Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ
17:22 - 17 մայիսի, 2021

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀԱՊԿ շրջանակում հարցը պատշաճ քննարկելու և տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՊԿ գործընկեր երկրների դիրքորոշումների համադրման անհրաժեշտության վրա:

Նախագահ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել