։ Ըստ նրա՝ եթե իրավապահները քաղաքացիների ահազանգերից անմիջապես հետո դեպքի վայրի մանրամասն զննություն ու համապատասխան գործողություններ անեն, ապա հնարավոր կլինի գործի ելքին օգնող բավականին տեղեկություններ հավաքել։ Գուցե այստեսակ հանցագործությունների բացահայտմանը որոշակիորեն խոչընդոտում է հանգամանքը, որ դրանցից որոշների դեպքում գործարքները կատարվում են կրիպտոարժույթով, սակայն կրիպտոարժույթն էլ պետք է կանխիկացվի, իսկ այդ դեպքում հնարավոր է հայտնաբերել կանխիկացնող անձին, եթե, իհարկե, կանխիկացումը չի իրականացվում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերով։ Գեղամ Գեւորգյանի համոզմամբ՝ այսպիսի հանցագործությունների բացահայտումը թեեւ բարդ է, սակայն անհնար չէ, ուղղակի անհրաժեշտ են շատ մասնագետներ եւ իրավապահների պատշաճ աշխատանք։

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի մեկնաբանությամբ՝ նմանատիպ դեպքերի բացահայտման փոքր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ գողության դեպքերի զգալի մասը կատարվել է գիշերային ժամերին։ Սա, նրա պնդմամբ, այն ժամանակահատվածն է, որ անչափ դժվար է գտնել վկաներ կամ հայտնաբերել գողությունը կատարող անձանց, որովհետեւ այսօր հիմնական մասը դիմակով է շրջում, տեսախցիկները գիշերային ժամերին չեն կարողանում հստակ պատկերել հանցանք կատարած անձանց։

Ինչ վերաբերում է ՔԿ քննիչի աշխատելաոճին եւ ոչ սահմանված կարգով անձին բաժին հրավիրելուն, Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնից Infocom-ին տեղեկացրին, որ Գեղամ Գեւորգյանի հաշվառման վայր այցելելով, ապա նրա ծնողների հետ կապ հաստատելու միջոցով են հրավիրել բաժին, քանի որ չեն գտել նրա հեռախոսահամարները։

Ի հավելումն նշենք, որ հայաստանյան օրենսդրության համաձայն՝ կորած զույգ համարանիշերի փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր, իսկ զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ: Այդ դեպքում մինչեւ կրկնօրինակի հատկացումը տրվում է «Ժամանակավոր-2» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով:

Տրանսպորտային միջոցների համարանիշեր տալու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաեւ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով, իսկ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման դեպքում` նաեւ տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար՝ 12.000 ՀՀ դրամի չափով։

Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն օրերս Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել Արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով Օրենսգրքի 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածով նախատեսված հանցագործության առարկաների շարքում նախատեսել եւ քրեական պատասխանատվություն սահմանել նաեւ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի հափշտակության եւ շորթման համար:

Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ. եւ 2021թ․ հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երեւան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի հափշտակության 306 դեպք: Արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշերը վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել:

Դատախազության պարզաբանմամբ՝ արձանագրված դեպքերի համեմատ քիչ թվով քրեական գործեր հարուցվելու հանգամանքը պայմանավորված է գործնականում տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հափշտակության որակման հարցի շուրջ առկա տարակարծություններով:

Մասնավորապես՝ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշերը հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որեւէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ արարքների կատարմամբ բոլոր դեպքերում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառվում է նյութական վնաս, քանի որ վերջինս հափշտակված համարանիշը ձեռք բերելու համար վճարել է գումար, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի դեպքում կարող է հասնել մինչեւ 8 միլիոն դրամի:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով համարանիշի վերականգնման նորմատիվ իրավական ակտերով սահմանված արգելքը, որպես վնաս կարող է դիտարկվել միայն դրա վերականգման համար վճարվելիք գումարը, այն է՝ պետական տուրքը։ Բացի դրանից՝ արարքի որակման առումով որոշակի բարդություն են ներկայացնում նաեւ այն դեպքերը, երբ հաշվառման համարանիշերը հափշտակելուց հետո հանցագործները ավտոմեքենաների վրա թողնում են իրենց հետ կապ հաստատելու համար տվյալներ, որից հետո ավտոմեքենաների սեփականատերերին ներկայացնում են պահանջ՝ որոշակի գումար վճարելու դեպքում դրանք վերադարձնելու մասին: 

Ըստ դատախազության՝ թեեւ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ շորթման դեպքում սպառնալիքը կարող է լինել նաեւ քողարկված, եւ տվյալ դեպքում այն կարող ենք դիտարկել որպես սպառնալիք՝ ուղղված գույքի՝ համարանիշի ոչնչացմանը, սակայն քիչ չեն դեպքերը, երբ համարանիշերը հայտնաբերվում են դեպքից անմիջապես հետո: Այդ պայմաններում առաջ է գալիս սպառնալիքի իրական լինելու հանգամանքի գնահատման խնդիր: Այս պայմաններում, ըստ դատախազության, շարունակվող դեպքերը, բացի համարանիշերի սեփականատերերին վնաս պատճառելուց, նպաստավոր պայմաններ են ստեղծում նաեւ այդ համարանիշերը այլ, առավել վտանգավոր հանցագործությունների կատարման ժամանակ օգտագործելու համար:

Դատախազությունը նշում է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման պարագայում վերոնշյալ հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը կդառնա առավել թիրախային, կապահովվի իրավական որոշակիությունը եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը:

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել