Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՔՊ ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ Աստղիկ Բեյբության
09:15 - 15 հոկտեմբերի, 2021

Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՔՊ ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ Աստղիկ Բեյբության

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։

Գյումրու ՏԻՄ ընտրություններին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 40 հոգանոց ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Հովհաննես Հարությունյանի հետ կապ հաստատել չհաջողվեց․ Infocom-ը զրուցեց նախընտրական ցուցակի երրորդ համար, Գյումրու ինֆեկցիոն բաժանմունքի տնօրեն Աստղիկ Բեյբությանի հետ։

Վերջինիս գնահատմամբ՝ քարոզարշավը բնականոն հունով է ընթանում։ ՔՊ-ականներն այցելում են Գյումրու թաղամասեր, զրուցում բնակիչների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում Բեյբությանն ու իր թիմակիցներն արձանագրել են, որ քաղաքում բամաթիվ խնդիրներ կան, որոնց մասին բարձրաձայնում են քաղաքացիները՝ ընդգծելով, որ դրանք երկար տարիներ անուշադրության են մատնվել։

Մեր զրուցակցի խոսքով՝  բնակիչները հիմնականում առանձնացնում են թափառող շների, տրանսպորտի խնդիրները․ «Շների մասով նախատեսում ենք ապաստարաններ կառուցել, որպեսզի կարողանանք խնդիրը լուծել։ Բազմիցս նկատել ենք, որ ականջներին դակած է, որ ստերջացված են, բայց մարդիկ բողոքում են, որ շները մեծ խմբերով քայլում են փողոցում»։

Խոսելով տրանսպորտի խնդրի մասին՝ Բեյբությանն ասում է, որ հարցը կարող է լուծվել կառավարության աջակցությամբ. «Տրանսպորտի մասով նախատեսվում է, որ հավանաբար շուրջօրյա կլինի, կանգառները կլինեն կոնկրետ ժամանակացույցով։ Մեր համայնքում կարծեմ 64 նոր ավտոբուսներ կան, և ակնկալում ենք, որ պետության աջակցությամբ դրանք կհամալրվեն»։

Գյումրու անօթևանության խնդիրը, Բեյբությանի կարծիքով, հնարավոր կլինի լուծել համայնքի բյուջեով ու կառավարության աջակցությամբ․ «30 տարվա ընթացքում, իհարկե, անօթևանության մասով խնդիրները լուծվել են որոշակի չափով, բայց հիմա էլ առկա է այդ խնդիրը։ Կարծում եմ՝ կառավարության շնորհիվ ու համայնքի բյուջեի շնորհիվ հնարավոր կլինի վերջապես այս կարծրացած խնդիրը լուծել։ Երբ շրջում ես, տեսնում ես մարդկանց ծանր սոցիալական վիճակը, թե ինչ պայմաններում են ապրում 21-րդ դարում, հոգիդ տակնուվրա է լինում»։

Բեյբությանը հերքում է այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, ըստ որոնց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ընթանում է նախկին արատավոր երևույթների ուղեկցությամբ, վարչական ռեսուրսի կիրառմամբ, թաղային հեղինակությունների ներգրավմամբ։ «Մենք ոչ մի անօրինական գործունեություն չենք իրականացնում, ես դա ձեզ վստահեցնում եմ։ Ինչպես նախատեսված է, նույն կարգով և օրենքով շարժվում ենք։ Շատ մարդիկ շատ բան կարող են ասել։ Ամեն խոսք չի, որ հիմնավորում ունի և իրականությանը համապատասխանում է»։

Նրա խոսքով՝ իրենց նախընտրական ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ «Մենք իշխանություն ենք, և եթե համայնքում ևս կենտրոնացած լինի նույն կուսակցությունը, ավելի հեշտ կլինի համագործակցել, ավելի էֆֆեկտիվ կլինեն աշխատանքները։ Այս պահին եթե կոնկրետ իշխանությունն է առաջադրված և ղեկավարում է մեր քաղաքը, համագործակցությունը կարծես ոչ լիարժեք է ստացվում՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Իսկ հետագայում ավելի հեշտ կլինի համագործակցել, և ի շահ մեր քաղաքի ավելի արդյունավետ կլինեն աշխատանքները»։

Ավագանու թեկնածուն ասում է, որ չի թերագնահատում  նախկինում քաղաքը կառավարած մարդկանց․ «Ամեն դեպքում մենք ավելի եռանդով և ավելի մեծ ոգևորությամբ սպասում ենք, որ փոխելու ենք և օգնելու ենք մեր ժողովրդին։ Կոնկրետ ես  հաճույք եմ զգում, երբ կարողանում եմ ինչ-որ հարցով աջակից լինել և օգտակար լինել։ Դա, իհարկե, իմ մասնագիտությունից էլ է կախված՝ որպես բժիշկ»,- եզրափակեց Աստղիկ Բեյբությանը։

Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։

Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։

«Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

 

Լուսանկարը՝ «Գյումրի՛, ապագա կա՛» ֆեյսբուքյան էջից, ձախից՝ Աստղիկ Բեյբությանը, խոսափողի մոտ՝ համայնքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել