Կայացել է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին նվիրված պաշտոնական կայքի շնորհանդեսը
22:30 - 18 մայիսի, 2021

Կայացել է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին նվիրված պաշտոնական կայքի շնորհանդեսը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացնող պաշտոնական կայքի՝ Protectedareas.am-ի շնորհանդեսը։
 
Շնորհանդեսին ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության ներկայացուցիչներ։
 
Հայաստանում կա 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 232 բնության հուշարձան։ Ինտերակտիվ լուծումներով եռալեզու կայքում Հայաստան այցելող զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքներին։
 
Protectedareas.am-ում բոլոր պահպանվող տարածքների մասին անհատապես պատմություններ կան և՛ համառոտ, և՛ ընդլայնված տարբերակներով, կան նաև տեսանյութեր, որոնք անգլերեն են։
 
Protectedareas.am-ում գրեթե բոլոր կադրերը նկարահանված են դրոններով, որպեսզի հնարավոր լինի այդ տարածքները տեսնել բոլոր կողմերից՝ 360 աստիճան շառավղով և ավելի լավ ուսումնասիրել դրանք: Նկարները հագեցած են համապատասխան գործիքներով, որոնց վրա սեղմելով կարելի է լրացուցիչ տեղեկատվություն ստանալ տվյալ տեղանքի, կենսաբազմազանության, կենդանական և բուսական աշխարհների մասին:
 
Կայքում տեղադրված են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների արահետների քարտեզները, որոնք հնարավոր է ներբեռնել բջջային համապատասխան հավելվածի միջոցով: Հավելվածը գործում է և՛ IOS, և՛ Android համակարգերում: Կայքն ստեղծել է «360Stories» ընկերությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել