ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Դիլիջանում ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ այդպիսի մթնոլորտ երբեւիցե չենք ունեցել․ Արա Մարտիրոսյան
12:58 - 13 հոկտեմբերի, 2021

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Դիլիջանում ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ այդպիսի մթնոլորտ երբեւիցե չենք ունեցել․ Արա Մարտիրոսյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։ 

Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։

«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Արա Մարտիրոսյանը 2005-2019 թվականներին զբաղեցրել է Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը՝ ՀԾ առաջին դասի խորհրդականի դասային աստիճանով, 2019-2021 թվականներին եղել է Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ, հիմա չի աշխատում։ 

Վերջինս մեր զրույցում ասաց, որ ընտրություններին ընդառաջ վախի մթնոլորտ է նկատում Դիլիջանում․ նրա կարծիքով՝ ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ «Մեր ժողովուրդը դեռ չի հաղթահարել նախկինում եղած այն վախերը, որ եթե դու կամ քո հարազատներն աշխատում են ինչ-որ տեղ, դու վախենում ես, թե տվյալ պահին ով է իշխանության կամ հետագայում ով կգա։ Ես մասնակցել եմ շատ ընտրությունների, բայց երբեւիցե նման մթնոլորտ չենք ունեցել Դիլիջանում»,- ասաց մեր զրուցակիցը՝ չմանրամասնելով, թե հատկապես որ քաղաքական ուժն է վախի մթնոլորտ ստեղծում։

Մարտիրոսյանն ասաց, որ որոշ քաղաքական ուժեր իրենց ծրագրերում արտագրել են ՏԻՄ մասին օրենքը, որով սահմանվում են համայնքի ղեկավարի լիազորությունները․ «Մենք փորձել ենք այդ ֆորմատով չգնալ, որովհետեւ ծանոթ ենք քաղաքի խնդիրներին։ Մենք ունենք առողջ թիմ, ու երբ նայում եմ մեր թիմի ու մնացած քաղաքական ուժերի առաջին տասնյակը, մեր մոտ ոչ թե լավ է, այլ շատ լավ է»։

Մարտիրոսյանը նաեւ նշեց՝ խնդիրներ կան, որ ոչ թե ֆինանսական միջոցներ ներդնելու հետ են կապված, այլ կազմակերպչական բնույթի են։ Նրա խոսքով՝ իրենց վերջնական նպատակն է Դիլիջանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, խթանել ու զարգացնել զբոսաշրջությունը։

Մարտիրոսյանը որպես առաջնահերթություն առանձնացրեց կրթության ոլորտը․

«Մինչեւ 2012 թվականը մենք Դիլիջանում ունեցել ենք բուհի մասնաճյուղ, որը չի գործում, բայց այդ հնարավորությունը կա։ Եթե այն սկսի գործել, դա նաեւ կբերի երիտասարդների աշխուժացմանը։ Կամ, օրինակ, նախադպրոցական եւ արտադպրոցական կրթության մասով․ մենք փորձելու ենք երեխաների ազատ ժամանակը մշակութային եւ սպորտային խմբակների միջոցով լրացնել։ Փորձելու ենք դրա վրա ավելի շատ շեշտ դնել, որովհետեւ իրենք են մեր ապագան, իրենք են որոշելու, թե հետո ինչպիսին է լինելու մեր քաղաքի վիճակը, ինչպիսին է լինելու մեր քաղաքացին»։

Մարտիրոսյանը հավելեց, որ մեծահասակների համար նախատեսում են զբոսաշրջության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ անցկացնել․ «Այսդպես մարդիկ պատրաստ կլինեն եկող մարտահրավերներին։ Մենք սպասարկման ոլորտում ունենք շատ քաղաքացիներ, որոնք Դիլիջանից չեն։ Չեմ ասում, որ բոլոր տեղերում դիլիջանցիները պիտի աշխատեն, բայց Դիլիջանից կան մարդիկ, որ տեղյակ չեն, աշխատած չեն, ծանոթ չեն։ Փորձելու ենք դա ինչ-որ ձեւով կարգավորել»։

Մեր զրուցակիցը նշեց, որ մեր օրենսդրությունը Դիլիջանին հարկային արտոնություններից օգտվելու հնարավորություն է տալիս․ «2 միլիարդ եւ ավելի ներդրման դեպքում որոշակի հարկատեսակներ հանվում են, տրվում են որոշակի արտոնություններ։ Դրա մասին պետք է գովազդի տեսքով կամ այլ եղանակներով մարդկանց իրազեկել։ Մենք փորձելու ենք դրա վրա հիմնվել, մասնավոր համագործակցությունը ես այսպես եմ տեսնում»,- ասաց Արա Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ Դիլիջանում կարող են ներդրումներ արվել, ինչն էլ կբերի աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալական խնդիրների կարգավորմանը։ 

Լուսանկարը՝ «ՔՈ Դիլիջան» ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել