Hraparak.am-ի պնդումները՝ Չարենցավանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, մանիպուլյատիվ են
16:26 - 23 մարտի, 2020

Hraparak.am-ի պնդումները՝ Չարենցավանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, մանիպուլյատիվ են

Hraparak.am կայքում երեկ հրապարկվել է «Պարետատունը չգիտի՞, թե՞ չի ուզում ասել՝ քանի վարակված կա Չարենցավանում» վերտառությամբ մի հոդված, որտեղ որոշ խնդրահարույց պնդումներ կան։

Մասնավորապես, հրապարակման մեջ նշված է, որ եթե մինչեւ երկու օր առաջ օրական երկու անգամ էին թարմ թվեր հրապարակում, ապա արդեն երկու օր է՝ կառավարությունը որոշել է օրը մեկ անգամ ինֆորմացիա տալ, կայքի համոզմամբ՝ «երևի, որ խուճապ չտարածվի բնակչության շրջանում»:

Այնինչ, առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Infocom.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ հաստատված նոր դեպքերի մասին ինֆորմացիան այսուհետ հրապարակվելու է մեկ անգամ՝ միայն տեխնիկական հարմարությունից ելնելով։ Բանն այն է, որ նախորդ օրերին հաստատված նոր դեպքերի մասին մի քանի անգամ տեղեկություն էր հրապարակվում, լաբորատորիան տվյալներն ամփոփում էր օրը մի քանի անգամ, ինչը լրացուցիչ աշխատանք է։ Իսկ հիմա ողջ օրվա թեստերի քանակն ու նոր դեպքերի մասին տվյալները հավաքում են, հաջորդ օրն առավոտյան հայտարարում ընդհանուր թիվը։

Այնուհետեւ, հոդվածում նշված է «Բնավ ոչ խուճապ տարածելու նպատակով նկատենք, սակայն, որ ակնհայտ է՝ այս թվերն աճելու են, ինչպես աճեցին այս օրերի ընթացքում, երբ մի քանի հաստատված դեպքերը օր-օրի շատացան ու դարձան 190»:

Նշենք, որ մինչ այս պահը Պարետը, պարետատան ներկայացուցիչները, պաշտոնական հաղորդագրությունները երբեւէ չեն նշել, թե դեպքերը նվազելու են։

«Հրապարակ»-ը գրել է, որ, ըստ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ հանրագումարով հաստատված այդ 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների՝ Էջմիածնի ու Շենգավիթում գործող արտադրամասի հետ: Միեւնույն ժամանակ, տեքստում նշված է «Սակայն ամբողջ հարցն այն է, որ մեզ չեն ասում, թե այդ 157 դեպքից քանիսն են Էջմիածնից, քանիսը՝ Չարենցավանից, որտեղից տասնյակ քաղաքացիներ կան, որ աշխատում են Շենգավիթի այդ հայտնի կարի արտադրամասում, և քանիսն են այլ քաղաքներից»:

Նախ նշենք, որ հոդվածում ոչ մի հղում չի արվում որևէ աղբյուրի (պաշտոնական կամ ոչ պաշտոնական), ինչն էլ հենց սկզբից ստեղծում է լուրի ոչ հավաստիության տպավորություն։ Որևէ աղբյուրին հղում չանելով՝ հոդվածագիրը կամայականորեն նշում է թվային տվյալներ՝ Չարենցավանում վարակակիր անձանց մասին։

«Հրապարակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, գրում է, թե Չարենցավանում ոչ թե երկու վարակված կա, այլ մոտ երկու տասնյակ, եթե ոչ ավելի: Նույն տեղեկություններին հղում անելով՝ տեքստում գրված է, թե նաև այլ քաղաքներից կան վարակվածներ՝ Գյումրիից, Սյունիքի մարզի քաղաքներից, այդ թվում՝ Մեղրիից «Բայց պարետատունը որևէ կերպ որևէ տվյալ չի ցանկանում այս մասով հաղորդել, որ իմանանք՝ որ քաղաքում քանի վարակակիր կա, որպեսզի նաև զգուշանան մարդիկ»:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Հայաստանի բոլոր ինֆեկցիոն հիվանդանոցներում կան տարբեր բուժումներ ստացող անձինք, այդ թվում՝ կորոնավիրուսով, դրա համար տարածաշրջանների բաժանելը որեւէ իմաստ չունի։

Ալինա Նիկողոսյանն ընդգծեց՝ որ պահին զգան, որ որեւէ տեղ կա ինչ-որ օջախ, ինչպիսին էջմիածնում էր, անպայման դրա մասին հանրությանը կտեղեկացնենք։ Բայց, նրա վստահեցմամբ, այս պահին Էջմիածնի օջախը փակել են ամբողջությամբ, այնտեղ դեպքեր չեն ավելանում, իսկ վիրուսի նման տարածում որեւէ այլ մարզում չկա, որ կարիք լինի առանձնահատուկ հրապարակելու եւ մարդկանց զգուշացնելու․

«Բոլոր բնակավայրերում հնարավոր է մեկ-երկու դեպք, բայց ոչ օջախներ, որոնք առնաձնհատկություն ունեն։ Այդ թվում Չարենցավանում որեւէ օջախ չկա»,- շեշտեց առողջապահության մամուլի խոսնակը։

«Բայց պարետատունը որևէ կերպ որևէ տվյալ չի ցանկանում այս մասով հաղորդել, որ իմանանք՝ որ քաղաքում քանի վարակակիր կա, որպեսզի նաև զգուշանան մարդիկ»․ «Հրապարակ»-ի հոդվածի այս հատվածը մանիպուլյատիվ է, քանի որ վարակվածների մասին նոր տվյալներ հաղորդելուն զուգընթաց՝ պաշտոնական աղբյուրները, պաշտոնյաները քաղաքացիներին պարբերաբար կոչ են անում վիրուսից պաշտպանվելու ու վիրուսակիր անձանց հետ շփումից խուսափելու համար կատարել անհրաժեշտ միջոցառումներ, պահպանել արտակարգ դրության ռեժիմով սահմանված կանոնները։ 

Բացի այս, եթե նախարարությունն ու պարետատունը հայտնել են վիրուսի երկու խոշոր օջախների՝ Էջմիածնի ու Երեւանի արտադրամասի մասին, նշել են, որ Չարենցավանում արձանագրված դեպքեր կան, ապա անտրամաբանական կլինի մեկ այլ օջախի առկայության պարագայում դրա մասին տեղեկություն չհաղորդնելն ու, ինչպես հոդվածագրի մտահոգությունն է, «մարդկանց չզգուշացնելը»։

Հետեւաբար, հոդվածում առկա պնդումը, թե հաստատված դեպքերի թիվը այսուհետ օրական մեկ անգամ ներկայացնելը խուճապ չառաջացնելու համար է, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, որոշումն աշխատանքային գործընթացը արդյունավետ դարձնելու համար է։  Պնդումը, թե Պարետատունը չի ցանկանում Չարենցավանի վարակակիրների թվի մասին տեղեկություն տալ, որ մարդիկ նաեւ զգուշանան, քանի որ այնտեղ արդեն 2 տասնյակ վիրուսակիր կա, դարձյալ անհիմն է, որովհետեւ հստակ ցուցում կա՝ մարդիկ ցանկացած պարագայում պետք է զգուշանան, քանի դեռ չի հայտարարվել, որ երկրում վտանգը չեզոքացված է։

ՀայԱրփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել