Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանում՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ինչու է բացակայում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրին լուծում տալու հնարավորության դրվագը
15:07 - 14 մայիսի, 2021

Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանում՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ինչու է բացակայում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրին լուծում տալու հնարավորության դրվագը

Երեկ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ-ին)՝ ՀՀ ինքնիշխան տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Հայտարարությունից ժամեր անց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ ռուսական կողմը վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սերտ կապերը պահելու իր պատրաստակամությունը։

Այս հեռախոսազրույցից հետո Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերջինս վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, ընդգծել Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման անհրաժեշտությունը։ Հետաքրքրականն այն է, որ հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվում է, որ հեռախոսազրույցը ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ է կայացել, եւ բացակայում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով խնդրին լուծում գտնելու հնարավորությանն առնչվող հատվածը․

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ»,- մասնավորապես ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Իսկ ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշված է հետեւյալը․

«Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին՝ այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»։

Հայաստանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ այս դրվագի բացակայությունը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի մեկնաբանում։ 

Infocom-ի հարցին, թե ինչու չկար ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրի լուծման հնարավորության մասին հատվածը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը պատասխանեց այսպես․ «Ես մեր տարածած հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեմ, բավարարվեք տարածված հաղորդագրությամբ»։

Ճշտող հարցին, թե որեւէ այլ մեկնաբանությո՞ւն էլ չունեն, Խաչատրյանը բացասական պատասխան տվեց։

Իսկ թե ինչու է հատուկ շեշտվել, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, Խաչատրյանն ասաց, որ դա ընդունված պրակտիկա է եւ դրանում որեւէ խնդիր չկա։ Հարցը, թե որ դեպքում է նշվում եւ որ դեպքում չի նշվում՝ որ կողմն է նախաձեռնողը, Խաչատրյանը դարձյալ չմեկնաբանեց՝ կրկնելով, որ հրապարակված հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունի․ «Իրականությունն այդպես է․ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը»։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետից հետաքրքրվեցինք, թե ինչու է Փաշինյանը ադրբեջանական զորքի՝ Սյունիքի տարածքում հայտնվելուց միայն 24 կամ ավելի ժամ հետո զանգահարել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ, ինչպես թույլ է տալիս ենթադրել պաշտոնական լրահոսը, տարածաշրջանի այլ դերակատարների հետ կապ չի հաստատել․ Խաչատրյանը մեկնաբանեց, որ վարչապետի ունեցած հեռախոսազրույցներից ոչ բոլորն են հրապարակման ենթակա։

Մեր ճշտող հարցին, թե մինչ այս հեռախոսազրույցը այլ հեռախոսազրույցներ ունեցե՞լ է Պուտինի հետ, Խաչատրյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի։ Վերջինս տեղեկություն չունի նաեւ՝ վարչապետը տարածաշրջանի այլ դերակատարների հետ կապ հաստատե՞լ է, թե՞ ոչ։ 

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել