“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։


Հրայր Մանուկյանը «Տնտեսական լիբերալիզմի առանձնացումն ու դաշինքը պահպանողականության հետ» հոդվածում ինձ մարտահրավեր նետելիս նշել էր. «Հայաստանը չի կարող խուսափել լիբերալիզմի ու պահպանողականության այն դրսևորումներից, որոնք եղել են Արևմուտքում վերջին 150 տարիներին և որոնք փոփոխություններով շարունակվում են նաև այսօր»: Ես, ընդհանուր առմամբ, համաձայն եմ այդ մտքի հետ: Բայց կարծում եմ, որ Հայաստանում գաղափարախոսական դրսեւորումները որոշակիորեն տարբերվելու են դասական ժողովրդավարությունների անցած ճանապարհից եւ ավելի շատ նման են լինելու Նոր ժողովրդավարություններում տեղի ունեցած գործընթացներին: Կարծում եմ նաեւ, որ դեռեւս 20-րդ դարի 60-ականներից սկսած «երրորդ ուղու» կամ «գաղափարախոսությունների վախճանի» տեսությունները նույնպես մեծ ազդեցություն են ունենալու եւ ունեն հայաստանյան քաղաքական  գաղափարախոսական  քննարկումների վրա: 

Հարկ է նշել, որ գաղափարախոսական դրսեւորումների բնույթը մեծապես պայմանավորված է կուսակցական համակարգի, կուսակցությունների կայացման, նրանց միջեւ իրական մրցակցության առկայության խնդրի հետ: Հանրահայտ քաղաքագետներ Ստեյն Ռոքքանը եւ Մարթին Լիփսեթը պնդում էին, որ միեւնույն սոցիալական դասակարգերը քվեարկում են միեւնույն կուսակցությունների օգտին: Այս հանգամանքը բացատրվում էր նրանով, որ կարծրացած սոցիալական պառակտումները (կլիվաժները) հանգեցնում են կայուն կուսակցական այլընտրանքների ձեւավորմանը (հայելիների տեսություն)։ Սա է մասնավորապես նորվեգացի  քաղաքագետ Ռոքքանի մշակած «կարծրացման» տեսության հիմքը։ Ըստ նրա, կուսակցությունները դանդաղորեն  հարմարվում են բնակչության (դասակարգի) սոցիալ-պրոֆեսիոնալ կազմի փոփոխություններին։ Սակայն «կարծրացման» տեսությունը ենթադրում է, որ համակարգի դինամիկան մնում է նույնը այն դեպքում, երբ գոյություն ունեցող դեմոկրատական համակարգը չի փոխվում։

Մինչեւ թավշյա հեղափոխությունը Հայաստանում հաստատված էր կիսահամախմբված ավտորիտար-օլիգարխիկ համակարգ։ Թավշյա հեղափոխությունը հնարավորություն տվեց դեպի ժողովրդավարություն անցում կատարելու գործընթաց սկսել։ Եթե Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը դիտարկենք Ռոքքանի տեսության դիրքերից, ապա կարող ենք նկատել, որ նախկին սոցիալական կլիվաժները չեն ինստիտուցիոնալիզացվել կուսակցական համակարգում զուտ միայն այն պատճառով, որ իրական դեմոկրատիայի բացակայության պայմաններում գոյություն չուներ իրական կուսակցական համակարգ։

Ռոքքանը եւ Լիփսեթը նշում էին, որ ազգային եւ արդյունաբերական հեղափոխությունները, ընդանուր առմամբ, հանգեցնում են 4 տեսակի կլիվաժների եւ 8  տեսակի կուսակցությունների առաջացման:

Ազգային հեղափոխություններ՝

  • կլիվաժ 1. կենտրոնի շահերը vs պերիֆերիայի շահերը (ստանդարտիզացված մոտեցում vs ռեգիոնալ առանձնահատկություններ, օրինակ, լեզու/կոնտրմշակույթ),
  • կլիվաժ 2. ինքնավար եկեղեցին vs պետությունը կրթական համակարգում։

Արդյունաբերական հեղափոխություն՝

  • կլիվաժ 3. ագրարային շահերը vs արդյունաբերական բուրժուազիայի շահերը,
  • կլիվաժ 4. աշխատավորները vs սեփականատերերը։

Սակայն այս ամենը քսաներորդ դարի կեսերին է գրվել: Մինչդեռ քսաներորդ դարի վաթսունականների վերջից, հատկապես 1968-ի հեղափոխական իրադարձություններից հետո, առաջացան նոր կլիվաժներ: Այնուամենայնիվ, կարծրացման օրենքն ասում է, որ տարբեր պետություններում կուսակցական համակարգը արտացոլում է գոյություն ունեցող օբյեկտիվ սոցիալական կլիվաժները: Սակայն քաղաքագետները նաեւ նշում են, որ ժամանակին զուգընթաց տեղի ունեցող սոցիալական կառուցվածքի փոփոխությունները ուղղակիորեն չեն ազդում կուսակցական համակարգի վրա, քանի որ կուսակցությունները, հակված լինելով չկորցնել իրենց էլեկտորատը, թաքցնում են կամ խեղաթյուրում են դասակարգային կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները: Այդ իսկ պատճառով մինչ այժմ էլ արդիական է ձախերի եւ աջերի բաժանումը  քաղաքականությունում: Ի դեպ, բոլոր եվրոպական պետություններում կուսակցությունների մեծամասնությունը հռչակել է իր գաղափարախոսությունը,  այդ թվում՝  գրանցված 10 համաեվրոպական կուսակցությունները, որոնք ներառում են Եվրամիության անդամ երկրների կուսակցությունները:

Նաեւ չպետք է մոռանալ, որ կարծրացման օրենքը վերաբերելի է դեմոկրատական պետություններին. այլ տեսակի պետություններում կուսակցական համակարգերը ունեն ձեւական բնույթ եւ չեն արտացոլում սոցիալական կլիվաժները: Ուստի, երբ խոսում ենք այն մասին, թե արդյոք Հայաստանում կլինի գաղափարական պայքար եւ ինչպիսին կարող է լինել այն, նախ պետք է պարզենք, թե ինչպիսին են Հայաստանում սոցիալական պառակտումները: Արդյոք թավշյա հեղափոխությունը առաջացրե՞լ է սոցիալական նոր կլիվաժներ եւ ինչպիսի՞ն են թավշյա հեղափոխությունից հետո հաստատված մինչկուսակցական պայքարը եւ կուսակցական համակարգը Հայաստանում: Ստորեւ մասամբ կանդրադառնանք միայն վերջին հարցին:

Կարծում եմ, որ Հայաստանը չի կարող խուսափել գաղափարախոսությունների վրա հիմնված քաղաքական պայքարից, քանի որ այս կամ այն չափով Լիփսեթի եւ Ռոքքանի կողմից նշված կլիվաժները, գումարած պոստմոդեռնին հատուկ նոր պառակտումները առկա են նաեւ Հայաստանում: Սակայն այդպիսի պայքար կլինի այն ժամանակ, երբ երկիրը կհաղթահարի հետհեղափոխական անցումային շրջանը, կամ, առնվազն, այդ շրջանի, պայմանականորեն ասած, առաջին փուլն իրեն բնորոշ հետեւյալ գործընթացներով՝ իշխանությունների երեք ճյուղերի կայացում, ուժային ինստիտուտների (ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ, ԱԱԾ) էական բովանդակային փոփոխություն, անցումային արդարադատության ինստիտուտի հիմնում: Ըստ էության, այս փուլում չեզոքացվում են ավտորիտար անցյալի մնացորդ երեւույթները եւ ստեղծվում է իրավական պետություն ու այդ գործընթացը, կամ առնվազն, դրա սկզբնական շրջանի տրամաբանությունը պահանջում է հնարավորինս լայն հանրային կոնսենսուս, որի պարագայում առանձին անհատների, հանրային խմբերի գաղափարախոսական տարբերությունները ժամանակավորապես մղվում են հետին պլան:

Այլ կերպ ասած, քանի դեռ հանրության առջեւ կանգնած են կոնկրետ տեսակի պետության ձեւավորմանը վերաբերող յուրահատուկ խնդիրներ, լայնածավալ գաղափարախոսական քաղաքական պայքար, ըստ էության, չի կարող լինել: Բանն այն է, որ գաղափարախոսությունները չեն վերաբերում արդեն իսկ հռչակած կոնկրետ տեսակի պետության (ժողովրդավարական, իրավական պետության) ձեւավորման հարցին՝ դրանք առնչվում են այդ տեսակ պետության շրջանակներում իրականացվելիք քաղաքականությունների (policies) համալիր փաթեթներին: Բացառություն են կազմում, այսպես կոչված, հակահամակարգային արմատական քաղաքական ուժերի (օրինակ՝ ֆաշիստական, նացիոնալ-սոցիալիստական, նացիոնալ-բոլշեւիկյան եւ այլն) գաղափարախոսությունները, սակայն այդպիսի ուժերը դեմոկրատական պետություններում կա՛մ գտնվում են լուսանցքում, կա՛մ ընդհանրապես արգելվում են:

Եվ այսպես՝ տարատեսակ աջերին եւ ձախերին, պահպանողականներին եւ ազատականներին միավորում են տրանզիտային փուլին հատուկ՝ դեմոկրատական պետության կայացման հետ կապված յուրահատուկ գործողությունները: Իրական ձախն ու աջը, պահպանողականն ու ազատականը վեճ չունեն առ այն, որ պետք է ստեղծել անկախ դատական համակարգ,  դատապարտել նախկին ոչ դեմոկրատական համակարգը, հարգել եւ պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները, իրականացնել ազատ եւ արդար ընտրություններ եւ այլն:

Իհարկե, հասկանալի է, որ տրանզիտային փուլում, բացի վերոնշյալ հիմնական օրակարգից առկա է նաեւ «սովորական» օրակարգ, որը ներառում է տարբեր քաղաքականությունների մշակում եւ իրականացում: Հասկանալի է, որ որեւէ հանրություն չի կարող, այսպես ասած, դադարի ռեժիմի վրա դնել հասարակական-քաղաքական կյանքը եւ սպասել իրավական պետության ձեւավորման գործընթացի ավարտին: Բնական է նաեւ, որ այսպիսի պայմաններում կառավարող ուժը փորձելու է հնարավորինս էկլեկտիկ քաղաքականություններ մշակել, սակայն նույնիսկ այս դեպքում այն չի կարողանալու խուսափել գաղափարականացված լինելուց եւ  հաճախ առաջնորդվելու է երկրի ղեկավարի, նրա աշխատակազմի եւ կառավարության առանցքային դերակատարների գաղափարախոսական նախընտրություններով:

Կարծում եմ, որ եթե մինչեւ հաջորդ ընտրություններ հաջողվի այս փուլի առնվազն սկզբնական հատվածը ավարտին հասցնել, ապա այդ ընտրությունների ժամանակ արդեն իսկ կարող ենք գաղափարական պայքարի ականատեսը լինել: Սակայն շատ կարեւոր է, որ առաջին գծում լինեն որպես ընդդիմություն հանդես եկող իրական քաղաքական ուժեր, այլ ոչ նախկին ավտորիտար-օլիգարխիկ ռեժիմի պահապանները, կամ, վերջերս ստեղծված, սակայն նույնպես հակադեմոկրատական օրակարգը սպասարկող ուժերը:  Հակառակ դեպքում դաշտում չի լինի իրական մրցակցություն եւ ուրեմն չի լինի նաեւ գաղափարական պայքար: 

Հարկ է նաեւ նշել, որ Հայաստանում քաղաքական շրջանակները, որպես կանոն, թաքցնում են իրենց վերաբերմունքը հատկապես սոցիալ-մշակութային մի շարք հարցերի վերաբերյալ, իսկ հաճախ արհեստականորեն հանդես են գալիս սոցիալ-պահպանողականության դիրքերից: Նման պահվածքի հիմքում ընկած է էլեկտորատ կորցնելու վախը՝ տարածված տեսակետ է, որ հայ հասարակության մեծ մասը սոցիալ-պահպանողականության դիրքերում է գտնվում եւ դեռեւս հասունացած չէ մի շարք թեմաներով ազատ խոսակցության համար: Կարծում եմ, որ քաղաքական ուժերի նման դիրքորոշումը նույնպես լուրջ խոչընդոտ է գաղափարական պայքարի կայացման համար: Եվ այստեղ նույնպես կարեւորվում է անցումային փուլի հաղթահարումը, ինչն իրական քաղաքական ուժերին հնարավորություն կտա ավելի անկաշկանդ լինել եւ չվախենալ, որ նախկին հակադեմոկրատական, քրեա-օլիգարխիկ ավտորիտար ռեժիմի վերականգնման կողմնակիցները օգտագործելով սոցիալ-պահպանողականության թեզերը եւ ծառայեցնելով դրանք իրենց նեղ անձնական շահերին կկարողանան լուրջ ազդեցություն ունենալ հանրային տրամադրությունների վրա: Իհարկե այդ փուլի հաղթահարումը դեռ չի նշանակում, որ կուսակցությունները չեն փորձելու այլեւս շահարկել նշված թեզերը, սակայն առաջադեմ իրական կուսակցությունները կկարողանան առավել անկաշկանդ լինել, քանի որ հնարավոր պարտության գինը այդքան մեծ չի լինի, որքան նախկինում էր: Այս առումով հատկապես կարեւոր է խոշոր եւ մեծ վարկանիշ ունեցող առաջադեմ կուսակցությունների դերը՝ նրանք, թեկուզ եւ վարկանիշի որոշակի կորստի հաշվին, կկարողանան առավել ազատ ներկայացնել իրենց դիրքորոշումը ամենատարբեր հարցերի շուրջ:

Նաեւ պետք է հաշվի առնել այն, որ գաղափարախոսական դրսեւորումները կլինեն իրական, եթե կուսակցությունների կողմից սեփական գաղափարախոսությունները մշակելը բնական ընթացք ունենա: Այնինչ այսօր կուսակցությունների ծրագրերը եւ գործունեությունը ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ կուսակցությունների ճնշող մեծամասնությունը սեփական գաղափարախոսությունը որոշել է պատահականության սկզբունքի, հիմնադիրների էսթետիկական ճաշակի, կամ, լավագույն դեպքում, համաշխարհային, կամ սիրելի որեւէ երկրի մեյնսթրիմին հետեւելու համաձայն: Բնականաբար այդպիսի կուսակցությունները չեն կարողանալու գաղափարական պայքարի մեջ մտնելու լուրջ հայտ ներկայացնել:

Կուսակցությունների հարցով զբաղվող ամենաճանաչված քաղաքագետներից մեկը՝ Մորիս Դյուվերժեն, նշում էր, որ շատ հաճախ կուսակցությունների ստեղծման հիմնական շարժիչ ուժը աշխարհագրական հարեւանությունն է, պրոֆեսիոնալ շահերը պաշտպանելու մղումը եւ միայն հետո է, որ գալիս է քաղաքական դոկտրինը: Այսինքն՝ արեւմտյան երկրներում պատմականորեն, որպես կանոն, ամեն կոնկրետ կուսակցություն ստեղծվել է կոնկրետ սոցիալական խմբի, հասարակական շերտի կողմից եւ ստեղծման նպատակն է եղել, նախ, կոնկրետ խմբի, շերտի շահերը առաջ տանելը, իսկ ընտրված քաղաքական դոկտրինը հնարավորիս  համապատասխանեցվել է այդ խնդրին: Հասկանալի է նաեւ, որ մեր ժամանակներում եվրոպական նորաստեղծ կուսակցությունների ստեղծման մեխանիզմները որոշակիորեն տարբերվում են ավանդական կուսակցությունների ստեղծման մեխանիզմներից՝ նորերը ավելի էկլեկտիկ են, դրանցում մեծ է առաջնորդի դերը, հաճախ նաեւ նոր կուսակցությունները ստեղծվում են կոնկրետ կուսակցության պառակտման հետեւանքով:

Կարելի է ենթադրել, որ Հայաստանում նոր կուսակցությունների ստեղծումը ավելի շատ նման է լինելու եվրոպական նոր կուսակցությունների, քան  ավանդական կուսակցությունների գենեզիսին: Կարծում եմ նաեւ, որ գաղափարների պայքարին կարող են նպաստել այս կամ այն գաղափարախոսությանը հարող այն տեսաբանները ու ակտիվիստները, որոնք  կկարողանան համոզիչ եւ մատչելի կերպով պաշտպանել իրենց հարազատ դոկտրինները եւ ապացուցել, որ դրանց հիման վրա կառուցված քաղաքականությունները կարող են արդյունավետ կերպով լուծել այս կամ այն խնդիրը, պաշտպանել այս կամ այն խմբի, շերտի շահերը:

Գաղափարական պայքարը կզարգանա նաեւ այն ժամանակ, երբ ի հայտ կգան կուսակցությունների ծրագրերը մանրակրկիտ ուսումնասիրող եւ դրանց թույլ, հակասական կետերը հանրությանը մատչելիորեն ներկայացնող փորձագիտական խմբեր, ինչն իր հերթին կհանգեցնի իրական մրցակցության առաջացմանը:

Վերջապես, գաղափարախոսական դրսեւորումներին մեծապես կնպաստի հասարակական տարբեր խմբերի ակտիվիստական քաղաքացիական մշակույթի զարգացումը, ինչը ժողովրդավարության զարգացման համար ամենանպաստավոր քաղաքացիական մշակույթն է:

Մարտահրավերը նետում եմ Անահիտ Շիրինյանին, Օլյա Ազատյանին և Հրանտ Տեր-Աբրահամյանին։