8 ամսվա ընթացքում կառավարությանը դեռևս չի հաջողվում ամբողջական պատկեր ապահովել և բերել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որը բիզնեսը սպասում է. Մ. Մելքումյան |tert.am|
18:14 - 05 ապրիլի, 2019

8 ամսվա ընթացքում կառավարությանը դեռևս չի հաջողվում ամբողջական պատկեր ապահովել և բերել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որը բիզնեսը սպասում է. Մ. Մելքումյան |tert.am|

tert.am:  8 ամսվա ընթացքում դեռևս կառավարությանը չի հաջողվում ամբողջական պատկեր ապահովել և բերել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որը բիզնեսը սպասում է: Այս մասին մասին ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Հետհեղափոխական շրջանում քաղաքական հեղափոխությունից հետո կա սպասում, որպեսզի բիզնեսի այնպիսի սահմանադրություն ընդունվի, որը կխթանի ներդրումները և կսահմանի չփոփոխվող խաղի կանոններ: Ես չեմ ասում, որ անմիջապես հեղափոխությունից հետո պետք էր ներդրումներ մեծ ներհոսք ակնկալել: Բայց քանի դեռ մենք չունենք կայուն խաղի կանոններ, որը համոզում է ներդրողին, որ արդեն բյուրեղացված խաղի կանոններ են, առայժմ ես մի քիչ վերապահում ունեմ, որ մեծածավալ ներդրումներ գալու են:

Մի բան էլ ասեմ, որ մենք ամեն գնով պետք է փայփայենք ներդրումները, այսօրվա պետական կառավարման համակարգում առայժմ չեմ զգում ներդրողներին ներգրավելու և փայփայելու լիարժեք ցանկություն»,- նշել է պատգամավորը:

Միքայել Մելքումյանը շատ վտանգավոր է համարում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հայտարարությունները, որ Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները հրատապ խնդիրների լուծման համար են և սպասվում է ՀՕ փոփոխությունների երկրորդ փուլը:

«Հայտարարում են՝ Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները արմատական լուծումներ չեն տալիս, խաղի կանոններին պետք է սպասենք հաջորդ փուլում: Չի կարելի, երբ դու այդպիսի հայտարարություն ես հնչեցնում, ներդրողը սպասելու է, մտածելու է՝ սպասենք երկրորդ փուլին, տեսնենք՝ ինչ են անում, բա եթե այս խաղի կանոնները չիմանամ, գամ, ներդրում անեմ և 2-րդ փուլում հարկային այնպիսի փոփոխություններ ընդունենք, որ ձեռնտու չլինի: Դրա համար տնտեսական քայլերը պետք է հասկանալի քաղաքական մեսիջներ պարունակեն»,- ասել էնա:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների ներկայիս փաթեթի հիմնական փոփոխությունը վերաբերում է եկամտահարկի համահարթ 23 տոկոսի մոդելին անցնելուն: Թեև ԲՀԿ-ն կողմ է պրոգրեսիվ հարկման մեխանիզմը պահպանելուն՝ մեծ եկամուտից, մեծ եկամտահարկ գանձելուն, բայց որպես ժամանակավոր լուծում դեմ չէ նաև համահարթին:

«Նախևառաջ, սա ժամանակավոր է, որովհետև դեռևս 5 տարի տարեկան կես տոկոսով եկամտահարկը նորից պետք է իջնի, որպեսզի շահութահարկը և եկամտահարկը հավասարվեն և աշխատավարձեր չթաքցվեն: Երբ որ դրանք հավասարվում են, գործատուի համար մեկ է դառնում, նա եկամտահարկի չափը կարող է ճիշտ ցույց տալ: Բայց սա ժամանակավոր է, որովհետև սոցիալական արդարության հիմքերը խարխլվում են ինչ-որ չափով»,- նկատել է պատգամավորը:

Միքայել Մելքումյանի ներկայացրած տվյալներով՝ ՀՀ-ում եկամտային հարկ վճարող 640 հազար աշխատողներից մոտ 400 հազարը ամսական ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ:

«Այսինքն, այդ 400 հազարի չի վերաբերելու համահարթ եկամտահարկը: Եվս 135 հազարը ստանում են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ, նրանց էլ վերաբերելու է ամսական 2000-2500 դրամի չափով: Այնտեղ մնում է 100 հազար մարդ, որոնց վրա էական ազդեցություն կունենա: Որևէ մեկը դեմ չէ, որ եթե մարդը բարձր աշխատավարձ է ստանում, մի քիչ ավելի եկամուտ մնա նրան, բայց դա չպետք է լինի ցածր եկամուտների նկատմամբ անտարբեր լինելու հանգամանքով պայմանավորված: Այս ՀՕ-ն սոցիալական արդարության խնդիրն ակնառու չի կարգավորում»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել