S-400-ը համալիր մեծ խնդրի մաս է կազմում, որն առկա է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև․ Վարուժան Գեղամյան
06:20 - 14 հունիսի, 2019

S-400-ը համալիր մեծ խնդրի մաս է կազմում, որն առկա է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև․ Վարուժան Գեղամյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի՝ Թուրքիա մատակարարելու հարցը փակված է: «Ես չեմ ասում, որ Թուրքիան ձեռք է բերելու S-400 համակարգեր, ես ասում եմ, որ Թուրքիան արդեն գնել է դրանք, սա ավարտված գործարք է»,- մասնավորապես նշել է նա:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։ Պատժամիջոցներին անցնելու պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման գործարքն է։

Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների շուրջ զրուցել ենք թուրքագետ Վարուժան Գեղամյանի  հետ։

Պրն Գեղամյան, փաստորեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատում է, որ գնել է ռուսական արտադրության հակաօդային համակարգի զինատեսակները։ Ի՞նչ հետևանքների կհանգեցնի սա Թուրքիայի համար։

Ես հակված եմ կարծել, որ պետք չէ շտապել և եզրակացնել, որ գործարքը իրականություն է դարձել։ Դա բխում է Էրդողանի երեկվա հայտարարությունից, որտեղ նա ասում է՝ մենք չենք գնելու, մենք արդեն գնել ենք։ Սակայն, ինչպես հայտնի է, այդ տեսակ հայտարարություն արվել է արդեն մի քանի անգամ՝ այլ ձևակերպումներով։

Այս պարագայում մենք գործ ունենք ավելի շատ ներքին լսարանին ուղղված ուղերձի հետ։ Որովհետև որևէ կերպ, որևէ կողմ չի հաստատել այն, ինչպես նաև չկա նշված հստակ ժամկետ, թե երբ են այդ զինատեսակները մատակարարվելու Թուրքիային։ Առավել ևս՝ նշված չէ՝ դիցուք գնվեն այդ համակարգերը, դրանք կտեղադրվեն Թուրքիայում, թե՞ մինչև լարվածության անցնելը կտեղակայվեն Կատարի թուրքական ռազմաբազայում, ինչի մասին ևս տարբեր առիթներով խոսվել է։ Այնպես որ, ես չեմ հակված մտածելու, թե գործարքն արդեն կայացել է։

Ինչ վերաբերում է դրա աշխարհաքաղաքական կոնտեքստին՝ մենք գործ ունենք ոչ միայն զինատեսակի գնման հետ, այլև այն մաս է կազմում համալիր մեծ խնդրի, որն առկա է Թուքիայի և ԱՄՆ-ի միջև։ Այդ հարաբերությունները բնավ միայն բաղկացած չեն S-400 ՀՕՊ զինատեսակներով։ Դա պարզապես այս պահին դարձել է շատ արդիական, և շատ հեշտ է դրա մասին խոսել։ Սակայն դրա ֆոնին կա շատ ավելի բարդ խնդիր, օրինակ՝ Սիրիայում քրդերի և ԱՄՆ համագործակցությունը և այլ թեմաներ։

Իսկ ի՞նչ կարող ենք ենթադրել ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից միմյաց ուղղված խիստ հայտարարություններից։ Արդյոք այս երկու երկրների միջև բանակցային մթնոլորտն այլևս կառուցաղական չէ։

Մենք հիմա ականատես ենք լինում ոչ թե բուն բանակցություններին, այլ բանակցություններից բխող կուլիսներում տեղի ունեցող բարդ բանակցային գործընթացի միայն այն հատվածներին, որոնք հասանելի կլինեն հանրությանը և կստեղծեն որոշակի միջավայր բանակցային գործընթացի համար։ Թե ինչ է տեղի ունեցել երկու երկրների միջև, չենք կարող ասել։ Նմանատիպ հայտարարություններն ավելի շատ հանրության լայն շրջանակի մոտ ինչ-որ տրամադրություն ստեղծելու փորձ են։

Ինչպե՞ս են անդրադառնում թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները ընդհանուր տարածաշրջանի վրա։

Մենք իրականում այս պահին ապրում ենք այն ժամանակահատվածում, որը համընկնում է աշխարհում տեղի ունեցող շատ կարևոր փոփոխությունների հետ, որոնք որոշ մասնագիտական շրջանակների կողմից բնորոշվում են որպես նոր աշխարհակարգի ձևավորում։

Այդ աշխարհակարգի ձևավորման մի զգալի հատվածը Մերձավոր Արևելքն է, որտեղ ԱՄՆ-ն և Թուքիան ունեին երկարատև համագործակցության պատմություն, որը, իհարկե, զուրկ չէր խնդիրներից։ Հիմա մենք ականատես ենք լինում ուժի ցուցադրության և նոր դիրքավորման։

Չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է պնդել կամ վստահորեն ասել, թե ինչպիսին կլինի Մերձավոր Արևելքի նոր քարտեզը կամ ինչպիսի դիրքավորում կունենան այս տարածաշրջանում հետաքրքրվածություն ունեցող խոշոր ուժերը։ Հետևաբար ցանկացած կարծիք, որ այս թեմայով կհնչի, նման կլինի քաղաքական սպեկուլացիայի։

Ի՞նչ կասեք ռուս-թուրքական հարաբերությունների մասին։ Կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ երկու երկրների միջև հարաբերություններն օր օրի բարելավվում են։ Ինչպե՞ս սա կանդրադառնա Հայաստանի վրա։

Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները գործընկերային բնույթ են կրում, ոչ թե ռազմավարական բնույթ։ Դրանք ավելի շատ ունեն տակտիկական և մարտավարական բնույթ։ Չեմ կարծում, թե դրանք երկարաժամկետ են։ Շատ հարցերում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը բնավ չեն համընկնում, այդ թվում՝ նաև Սիրիայում։ Կան խիստ տարաձայնություններ։ Չմոռանանք նաև, որ ընդամենը երեք կամ չորս տարի է անցել ռուս-թուրքական հարաբերությունների ամենացածր մակարդակում գտնվելու փուլից։

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի խորացնել իր ռազմավարական համագործակցությունը իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։ Դրա առաջին լավ օրինակը ունենք՝ Սիրիայում հումանիտար առաքելությունը, որն իրականացվում է ռուսական կողմի միջոցով։ Ասեմ ավելին՝ Հայաստանը պետք է լինի պրոակտիվ տարածաշրջանային քաղաքականության մեջ, որպեսզի չտուժի տարբեր կողմերի կոնֆիգուրացիաներից։ Այլ ընդհակառակը՝ պետք է ակտիվորեն ներգրավվի տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ կանխելով այնպիսի դաշինքների ձեւավորումը, որը կարող է վնասել Հայաստանին։

Եվ վերջում, եթե ի վերջո Թուրքիան, ԱՄՆ-ի հորդորներն ու զգուշացումներն անտեսելով, ձեռք բերի ռուսական S-400 համակարգերը, ինչ հետևանք դա կթողնի Թուրքիայի վրա։

Շատ վատ իրավիճակում կհայտնվի Թուրքիան, որովհետև երկրի տնտեսությունը այնպիսի վիճակում է վերջին մի քանի տարիներին, որ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել երկրի տնտեսական համակարգի կայունացմանը։ Այդ պատճառով ԱՄՆ-ը հիմնականում սեղմում է այդ օղակը։

Կարծում եմ, որ դա շատ լավ հասկանում են նաև Թուրքիայում։ Թուրքական տնտեսությունը շատ է կապված արտաքին շուկայի հետ և պատժամիջոցների կիրառման պարագայում կարող է հայտնվել շատ ծանր իրավիճակում, ինչպես որ եղավ նախորդ տարվա հուլիսի վերջին։ Այդ ժամանակ ընդամենը մեկ ոլորտի վրա շատ փոքր հարկ սահմանվեց, և պատժամիջոցների պատճառով տնտեսական համակարգը հայտնվեց շատ խորը ճգնաժամի եզրին։ Այս պատճառով Թուրքիան չափազանց զգուշավոր է լինելու ցանկացած քայլի դեպքում, որը կհանգեցնի պատժամիջոցների կիրառման։

Աստղիկ Գաուդյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել