Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, երկկողմ և բազմակողմ փոխգործակցության հարցեր
19:19 - 12 մայիսի, 2021

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, երկկողմ և բազմակողմ փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ապրիլի 12-ին հանդիպել է  պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի շուրջ: 

Ըստ աղբյուրի՝ վերահաստատվել է փոխադարձ հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու առկա ավանդական բարիդրացիական հարաբերություններին նոր դինամիկա հաղորդելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Այս առնչությամբ կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների պարբերական անցկացումը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծել է, որ ուժի կիրառումը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորումը և խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել