Համավարակների դեմ պայքարի միակ գործող միջոցը  պատվաստանյութ օգտագործելն է, ընդ որում՝ շատ արագ և մասսայաբար․ Հովակիմ Զաքարյան
18:30 - 12 մայիսի, 2021

Համավարակների դեմ պայքարի միակ գործող միջոցը պատվաստանյութ օգտագործելն է, ընդ որում՝ շատ արագ և մասսայաբար․ Հովակիմ Զաքարյան

Վերջերս տեղական և արտասահմանյան մամուլում հաճախ են հանդիպում նմանատիպ վերնագրերով հրապարակումներ․

«Ֆրանսիայում Astra Zeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել․ 1 անձ մահացել է» 

«Թաեքվանդոյի աշխարհի չեմպիոնը կորցրել է ոտքը․ նա դա կապում է Astra Zeneca-ով պատվաստվելու հետ»։ 

Պատվաստումները կարո՞ղ են վտանգավոր լինել մարդկանց առողջության համար կամ հանգեցնել մահվան։ Վիրուսաբան, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն ասում է, որ բոլոր դեղամիջոցները և  պատվաստանյութերը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ, որովհետև դրանք քիմիական նյութեր են․ «Պայմանականորեն, պատվաստանյութերը 1 միլիոն մարդուց 1-ի դեպքում կարող են առաջացնել որոշակի կողմնակի էֆֆեկտներ, որոնք ցանկալի չեն, և այդ կողմնակի էֆֆեկտները իրենց հերթին կարող են հանգեցնել բարդացումների, այդ թվում՝ մահվան։ Սա նորություն չէ։ Չկա որևէ պատվաստանյութ կամ դեղամիջոց, որ օգտագործում ենք տասնամյակներ կամ հարյուրամյակներ, և կարող ենք ասել, որ այդ դեղամիջոցը կամ պատվաստանյութը ամբողջովին անվտանգ է, չի կարող առաջացնել որևէ կողմնակի, անցանկալի էֆֆեկտ։ Խոսքը վերաբերում է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին»։

Վիրուսաբանի կարծիքով՝ անհրաժեշտ է կողմնակի ազդեցությունների պատճառով առաջացած մահերի թիվը համեմատել բուն հիվանդության պատճառով առաջացած մահերի թվի հետ․ «Սովորաբար կորոնավիրուսով վարակված 1 միլիոն մարդկանց 3-4 %-ը մահանում է։ 1 միլիոնի 3-4 % 30-40.000 մարդ է, և եթե այդ 30-40.000 մարդու դիմաց կողմնակի էֆֆեկտներից մահանում է 5 հոգի կամ 10 հոգի, ապա ակնհայտ է, որ պատվաստվելը շատ ավելի անվտանգ է, քան չպատվաստվելը և հիվանդությունից մահանալը։ Հետևաբար, լուրերը, որ այս պատվաստման արդյունքում կարող են առաջանալ թրոմբներ կամ կողմնակի էֆֆեկտներ, կամ պատվաստման պատճառով ինչ-որ երկրում 1 կամ 5 մարդ է մահացել, առանձին դեպքերի շահարկում են»։

Հովակիմ Զաքարյանն ասում է, որ շատ դժվար է պատճառահետևանքային կապը հաստատել և պնդել, որ անձը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետևանքով․ «Պատկերացրեք՝ պատվաստվեց ոմն Պետրոս, և պատվաստումից երկու օր հետո սրտի կաթվածի պատճառով մահացավ։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ պատվաստումն էր մահվան պատճառը։ Հստակ չենք կարող ասել․ կարող ենք ասել, որ տվյալ մարդը 2 օր առաջ պատվաստվել էր, բայց ո՞րն էր պատճառը, որ մահացավ․ կապը գտնելը շատ դեպքերում՝ գրեթե մեծամասնության ժամանակ, անհնար է։ Կարող ենք ասել, որ պատվաստումից երկու օր հետո տվյալ անձը մահացել է, բայց դա դեռևս չի նշանակում, որ մահվան բուն պատճառը պատվաստումն է, և եթե այդ պատվաստումը չլիներ, այդ մարդը չէր մահանա»։

Նրա խոսքով՝ բոլոր պատվաստումները, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները, որոնք այս պահին հասանելի են, ունեն համապատասխան հակացուցումներ․ «Այդ ամբողջ ինֆորմացիան բաց, հասանելի դրված է, և այդ ամբողջ ինֆորմացիան հասանելի է դարձել հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Ինչպես ցանկացած դեղամիջոցի, այդպես էլ պատվաստանյութերի դեպքում, եթե կան հակացուցումներ, դրանք նշվում են, և այդ ինֆորմացիան բաց ու հասանելի է, ցանկացած մարդ այն կարող է կարդալ վստահելի աղբյուրներից, օրինակ՝ ԱՀԿ-ից»։

Զաքարյանն ասում է, որ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր պատվաստման դեմ կա որոշակի հակապատվաստումային շարժում․ «Զարմանալի չի լինի, եթե դա լինի նաև կորոնավիրուսի դեմ, և անպայման կգտնվեն մարդիկ, որոնք պատվաստման մեջ կգտնեն ինչ-որ խնդիրներ, և կասեն, որ պետք չէ պատվաստվել։ Նույնկերպ էլ մարդիկ ասում էին, որ կորոնավիրուսը կեղծ բան է, հորինված բան է, նույն տրամաբանությամբ կարող են շարունակել և ասել, որ պատվաստումը սուտ է, պատվաստումը մարդկանց դեմ ուղղված հատուկ զենք է և այլն և այլն»։

Վիրուսաբանն ընդգծում է, որ մարդկության պատմության գոնե վերջին 100 տարվա ընթացքում ապացուցվել է, որ նմանատիպ համավարակների դեմ պայքարի միակ գործող միջոցը  պատվաստանյութ օգտագործելն է, ընդ որում՝ շատ արագ և մասսայաբար․ «Եթե կորցնում ենք արագությունը, եթե կորցնում ենք մասսայականությունը և պատվաստում ենք, օրինակ, բնակչության 20%-ին, այդ դեպքում պատվաստումը որևէ էֆֆեկտ չի թողնում։ Պետք է շատ արագ գործենք, որպեսզի կարճ ժամանակամիջոցում՝ ընդամենը 1-2 ամսվա ընթացքում, կարողանանք մեր երկրի բնակչությանը պատվաստել։ Հակառակ դեպքում, եթե այդ պրոցեսը ձգձգվի ամիսներ, և մենք չկարողանանք այդ ամիսների ընթացքում պատվաստել երկրի բնակչության գոնե 80%-ին, այդ պատվաստման պրոցեսը կդառնա անարդյունավետ։ Սա է կարևորը, մնացածը երկրորդական է»։

Երեկ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, Infocom-ի հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո առողջական վիճակի վատացման որևէ դեպք չի գրանցվել, գրանցվել են բոլոր պատվաստումներին բնորոշ հետպատվաստումային սիմպտոմները։

Հավելենք, որ Հայաստանում մայիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ և՛ «Astra Zeneca» և՛ «Sputnik V» պատվաստանյութերով պատվաստվել է 10727 քաղաքացի։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։ Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային բոլոր վայրերում։

Պատվաստումներին վերաբերող միֆերին և այդ միֆերը հերքող փաստերին կարող եք ծանոթանալ Infocom-ի պատրաստած տեսանյութում։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել