Ընտրվելու դեպքում «Հայրենիքը» ստեղծելու է «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատներ եւ հյուրատներ կառուցել․ Արմեն Օրդինյան
13:09 - 13 հոկտեմբերի, 2021

Ընտրվելու դեպքում «Հայրենիքը» ստեղծելու է «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատներ եւ հյուրատներ կառուցել․ Արմեն Օրդինյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։ 

Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։

Արմեն Օրդինյանը, որ գլխավորում է «Հայրենիք» կուսակցության ցուցակը, այս պահին չի աշխատում, կենսաթոշակառու է։ Դիլիջանում Օրդինյանի թիմը քարոզարշավը մեկնարկել է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով։ Մեր զրույցում համայնքապետի թեկնածուն կարծիք հայտնեց, որ քարոզարշավն ընթանում է քաղաքակիրթ ձեւով՝ առանց այլեւայլությունների։ Միայն թե, ինչպես արձանագրեց նա, եւ ինչպես ավելի վաղ մեր զրույցում նշել էին «Քաղաքացու որոշում» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների թեկնածուները, երբեմն նախընտրական պաստառներ պատռելու դեպքեր են եղել։

«Հայրենիքը» քարոզարշավն իրականացնում է Դիլիջանի բնակավայրեր այցելելով եւ բնակիչների հետ զրույցներով։ Infocom-ի հետ զրույցում Արմեն Օրդինյանը նշեց, որ համայնքում ամենատարբեր խնդիրներ կան, որ առաջնահերթ լուծում են պահանջում։ Նա հատկապես առանձնացրեց իրենց ծրագրային այն դրույթը, ըստ որի՝ պատրաստվում են իրականացնել վթարային շենքերի եւ կամուրջների քարտեզագրում, սողանքային հատվածների ամրակայում, վերանորոգման աշխատանքներ, եւ այլն։

«Դիլիջանում 100-ից ավելի բազմաբնակարան շենքեր կան, որոնց շահագործման ժամկետները մոտենում են ավարտին։ 8200-ից ավելի առանձնատների մոտ 20%-ը հիմնանորոգման կարիք ունի․ դրանք դեռ երկրաշարժի ժամանակ են վնասվածքներ ստացել։ Վերջին 30 տարվա մեջ համայնքում բնակարանաշինություն չի իրականացվել։ Այսօր ավելի քան 500 ընտանիք նոր բնակարանի կարիք ունի»,- թվարկեց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ ընտրվելու պարագայում պատրաստվում են այս հարցերին լուծում տալ։

Նա նշեց նաև, որ որոշել են՝ ընտրվելու դեպքում բացելու են «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատուն, հյուրատներ սարքել։ Հիմնադրամի միջոցները պետք է գոյանան բարերաների, քաղաքացիների ջանքերով․ «Ես ինքս արտերկրում շատ ընկերներ ունեմ, որոնք պատրաստ են գալ, ներդրումներ անել։ Մեր կուսակցության ղեկավարն էլ շատ մեծ կապեր ունի։ Բոլորիս էլ պարզ է, որ բյուջեի միջոցներով այս ծրագրերը հնարավոր չէ իրագործել։ Դրա համար ներդրումներ են պետք»,- ասաց Օրդինյանը՝ նշելով, որ Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է, եւ այն բնակիչները, որոնք իրենց տան մի հատվածն են զբաղեցնում, կարող են մյուս մասն էլ որպես հյուրատուն ծառայեցնել՝ այդպիսով լուծելով նաեւ իրենց հանապազօրյա հացի խնդիրը։

Մեր զրուցակիցը խոսեց նաեւ ջրահեռացման համակարգի վերանորոգման եւ արդիականացման իրենց նպատակների մասին՝ նշելով, որ Հովքում նախատեսում են ջրահավաք ավազանի կառուցում, Աղավնավանքում՝ ջրահավաք հզորությունների ավելացում, համայնքի գյուղերում՝ կոյուղու համակարգի անցկացում։ 

Օրդինյանի դիտարկմամբ՝ խնդիրներ կան նաեւ ճանապարհաշինության ոլորտում։ Նրա խոսքով, մասնավորապես, Դիլիջանի կենտրոնական եւ երկրորդական փողոցներն իրականում անմխիթար վիճակում են, դրանց պլանային վերանորոգում են նախատեսում եւ միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհների բարեկարգում եւ ասֆալտապատում։ 

«Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածուն մեր զրույցում խոսեց նաեւ գործազրկության բարձր մակարդակի եւ դրանով պայմանավորված արտագաղթի խնդրի մասին։ Այս առնչությամբ նախատեսում են ավելացնել Դիլիջանի առողջարանային եւ հյուրանոցային ծառայությունների տրամադրման հնարավորությունները, կրկնապատկել գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները եւ այլն։

«Երիտասարդությունն էլ ընդհանրապես զբաղմունքի տեղ չունի, որ մարդիկ գնան, ժամանակ անցկացնեն, լրիվ հեռախոսների մեջ են, ոչ մի ակտիվություն չկա։ Քաղաքում ժամը մեկից հետո մարդ չես տեսնի։ Սրճարաններ կան, որոնք տեղացիների համար ոչ մատչելի են։ Շատ հարցեր կան»,- ասաց Օրդինյանը։

Վերջինս իրենց շանսերը 100 տոկոս է գնահատում եւ ակնկալում բնակիչների քվեն՝ վստահեցնելով իրականացնել իրենց ծրագրերը։

Լուսանկարը՝ «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» ֆեյսբուքյան էջից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել