Մշակույթի արդյունավետ կառավարումը՝ որպես Հայաստանի զարգացման մոդել  [Challenge 19.1 | Հայկ Վարդանյան]
21:25 - 27 մարտի, 2021

Մշակույթի արդյունավետ կառավարումը՝ որպես Հայաստանի զարգացման մոդել [Challenge 19.1 | Հայկ Վարդանյան]

Վարդանյան Հայկ

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։

 

Հայաստանի մշակութային պոտենցիալը (ազատ ստեղծագործողների հսկայական բանակ, միջազգային հարթակներում լուրջ հաջողությունների հասած հարյուրավոր հայկական անուններ, խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած հրաշալի թատերահամերգային հարթակներ և ցուցասրահներ) պետք է որ թույլ տար մշակույթի ոլորտին զարգացման և ինքնաբավության ուրույն մոդել ձևավորել, ինչին դեռևս ականատես չենք լինում:

Այս հոդվածը նպատակ ունի վերհանելու մշակույթի ոլորտի խորքային խնդիրները և դրանց լուծման փորձված ուղիներ առաջարկելու:

Շատ կարևոր է հասկանալ ոլորտի ամենախորքային խնդիրը՝ պետության չափազանցված միջամտությունը ոլորտի կառավարմանը: Մշակույթի ոլորտը մեծամասամբ կազմակերպված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՊՈԱԿ-ների տրամաբանությամբ և կարգավորվում է համապատասխան օրենսդրությամբ, ինչը ժամանակակից շուկայական հարաբերությունների համատեքստում ավելի շատ խոչընդոտներ է ստեղծում, քան զարգացման հնարավորություններ:

Փաստորեն, պետությունը ոլորտի գլխավոր ներդրողն է, իսկ երբ պետության գործերը լավ չեն, դա հանգեցնում է մշակույթի բյուջեի էական կրճատման (ինչին ականատես ենք լինում 2021 թվականին), հետևաբար, ոլորտային խնդիրներն օրեցօր սրվելու են:

Վերը նշված խնդրից հնարավոր կլիներ խուսափել, եթե ոլորտում ներդրողների բազմազանություն լիներ: Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներից ժառանգություն ստացած թատերահամերգային հարթակները սպասարկման, երբեմն նույնիսկ կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Այդ ամենը միայն պետության կամ բարերարների ուսերին թողնելը փակուղային լուծում է: Հետևաբար, յուրաքանչյուր ՊՈԱԿ պետք է իր զարգացման ծրագրով և ներդրողին առաջարկելիք բիզնես մոդելով հանդես գալու հնարավորություն և ազատություն ունենա: Իսկ դա հնարավոր է միայն ՊՈԱԿ-ային օրենսդրության ռադիկալ փոփոխությունների և մշակույթի ոլորտի ազատականացման միջոցով:

Եվս մեկ կարևոր խնդիր է այն, որ ոլորտի կազմակերպությունները ֆինանսական տեսանկյունից գրավիչ չեն կառավարիչների համար, այնինչ դրանց զարգացման նոր տեսլական ու ռազմավարություն մշակելը, կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը հենց կառավարիչների անելիքներն են: Այստեղ ընթերցողին կարող է թվալ, որ փակուղային վիճակ ունենք․ զարգացման համար ծրագրեր են պետք, իսկ ծրագրերը պետք է մշակեն կառավարիչները, որոնց վճարելու հնարավորություն ՊՈԱԿ-ները չունեն:

Այստեղ ևս պետությունն անհրաժեշտ ճկունություն պետք է դրսևորի՝ հրավիրվելիք կառավարիչներին և նրանց թիմերին առաջարկելով ներդրողի կարգավիճակ՝ ստեղծվելիք երկարաժամկետ արդյունքներից օգտվելու հնարավորությամբ: Բնականաբար, գործող օրենսդրության պարագայում նման իրավիճակ պատկերացնելն իսկ դժվար է, բայց նժարին դրված է ոլորտը կոլափսից փրկելու խնդիրը (այն, որ երկրի տնտեսական խնդիրներն առաջիկա մեկ-երկու տարում է՛լ ավելի են սրվելու, իսկ բյուջեն շարունակաբար կրճատվելու է, դժվար չէ կռահել), հետևաբար, օրենսդրական փոփոխություններն այն նվազագույն քայլերն են, որոնք պետությունը պետք է նախաձեռնի՝ ներդրողների համար ոլորտը գրավիչ դարձնելու համար:

Եվս մեկ խնդիր, որի գիտակցումն առաջնահերթ է ինչպես մշակույթի, այնպես էլ այլ ոլորտների զարգացման համար՝ պետության վարքագծային մոդելը: Նախ, պետությունը պետք է տարանջատի սուբսիդավորողի և կառավարչի գործառույթները: Չպետք է մոռանալ, որ մշակույթի սուբսիդավորումը պետության սոցիալական պատասխանատվության (իր քաղաքացիներին կրթելու) անհրաժեշտ բաղադրիչ և անխուսափելի պարտավորություն է: Պետության առանցքային անելիքն այս ոլորտում օրենսդրական նպաստավոր պայմանների ապահովումն է՝ ազատ ստեղծագործողների կարգավիճակին առնչվող օրենսդրական բացը լրացնելը, մշակութային ՊՈԱԿ-ներին ձեռնարկատիրական գործունեության ավելի լայն ազատությունների տրամադրումը, մեկենասության մասին օրենքի ընդունումը և այլն: Այս ամենի հիմքում, բնականաբար, պետք է լինի պետության վարքագծային մոդելի վերանայումը՝ ոլորտի պրոֆեսիոնալներին լսելու, դաշտն ազատականացնելու, կառավարումն ապակենտրոնացնելու:

Վերոնշյալը թույլ կտա բազմապատկել ինչպես մշակութային արդյունաբերության տեսակարար կշիռը, այնպես էլ, այդ աճով պայմանավորված, պետության հավաքագրելիք հարկերը: Իսկ նպաստավոր օրենսդրությունն իր հերթին հնարավոր կդարձնի երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրագործումը:

Վերջում ավելացնեմ, որ վերնագիրն ընտրվել է առանց ավելորդ չափազանցության, քանի որ Հայաստանն առաջին հերթին իր մշակութային պոտենցիալով է հայտնի, և եթե այդ պոտենցիալն իրացնելու ճանապարհային քարտեզ և կառավարման կենսունակ մոդելներ ունենանք, իսկ պետությունն անհրաժեշտ ճկունություն դրսևորի ՊՈԱԿ-ային և մշակութային օրենսդրությունը հանուն զարգացման վերանայելու, ապա բոլորս ականատես կլինենք այն հրաշքին, ինչը թույլ կտա բանաձևել ամբողջ երկրի զարգացման մոդելը:

Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Վահան Արծրունուն: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:

 

Օպերային երգիչ, ԵՊԿ Օպերային ստուդիայի տնօրեն


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել