Գրագողություն․ կարճաժամկետ խա՞յպ, թե իրական բարեփոխումներ [Challenge 18.2 | Զարուհի Սիմոնյան]
22:26 - 22 մարտի, 2021

Գրագողություն․ կարճաժամկետ խա՞յպ, թե իրական բարեփոխումներ [Challenge 18.2 | Զարուհի Սիմոնյան]

Սիմոնյան Զարուհի

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։

 

Վերջին երկու տարում գրագողության մասին սկսեցին խոսել բոլորը, սակայն ինչպես իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, նպատակը ոչ թե գրագողության դեմ համակարգային պայքարն էր, այլ պայքարի իմիտացիան։ Հենց պայքարի իմիտացիայի արդյունքում է, որ հեղափոխությունից երեք տարի անց չկա օրենսդրական որևէ բարեփոխում, և փոխարենը կան անցյալի վերաբերյալ հակասական գնահատականներ տալու չարդարացված փորձեր։

Գրագողության սահմանումը

Մինչ  գրագողությունից խոսելը եկեք պարզենք, թե ըստ ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի՝ ինչ է գրագողությունը։ Որքան էլ տարօրինակ չթվա, կանոնակարգում գրագողության մասին գրված է ընդամենը մեկ նախադասություն․ «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։  Փոխառությունը լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում՝ բառի անցումն է մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառված տարրերը՝ բառերը (ածանցները, բառակազմական կաղապարները և այլն)։ Փաստորեն փախառությունը բառացիորեն նույն մտքի կրկնությունն է, որը նույնալեզու աշխատանքների դեպքում հնարավոր է լինում համակարգչային ծրագրերի միջոցով բացահայտել։ Սակայն կարելի է ենթադրել, որ կանոնակարգում, փոխառված դրույթ կամ նյութ ասելով, նկատի են ունեցել  մտքերի վերաձևակերպումը (paraphrasing) և թարգմանությունը։

Շարունակենք կարդալ կանոնակարգը։ Այստեղ ասվում է, որ եթե առանց սկզբնաղբյուրները նշելու՝ այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ատենախոսությունը հանում է պաշտպանությունից՝ առանց տվյալ ատենախոսության նոր պաշտպանության իրավունքի, և իր որոշումը սեղմագրի և նիստի սղագրության հետ միասին ուղարկում է ԲՈԿ:  Քանի որ թարգմանությունը կամ մտքերի վերաձևակերպումը ըստ էության ուղղակի պարզ copy-paste չէ, ըստ կանոնակարգի՝ վերջիններիս քննությունը դրված է մասնագիտական խորհրդի վրա, որպեսզի վերջինս մասնագիտորեն գնահատի՝ արդյոք առկա՞ է գրագողություն, թե՞ ոչ։ Թարգմանության և մտքերի վերաձևակերպման դեպքերը մասնագիտական խորհրդի գնահատման տիրույթում են, որպեսզի վերջիններս հասկանան՝ գործ ունեն գիտական նորույթների թարգմանությա՞ն, թե՞ տեսական ճշմարտությունների վերաձևակերպման հետ, որը էական ազդեցություն չունի արդյունքների վրա։ 

Ամփոփելով միտքը՝ ստացվում է, որ թարգմանության և մտքերի վերաձևակերպման դեպքերում, ըստ գործող կարգավորումների, չկա հիմք պնդելու, թե ինչ աստիճանի մտքի համընկնումն է պարտադիր դարձնում հղում տալը, իսկ կարգավորումը միայն փոխառության դեպքերի մասին է, որն էլ, ըստ նույն կանոնակարգի, պետք է արձանագրվի համակարգչային ծրագրի միջոցով։ Այսինքն, եթե համակարգչային ծրագիրը փոխառություն չի արձանագրել, իսկ մասնագիտական խորհուրդն իր հերթին չի արձանագրել, որ թարգմանված հատվածներում կարիք կար հղումներ տալու, ապա գրագողության մասին չենք կարող խոսել։

Ի՞նչ ունենք

Ինչպես նշեցի հոդվածի սկզբում, երեք տարվա ընթացքում օրենսդրական որևէ փոփոխություն չի իրականացվել, չեն հստակեցվել գիտական աշխատանքների պահանջները և գնահատման չափորոշիչները։ Այժմ գործող կանոնակարգը հստակ ցույց է տալիս, որ ցանկության դեպքում «գրագող» կարելի է պիտակել ցանկացած գիտնականի․ չէ՞ որ միշտ կարելի է գտնել ինչ-որ մեկի, ով կարող է պնդել, որ համաձայն չէ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, և, իր կարծիքով, թարգմանության այդ հատվածին պետք էր հղում դնել։ Նման սուբյեկտիվ պնդումները, ըստ էության, դատապարտված են հերքվելու՝ հետագայում դատական որոշումներով առոչինչ դառնալով, այնպես, ինչպես տեղի ունեցավ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դեպքում։

Հիմա պետք է կողմնորոշվել՝ մենք ցանկանում ենք իսկապես գրագողության դեմ պայքարե՞լ, թե՞ ցանականում ենք պայքարի իմիտացիա ստեղծել։

 

Ի՞նչ անել անցյալի և ապագայի հետ

Հարցի լուծումը առաջարկել է Ռուբեն Հայրապետյանը, որի հիմնական առաջարկներով կիսվում եմ ստորև։

Անցյալի հետ՝

  • վերացնել գիտական աստիճանի ուռճացված նորմատիվ իրավական առավելությունները, քանի որ անցյալում գիտական աստիճաններ ձեռք են բերվել թերի համակարգում (անորոշ, սխալ կամ նույնիսկ բացակայող պահանջներով), իսկ հաճախ շատ հեղինակներ նույնիսկ սեփական ատենախոսությունը ամբողջությամբ չեն հեղինակել։ Այս մոտեցմամբ կապահովվի հավասար մոտեցումը անցյալում գիտական կոչում ստացած բոլոր հեղինակների նկատմամբ, և անհարկի առանձին անհատներ չեն թիրախավորվի։

Ներկայի և ապագայի համար՝

  • վերացնել նախկին համակարգի ծայրահեղ սխալ ու հակասական պահանջները, դրանց փոխարեն մշակել հստակ չափանիշներ, որոնց հիման վրա միայն կարելի է գիտական հետազոտությունների որակ պահանջել և վերահսկել, նյութապես խթանել և մասնագիտական փոքր թիմերով վերապատրաստել հետազոտողներին՝ ազդեցության գործոնով միջազգային պարբերականներում տպագրվելու համար, որոշ ժամանակ անց այն դարձնել պարտադիր պահանջ գիտական աստիճաններ ստանալու համար:
Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Լուսինե Մամիկոնյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:

 

սոցիոլոգ


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել