Երբ հարցը հասնում է Երուսաղեմին, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մտնում է փակուղի․ Հայկ Քոչարյան
17:30 - 18 մայիսի, 2021

Երբ հարցը հասնում է Երուսաղեմին, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մտնում է փակուղի․ Հայկ Քոչարյան

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր էսկալացիան վերջին օրերին դարձյալ աշխարհի ուշադրության կենտրոնում է։ 

Հակամարտության վերջին սրումը սկսվել է մայիսի 7-ին Ալ-Աքսա մզկիթի մոտ պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև բախումներով։ Ըստ Reuters-ի՝ բախման պատճառ է դարձել Իսրայելի դատարանի որոշմամբ պաղեստինցի ընտանիքների՝ այդ տարածքից վտարման հնարավոր որոշումը։ 

Ինչպե՞ս է առաջացել այս հակամարտությունը, ո՞րն է վերջին զարգացումների պատճառը, և ի՞նչ հնարավոր հետևանքների կարող է հանգեցնել նոր իրավիճակը։ 

 

Սկիզբը

Արաբագետ Հայկ Քոչարյանն ասում է, որ խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ հրեական ներկայությունը տարբեր դրսևորումներով սկսում է կազմակերպվել Պաղեստինում։

Հրեական ներգաղթի արդյունքում 20-րդ դարի սկզբից սկսած՝ 1931 թվականից, Պաղեստինում հրեական բնակչության ավելացել էր 2 անգամ և կազմում էր ընդհանուր բնակչության 17%-ը։ 1933 թվականին՝ Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց հետո, հրեաների ներգաղթը դեպի Պաղեստին եռապատկվեց։ Իսկ արդեն 1947 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ Պաղեստինը բաժանվեց հրեական և արաբական հատվածների՝ սկիզբ դնելով Իսրայել պետությանը։

Հայկ Քոչարյանի խոսքով՝ 1947-1948 թվականներից էլ սկսվում է հակամարտության ակտիվ փուլը․ «Եթե տիպաբանորեն բաժանենք, խնդիրը ավելի շատ դառնում է իսրայելա-պաղեստինյան հակամարտություն՝ կոնտեքստում ունենալով իսրայելա-արաբական հակամարտությունը, և հաջորդ փուլերը, ըստ էության, փորձ էին Իսրայելի կողմից՝ լոկալիզացնելու խնդիրը ու դարձնելու իսրայելա-պաղեստինյան և ոչ իսրայելա-արաբական հակամարտություն»։

1967 թվականի հունիսի 5-ին սկսված և վեց օր տևած պատերազմից հետո էլ Իսրայելին հաջողվեց գրավել արաբական երկրներին պատկանող ընդարձակ տարածքներ։

Արաբագետի խոսքով՝ արդեն 2000-ականներին Իսրայելի վարչապետ դարձած Բենիամին Նեթանյահուն կոշտ գծի կողմնակից էր և դեմ էր զիջումների գնալուն․ «Նեթանյահուն «ոչմիթիզական» կոնցեպտի հետևորդն էր, եթե մեր տերմիններով խոսենք։ Նա չէր ընդունում հողեր զիջելը, ընդհակառակը, ամեն ինչ արեց, որ խնդիրը տրանսֆորմացվի այլ մանր խնդիրների, և արդյունքում Միացյալ Նահանգների վարչակազմերի տարբերությունները, վերջին շրջանում ունեցած վերաբերմունքը բավականին լուրջ հնարավորություններ տվեցին այդ գիծը առաջ տանելու, այսինքն՝ լավացնելու հարաբերությունները արաբական երկրների հետ։ Փորձ էր արվում ցույց տալու, որ հակամարտությունը չի վերաբերում արաբական երկրներին։ Այս ամբողջը որոշակիորեն սեղմեց պաղեստինյան խնդիրը, բայց խնդիրը չվերացավ»։

Հայկ Քոչարյանն ասում է՝ բոլոր այն նախաձեռնությունները, որոնցով հանդես են եկել Վաշինգտոնը, Եվրամիությունը, արաբական երկրները, տապալվել են, որովհետև երբ հարցը հասնում է Երուսաղեմին, իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը փակուղի է մտնում․ «Բոլոր ներգրավված կողմերի համար Երուսաղեմն իրենցն է։ Իսրայելի համար միասնական Երուսաղեմը իրենց մայրաքաղաքն է՝ ներառյալ արևելյան հատվածը, պաղեստինցիների համար Երուսաղեմն իրենց մայրաքաղաքն է։ Կան կրոնական և դիցաբանական շատ հարցեր։ Երկու ժողովուրդների համար էլ Երուսաղեմը կարևոր սրբատեղի է։ Քանդված Տաճարի պատը հրեաների համար կարևոր սրբատեղի է։ Երուսաղեմում է նաև Ալ-Աքսա մզկիթը, որը Մեքքայից և Մեդինայից հետո հաջորդ սրբավայրն է մուսուլմանների համար»։

Քոչարյանի խոսքով՝ Երուսաղեմը նաև այլ շերտեր ունի․ «Կա քրիստոնեական Երուսաղեմ, բայց քրիստոնեական Երուսաղեմն էլ իր հերթին ունի հայկական Երուսաղեմ։ Այսինքն, քրիստոնեական, մուսուլմանական կամ հրեական ասելով, մենք ոչինչ չենք հասկանում, որովհետև հրեականն էլ ունի իր ուլտրաօրթոդոքս արտահայտման ձևը, կա լիբերալ շերտը։ Նույնը կա մուսուլմանական հատվածում։ Այդ խնդիրը լուծում չունի, քանի դեռ հաշվի չեն առնվում ներգրավված բոլոր շերտերի շահերը, որոնք իրար շատ հակասող են»։

 

Հակամարտության վերջին սրումը

Արաբագետն ասում է, որ այսօր կատարվողը նույնպես կապված է Երուսաղեմի հետ, սակայն հակամարտության նոր սրումը որակական շատ տարբերություններ ունի նախորդ դեպքերի համեմատ։ «Նախորդ շրջանում, երբ խնդիրը հասնում էր ինթիֆադայի (ապստամբություն), տեսնում էինք արաբական երկրների մեծամասնության ներգրավվածությունը, բացահայտ աջակցությունը թե՛ հռետորաբանությամբ, թե՛ միջամտության փորձերով։ Բախումներից մոտ մեկ շաբաթ անց նոր տեսնում ենք Արևմտյան ափի ներգրավվածությունը (Արևմտյան ափում Պաղեստինի՝ միջազգայնորեն ճանաչված իշխանության նստավայրն է՝ Մահմուդ Աբասի գլխավորությամբ։ Կոնֆլիկտի վերջին սրումը, սակայն, կապված է Գազայի հատվածում իշխանության եկած «ՀԱՄԱՍ» շարժման հետ, որը մի շարք երկրներում ահաբեկչական կազմակերպություն է համարվում)։ Այսինքն՝ փորձ է արվում խնդիրը լոկալիզացնել Գազայի հատվածում, իսկ այդ հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» շարժումը հայտնի է իր ծայրահեղ մոտեցումներով և չի ուզում կամ գոնե հռետորաբանության մակարդակով չի ուզում համագործակցել Իսրայել պետության հետ»։

Արաբագետը նաև ընդգծում է, որ բացի Գազայի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողություններից՝ բախումները տեղափոխվել են նաև իսրայելական քաղաքներ։ Խառը բնակչություն ունեցող քաղաքները դուրս են եկել վերահսկողությունից․ «Կա Լոդի (արաբերեն Ալ-Լիդա) օրինակը, որը մինչ այս պահը համարվում էր շատ կրիմինալ տարածք։ Ոչ ֆորմալ առումով այն համարվում էր Իսրայելում նարկո բիզնեսի կենտրոն։ Այս քաղաքը առաջիններից էր, որտեղ սկսվեցին հրեական և արաբական բախումներ։ Հրեական երիտասարդությունը ինքնադատաստան է տեսնում պաղեստինցիների հանդեպ, նույնն էլ արաբական կողմից է։ Արդեն մի քանի քաղաքներում, որտեղ կա խառը բնակչություն, նկատում ենք այդ պրոցեսը, և արդեն որերորդ օրն է՝ իշխանությունը չի կարողանում վերահսկել»։

Հայկ Քոչարյանն ասում է, որ կոնֆլիկտի վերջին սրումն առանձնանում է նաև հետևյալ հանգամանքով․ ոստիկանությունը, հատուկ ուժերը հրեաների և արաբների այս բախումներին ադեկվատ արձագանքել չեն կարողանում․ «Թվում է, թե ունենք զարգացած, հզոր պետություն, որը, սակայն, չի կարողանում վերահսկել իրավիճակը երկրի ներսում և չգիտի ինչ անել Իսրայելի արաբ քաղաքացիների հետ։ Այստեղ առաջին անգամ բախվում են այդ խնդրի հետ, երբ իրենց երկրի (Իսրայելի- խմբ․) քաղաքացիները դեմ են այդ երկրին, որից ստանում են աշխատավարձ, որից ստանում են անվտանգության երաշխքիներ»։

Քոչարյանի կարծիքով, սակայն, բախումները քաղաքացիական պատերազմի չեն վերածվի․ «Չնայած երկրի ղեկավարի կողմից բարձրաձայնվեց քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, իմ կարծիքով՝ իրավիճակն այդքան անվերահսկելի չի, կան ռեսուրներ, կան միջոցներ»։

Արաբագետը նաև նկատում է, որ երկրի ներսում սկսված բախումները կարող են ձեռնտու լինել գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ներքաղաքական խնդիրները լուծելու համար։

Նշենք, որ Իսրայելում վերջին երկու տարվա ընթացքում չորս խորհրդարանական արտահերթ ընտրությունն է կազմակերպվել։ Պատճառն այն է, որ ընտրություններին մասնակցող ուժերը բավարար ձայներ չեն հավաքում՝ ինքնուրույն կառավարություն կազմելու համար, իսկ հիմնական մրցակիցներին չի հաջողվում կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Հայկ Քոչարյանի խոսքով՝ հավանական է, որ Նեթանյահուն սրանով վիժեցնում է հակառակորդ կողմերի հետ հնարավոր կոլաիցայի կազմումը․ «Այդտեղ հիմնական կոալիցիայի մեջ պետք է մտնեին արաբական բլոկի ներկայացուցիչները, իսկ այս գործողություններից հետո դժվար է պատկերացնել նման բան, ինչը հուշում է, որ Իսրայելում այս գործողությունների արդյունքում հերթական ընտրություններն են սպասվում։ Նեթանյահուի կոշտ գծի արդարացումը կարող է բերել էլեկտորատի նոր վերաբաշխման և նոր հնարավորություն տալ կա՛մ իր ձայները ավելացնելու տեսքով, կա՛մ ծայրահեղ հրեական կուսակցությունների ներկայացվածության տեսքով, որոնք նույնպես կան և կարող են իրենց ձայները էլեկտորատում ավելացնել»։

Քոչարյանն ընդգծում է, որ Նեթանյահուն տարբեր քրեական գործերով է անցնում․ «Նեթանյահուն երկիրը ղեկավարելու արանքում շաբաթական մի քանի անգամ գնում է դատարաններ ցուցմունք տալու։ Միակ բանը, որ կարող է հետ պահել այդ գծի զարգանալուն և դատարանի առջև կանգնելուն, դեռ իշխանությունը պահելն է»։

Անդրադառնալով Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողություններին՝ արաբագետն ասում է, որ հետագայում հարցեր կառաջանան, թե ինչպես են Գազայի հատվածում այդքան հրթիռներ հայտնվել․ «Գազայի հատվածը շրջափակված է, այդ թվում՝ ծովից։ Իսրայելի սահմանային հատվածը անասելի ամրացված է, հողի տարբեր խորություններով սահմանը բետոնապատված է, որպեսզի հնարավոր չլինի թունելներ փորել դեպի Իսրայել․ ժամանակին դրա միջոցով ահաբեկչություններ էին լինում, թափանցում էին Իսրայել։ Այստեղ երևի հետո հարցեր կառաջանան, թե որտեղից են այդքան հրթիռներ հայտնվել Գազայում, իսկ դա հաջորդիվ կփորձեն պարզել»։

 

Իրավիճակի հնարավոր հանգուցալուծումները

Խոսելով իրավիճակի հնարավոր զարգացումներից՝ Քոչարյանը նշում է, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ արտաքին ուժերի ներգրավմամբ տեղի չեն ունենա․ «Իսրայելական բանակը բավականին մարտունակ բանակ է, իսկ հակառակ կողմը «ՀԱՄԱՍ»-ն է, որը, որպես այդպիսին, բանակ չունի։ Լայնամասշտաբ ռազմական գործողությունների արտաքին ուժերի ներգրավմամբ, իմ կարծիքով, չեն կարող լինել։ Լարվածության կենտրոն կարող են պահել Գազան՝ Իսրայելին ինչ-որ գործերում խանգարելու համար։ Գազայի աշխարահագրական դիրքը այնպիսին է, որ հնարավոր է լոկալիզացնել այդ հատվածը Իսրայելի կողմից և թույլ չտալ արտաքին ուժերի մասնակցություն»։

 

Միջազգային հանրության արձագանքը

Արաբագետն ասում է՝ անհրաժեշտ է իրատես լինել և հասկանալ, որ երկրներն արձագանքում են՝ ըստ իրենց շահերի։ Անգամ այն պետությունները, որոնցից պետք էր սպասել ավելի կոշտ հռետորաբանություն, հակամարտության վերջին սրացման ժամանակ ավելի մեղմ հռետորաբանությամբ են հանդես եկել․ «Օրինակ, Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները լավանում են Իսրայելի հետ, և պարզ է, որ իրավիճակի նոր սրումը նախկին արձագանքը չի ստանում։ Եթե վերցնենք Երուսաղեմում ստեղծված իրավիճակը, այս անգամ ավելի բարդ բաներ են տեղի ունեցել, այսինքն՝ ոստիկանական գործողություններ են տեղի ունեցել հենց մզկիթի տարածքում, զենք է կիրառվել հենց մզկիթի տարածքում, և կապ չունի՝ զենքը մարտական է եղել, թե զսպող»։

Հայկ Քոչարյանն ընդգծում է, որ մուսուլմանական ավանդույթի համաձայն՝ ռամադան ամսին չի թույլատրվում զենք գործածել և ռազմական գործողություններ իրականացնել, եթե չկա սպառնալիք, որովհետև այն սրբազան ամիս է․ «Այս դեպքում որոշ երկների կողմից ինչու՞ չկա կոշտ արձագանք։ Որովհետև դիմացը կա պետություն (Իսրայելը- խմբ․), որը ունի կոնկրետ շահեր, որոնցով փոխկապակցված են այս պետությունները, այսինքն՝ էմոցիաները մի կողմ են դնում»։

 

Կոնֆլիկտի հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա

Քոչարյանն ասում է, որ իսրայելա-պաղեստինյան խնդիրը վերադառնում է միջազգային օրակարգ․ «Թվում էր, թե այս խնդիրը անցել-գնացել էր միջազգային օրակարգից, բայց վերջին սրացումը գերտերությունների ուշադրությունը կարող է կրկին շեղել իր վրա։ Այդ տեսանկյունից միջազգային գործընթացները, որոնք տեղի կունենան մեր հարևանությամբ, մեզ հետ, կարող են շատ չհետաքրքրել միջազգային կենտրոններին, բայց նաև կարող են այդքանով իրար փոխլրացնել, քանի որ լարվածության տարբեր կենտրոններ են ձևավորվում, դառնում են ազդեցության տարբեր գործքիներ, և տարբեր ուժեր կարող են ազդել, այսինքն՝ պրոքսի պատերազմներ կարող են լինել»։

Արաբագետը նաև հիշեցնում է, որ այս փուլում Հայաստանի Հանրապետությունը Իսրայելում չունի դեսպան․ «Շատ կարևոր է, որ դեսպան լիներ, որովհետև երկրի շահերը ներկայացնում է դեսպանը։ Այսինքն՝ մենք ներկայացված չենք, մեր շահերը չկան ոչ մի տեղ այն դեպքում, երբ այնտեղ ունենք հսկայական նյութական և մշակութային ժառանգություն։ Իսրայելում նաև հայկական համայնք կա, որը միայն հայկական թաղամասում չի ապրում։ Ճիշտ է, հայկական թաղամասը հարաբերականորեն անվտանգ է, և այնտեղ հրթիռներ չեն ընկնում, բայց Իսրայելի գրեթե բոլոր քաղաքներում հայեր են ապրում և նրանք նույն կերպով վտանգվում են»։

Վերջին տեղեկություններով՝ երեկ երեկոյան Իսրայելը դարձյալ ավիահարված է հասցրել «ՀԱՄԱՍ»-ին պատկանող ռազմական օբյեկտներին։ Մայիսի 20-ին տեղի կունենա իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել