Լենա Նազարյանը ԱԺ գործող փոխխոսնակն է, «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ծնվել է 1983 թվականի մարտի 9-ին։
2007 թվականին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: 2014 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը:
2005-2009 թվականներին աշխատել է «Հետք» շաբաթաթերթում՝ որպես լրագրող: 2008-2009 թվականներին աշխատել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում որպես լրագրող: 2008-2009 թվականներին «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում եղել է կամավոր Ռումինիայում։ 2009-2015 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում որպես ընտրական ծրագրերի համակարգող: 2015-2016 թվականներին աշխատել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի» շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող:
2013-2015 թվականներին Լենա Նազարյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ: 2016 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: