Արա Այվազյանն ու Քուբադ Թալաբանին քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր
16:42 - 15 մայիսի, 2021

Արա Այվազյանն ու Քուբադ Թալաբանին քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր

Մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։

Ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ֊քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծել է վերջին շրջանում Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Արա Այվազյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` խորացնելու և ընդլայնելու Իրաքյան Քուրդիստանի Ինքնավարության հետ փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և տեղի իշխանությունների միջև հաստատված սերտ կապերը:

Անդրադարձ է կատարվել հեռանկարային ուղղություններ հանդիսացող բարձր տեխնոլոգիաների,  ստեղծագործ կրթության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։

Երկուստեք բարձր է գնահատվել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր։ Առանձնահատուկ կարևորվել է Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ու պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը:

Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգման շուրջ համագործակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը պատվիրակության անդամներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունների  հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել